«Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
Վրաստանում գնահատում են Հայաստանի ընտրությունները
Վրացի վերլուծաբանները մեկնաբանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում՝ նշելով, որ դրա արդյունքում Մոսկվան կորցրել է ևս մեկ կարևոր դիրք տարածաշրջանում։ Նրանք կարծում են, որ հայ ընտրողները նախապատվությունը տվել են երկրի՝ դեպի Արևմուտք և եվրոպական ինտեգրում ուղղությանը։ Մեկնաբանները ընտրությունների արդյունքները բնութագրում են որպես «Ռուսաստանի ևս մեկ աշխարհաքաղաքական պարտություն»։
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 49.81%-ը, մինչդեռ գործարար Սամվել Կարապետյանի ռուսամետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 23.29%-ով։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը երրորդ տեղում է՝ ձայների 9.94%-ով։

Թամթա Միքելաձե, Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն.
«Այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի համար դժվարին քաղաքական և սոցիալական համատեքստում։
Պատերազմը, դրա պատճառած տրավման և ծանր կորուստները, Փաշինյանի առաջարկած նոր՝ խաղաղության և զարգացման ծրագիրը, ինչպես նաև հայկական ինքնության և ազգայնականության վերագնահատման նրա փորձը ստեղծեցին զգալի բևեռացում և սոցիալական անհանգստություն հայ հանրության մեջ։
Ակնհայտ է, որ այս տրավմաները, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության և աշխարհաքաղաքական երաշխիքների շուրջ անորոշությունը, Ռուսաստանի և նրա դաշնակից քաղաքական ուժերի կողմից արդյունավետորեն շահագործվեցին Փաշինյանի դեմ։
Ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանն այդ զարգացումներին։
Մի կողմից՝ նա կոշտ միջոցներ ձեռնարկեց ռուսամետ քաղաքական գործիչների դեմ, մյուս կողմից՝ կոնֆլիկտի մեջ մտավ եկեղեցու ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված խմբերի հետ։ Նույնիսկ ընտրություններից հետո նրա հայտարարությունները ցույց են տալիս, որ կառավարությունը չի բացառում հակառակորդների հանդեպ իր կոշտ քաղաքականության շարունակությունը։
Միևնույն ժամանակ, նա ակտիվ քարոզարշավ անցկացրեց և փորձեց անկեղծ պատասխաններ տալ բոլոր դժվար հարցերին։ Ռուսաստանի քաղաքական և տեղեկատվական ճնշման տակ նա փորձեց խուսափել բախումից՝ միաժամանակ մեծածավալ հանդիպումներ անցկացնելով մարզերում և կիրառելով ընտրողների հետ անմիջական շփման վրա հիմնված ռազմավարություն։
Նրա կոշտ մոտեցումը հակառակորդների նկատմամբ քաղհասարակության մեջ մտահոգություններ է առաջացրել, որ անվտանգության հետ կապված մտահոգությունների և քաղաքական հակամարտությունների պայմաններում Հայաստանում իշխանության չափազանց կենտրոնացման և ժողովրդավարական չափանիշների անկման վտանգ կա։ Հենց սա է պատճառը, որ, ըստ ներկայիս տվյալների, Փաշինյանի աջակցությունը Երևանում համեմատաբար թույլ է եղել։ Միևնույն ժամանակ, երիտասարդների զգալի մասը մնում է քաղաքականապես օտարված և անտարբեր՝ ստեղծելով լրացուցիչ դժվարություններ քաղաքական մոբիլիզացիայի համար։
Այս բարդ քաղաքական և աշխարհաքաղաքական միջավայրում ընտրություններից հետո ձեռքբերված արդյունքը Փաշինյանի համար նշանակալի քաղաքական նվաճում է։
Այնուամենայնիվ, հայ հասարակությունը դեռ պետք է անցնի բարդ փոխակերպման գործընթացներով։
Հատկապես կարևոր է, որ Փաշինյանն այժմ կարողանա, մի կողմից, պաշտպանել Հայաստանը Ռուսաստանի ուղիղ կամ անուղղակի քաղաքական ազդեցությունից և դրան առնչվող ռիսկերից, իսկ մյուս կողմից՝ կատարել ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ իր խոստումները և վերականգնել քաղաքացիական հասարակության և երիտասարդների վստահությունը։
Կա ևս մեկ լուրջ մարտահրավեր։ Հաշվի առնելով, որ կառավարությունը չի կարողացել ապահովել բավարար քաղաքական ռեսուրսներ լայնածավալ սահմանադրական փոփոխություններն անխոչընդոտ իրականացնելու համար, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ինչ հեռանկարներ կան սահմանադրական փոփոխությունների համար։
Ավելին, առաջիկա տարիներին Փաշինյանի կառավարության համար կարևոր խնդիր կլինի հասարակության քննադատաբար տրամադրված խմբերի հետ երկխոսություն վարելը ինչպես Հայաստանի նոր արտաքին քաղաքականության կուրսի, այնպես էլ երկրի համար նոր ինքնության/ազգային նախագծի ձևավորման վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կորուստը և Փաշինյանի՝ այդ իրականության քաղաքական և դիսկուրսիվ ընդունումը կասկածի տակ են դրել հայկական ազգային նարատիվի կենտրոնական տարրերից մեկը։
Հետևաբար, մեծ մարտահրավեր է մնում նոր քաղաքական և հանրային դիսկուրսի ձևավորումը այն մասին, թե ովքեր են հայերը և ինչ է իրենից ներկայացնում նոր ազգային նախագիծը, որը կարժանանա լայն հանրային աջակցության։
Այս գործընթացի հաջողությունը զգալիորեն կախված կլինի Հայաստանի քաղաքական կայունությունից, ինչպես նաև 2018 թվականից հետո ձևավորված ժողովրդավարական քաղաքական նախագծի երկարաժամկետ կայունությունից»։

