Մարտի 26-ի առավոտյան Վրաստանի արևմուտքում գտնվող Չիատուրիի լեռնահանքային կոմբինատի Շուքրութիի հանքավայրում փլուզում է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 45-ամյա լեռնագործ բանվոր Զազա Աբրամիշվիլին: Նրա մարմինը փրկարարների կողմից հայտնաբերվել է 6 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում:
Շուքրութիի հանքավայրում աշխատող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել արևածագին: Ըստ նախնական տեղեկության՝ փլուզվել է հանքահորի վերին հատվածի մի մասը, և լեռնագործ բանվորներից մեկը հայտնվել է հանքի փակ հատվածում: Ավելի ուշ՝ փրկարարական աշխատանքների լիակատար ավարտից հետո, ընկերությունը դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտարածի:
Մետաղագործների, քիմիկոսների և հանքափորների արհմիությունների տեղեկատվության համաձայն՝ տարածքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, վթարային էր, սակայն ղեկավարությունն, այնուամենայնիվ, ստիպում էր աշխատել: Նրանք կարծում են, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչու էր այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, վատ ամրացված և ինչու է բրիգադն աշխատելիս եղել բաց լեռնային զանգվածի տակ:
Ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել՝ ՔՕ 240-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է արտադրությունում անվտանգության նորմերի խախտման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին:
Աշխատանքային անվտանգության նորմերի խախտումների հետևանքով Վրաստանում վերջին 5 տարում մահացել է 270 մարդ, հազարից ավելին խեղումներ են ստացել: Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ և շարժումներ պահանջում են աշխատանքային անվտանգության նորմերի խստացում: Եվրամիության առջև Վրաստանի ստանձնած պարտավորություններից մեկն, ինչպես նշված է ստորագրված ասոցացման պայմանագրում, աշխատանքի տեսչության ստեղծումն է:
Իշխանությունները չեն հերքում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, սակայն տարբեր պատճառներով հարցի լուծումը ձգձգվում է: