Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինական է դարձել. Վրաստանի սահմանադրական դատարանը հունիսի 30-ին հրապարակել է գրեթե երեք ամիս քննվող գործով վճիռը:
Այսպիսով, դատարանը բավարարել է «Գիրչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք երկար տարիներ ձգտում էին հասնել մարիխուանայի օրինականացմանն ու նարկոքաղաքականության ազատականացմանը:
Դատարանի որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը պատժելի կլինի միայն այն դեպքում, եթե այն վտանգ է ներկայացնում երրորդ անձանց համար: Մասնավորապես, ուսումնական հաստատություններում, տրանսպորտում, մարդկանց կուտակման վայրերում:
Միաժամանակ մարիխուանայի աճեցման և տարածման համար քրեական պատիժը շարունակում է ուժի մեջ մնալ:
Ինչպես դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «դա պայքար էր ոչ թե մարիխուանայի համար, այլ՝ ազատության»:
Անցյալ տարի Վրաստանի սահմանադրական դատարանն ապաքրեականացրել էր մարիխուանայի օգտագործումը՝ որպես պատիժ թողնելով միայն վարչական տուգանքները: Սակայն ակտիվիստները նոր հայց էին ներկայացրել՝ պահանջելով չեղարկել վարչական պատասխանատվությունը: