Վրաստանում դատապարտյալների ազգականներին հոգևոր աստիճան են շնորհում
«Աստվածաշնչյան ապահովում»․ այսպես է կոչվում նոր կրոնական կազմակերպությունը, որը պաշտոնապես գրանցվել է փետրվարի 7-ին։ Այն յուրօրինակ ծառայություններ է առաջարկում՝ դատապարտյալների հարազատներին հոգևորականի աստիճան է շնորհում։ Դա նրանց հնարավորություն կտա առանց խնդիրների այցելել բանտում գտնվող իրենց հարազատներին․ հոգևորականներն ունեն նման թույլտվություն։ Այս մասին գրել է «Նեթգազեթի» պարբերականը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հոգևորականներն ավելի հեշտությամբ կարող են այցելել դատապարտյալներին։
«Աստվածաշնչյան ապահովում» կազմակերպությունը, որն այսօրվանից սկսում է գործունեություն ծավալել, հիմնել է փաստաբան Ալեքսանդր Կոբայիձեն։ Նրա խոսքով՝ նախագիծը կարևոր է ոչ միայն նրանով, որ կհեշտացնի հարազատների հանդիպումները միմյանց հետ, այլև կնպաստի նրան, որ բանտարկյալները չկտրվեն հասարակությունից։
«Մենք հեշտացրել ենք անազատության մեջ գտնվելու պայմանները։ Այժմ ազգականներն ու ընդհանրապես բոլոր ցանկացողները կարող են առանց որևէ խնդրի հանդիպել պատիժ կրող անձանց որպես հոգևոր աստիճան ունեցողներ»,- ասում է Կոբայիձեն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում կրոնական կազմակերպություն է գրանցվում կրոնի հետ կապ չունեցող նպատակների իրականացման համար։
2017թ-ի ապրիլին «Գիրչի» քաղաքական շարժումը «Վրաստանի քրիստոնեական, բողոքական եկեղեցի։ Աստվածաշնչյան ազատություն» անվամբ կրոնական կազմակերպություն էր գրանցել, որի նպատակն օրինական հիմքերով ցանկացողներին զինապարտությունից ազատելն էր։
Կազմակերպությունը հետևյալ սխեմայով է գործում․ զինակոչիկին վկայական է տրվում, որ նա հոգևորական է՝ նշված եկեղեցու սպասավոր, ինչի հիման վրա նրան ազատում են բանակում ծառայելուց, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, հոգևորականներին և ճեմարանների սաներին տարկետում է տրամադրվում։
«Գիրչիի» սցենարն աշխատում է։ Շարժման օգնությանն ահագին մարդ է դիմել, որոնք չեն ցանկանում ծառայել բանակում։ Ըստ «Գիրչիի» տվյալների՝ Վրաստանում այդ «հոգևորականների» թիվը հասնում է արդեն ավելի քան երեք հազարի։ Կազմակերպությունը պատրաստվում է «գարնանային զորակոչին»։ Հոգևորականի աստիճան ստանալու համար «Աստվածաշնչյան ազատությունում» անհրաժեշտ է վճարել 50 լարի։ Եվս 50 լարի արժե զինկոմիսարիատին տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկանքը։