Վրաստանում գրեթե 30 հազար երեխա զրկված է օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորությունից՝ UNICEF
ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալներով՝ համավարակը հսկայական ազդեցություն է գործել երեխաների և դեռահասների վրա։ Դրա առջև հատկապես անպաշտպան են երեխաները, որոնց ընտանիքների բնակտարածքը չի հերիքում, նրանք ապրում են առանց սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման։
Ըստ այդ կազմակերպության տվյալների՝ Վրաստանում 29 800 երեխա հնարավորություն չունի պարբերաբար օճառ օգտագործելու և ապրում է տներում, որտեղ ջուր չկա։ Այդ երեխաները կազմում են համաճարակի բարձր ռիսկի խումբը։
UNICEF–ն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ մարտի 2–ից վրացի դպրոցականները կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցել են հեռավար ուսուցման։ Սակայն ուսումնական առցանց գործընացի որակը թույլ ինտերնետի պատճառով զգալիորեն տուժում է։
Ավելին, ըստ կազմակերպության տվյալների՝ 3-17 տարեկան 50 400 երեխա տանը չունի ոչ համակարգիչ, ոչ համացանցին միանալու հնարավորություն։ Արդյունքում՝ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ երեխաների մի մասը կարող է իր ավելի ապահովված համադասարանցիներից հետ ընկնել։
UNICEF–ի հաշվետվությունում ասվում է նաև այն մասին, որ Վրաստանում երեխաներին հատկացվող բուժօգնության արդյունավետությունը նույնը չէ բոլորի համար։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում հատկապես ծանր վիճակում կարող են հայտնվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն, ասված է փաստաթղթում։
«Մենք պետք է ձգտենք հավասար պայմաններ ստեղծել բոլոր երեխաների համար այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են կրթությունն, առողջապահությունը, սանիտարա–հիգիենիկ նորմերը», — ասում է Վրաստանում UNICEF–ի ներկայացուցիչ Հասան Խալիլին։
Մանկական աղքատությունը շարունակում է Վրաստանի ամենասուր մարտահրավերներից մեկը լինել։ Ըստ UNICEF–ի անցկացրած հետազոտության՝
● մինչև հինգ տարեկան երեխաների 64 տոկոսը խաղում է խանութից գնված խաղալիքներով։ 94 տոկոսը՝ կենցաղային իրերով, որոնք գտել են փողոցում։
● Երեխաների 12 տոկոսը խաղալիք չունի, նրանք խաղում են ինքնաշեն խաղալիքներով։
● Երեխաների 44 տոկոսն անգամ երեք մանկական գիրք չունի։
● Մինչև հինգ տարեկան երեխաների վեց տոկոսը քաշի խնդիր ունի։
● Երեխաների վեց տոկոսի հասակը բավարար չէ։
● 6–23 ամսական երեխաները սննդի՝ խորհուրդ տրվող ութ խմբից ստանում են ընդամենը հինգ խումբ։
● Բազմազան սննդակարգ երեխաների համար հաջողվում է ապահովել քաղաքներում։ Շրջաններում իրավիճակը զգալիորեն ավելի վատ է։
● Մանկական սննդակարգի նվազագույն բազմազանություն է գրանցվել Ջավախքում։