Դավիթ Զուրաբիշվիլի, քաղաքական մեկնաբան.
« Հայաստանում Ռուսաստանի պարտությունն իսկապես պատմական իրադարձություն է.
Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վրացական կառավարության դիրքորոշումը, որի էությունը կարելի է արտահայտել քարոզչությամբ զբաղվող լրագրողներից մեկի արտահայտությամբ՝ «եթե համաձայնության չգաք Ռուսաստանի հետ, ձեր վերջը եկել է»: Դա տարրական անախրոնիզմ է և պատմության անիվը հետ պտտելու փորձ։
Ես բացարձակապես տպավորված չեմ վրացական ընդդիմությամբ, և մեծամասամբ համաձայն չեմ նրանց դիսկուրսիվ նարատիվների հետ, բայց մի բան հաստատ գիտեմ. պատմության անիվի դեմ պայքարել հնարավոր չէ։ Այսօր վրացական կառավարությունը գտնվում է պատմության անիվի հակառակ կողմում, այսինքն՝ սխալ կողմում, իսկ ընդդիմությունը՝ ճիշտ կողմում։
Ի վերջո, միևնույն է՝ անիվը կհաղթի»։

Էկա Գիգաուրի, «Transparency International Georgia»-ի տնօրեն.
«Շնորհավորում եմ Հայաստանին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ։ Սա հսկայական քայլ է դեպի Արևմուտքի և զարգացած ժողովրդավարական աշխարհի հետ հետագա մերձեցում։ Հայաստանը կստանա առանց վիզայի մուտքի իրավունք դեպի Եվրամիություն և կսկսի անդամակցության բանակցություններ։
Եվ սա այն դեպքում, երբ Բիձինա Իվանիշվիլին արգելում է Վրաստանին ընթանալ այդ ճանապարհով և հեռացնում մեզ պատմական գործընթացից, որին աջակցում է մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։
Հայաստանում կայացած ընտրություններից հետո Վրաստանը մնում է Հարավային Կովկասի միակ երկիրը, որի կառավարությունն այլևս չի ընկալվում որպես Արևմուտքի գործընկեր։ Ավելին, իշխող կուսակցությունը հաճախ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես թշնամիներ։
Սա այն իրականությունն է, որում մենք հայտնվել ենք այսօր, և որի հետ մենք պետք է առերեսվենք։ Ընտրությունը պարզ է. կամ մենք փրկում ենք մեր երկիրը և նրա եվրաատլանտյան ապագան, կամ վերածվում ենք ռուսական գաղութի՝ կախված չինական պարտքից, գաղութ, որտեղ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերը գերակա կլինեն Վրաստանի ազգային շահերի նկատմամբ։
Սա հենց այն ապագան է, որը Բիձինա Իվանիշվիլին առաջարկում է Վրաստանին։ Դա նրա և Պուտինի երազանքն է Վրաստանի համար, որը նա անվանում է «վրացական երազանք»։
Ակնհայտ է, որ դա Վրաստանի իրական ձգտումը չէ։ Դա նրա թշնամիների երազանքն է։
Վրաց ժողովրդի երազանքն ու ձգտումը ազատ, եվրոպական, ժողովրդավարական և անկախ Վրաստանն է, որտեղ պետությունը ծառայում է իր քաղաքացիներին, որտեղ տարեցները դժվարություն չունեն բարձր արյան ճնշման դեղորայք ձեռք բերելու հարցում, որտեղ երեխաները ստիպված չեն օգնություն խնդրել կյանքի և առողջության հետ կապված հարցերում, որտեղ երիտասարդներն ապագայի հույսեր ունեն, որտեղ որակավորված մասնագետները կարող են գտնել արժանապատիվ աշխատանք, և որտեղ Վրաստանը Եվրամիության լիիրավ անդամ է։
Սա Վրաստանի ապագան է, որի համար իսկապես արժե պայքարել։ Հայաստանի ժողովրդին հաջողվեց հասնել դրան, մենք նույնպես կարող ենք»։

Գիա Խուխաշվիլի, փորձագետ.
«Փաշինյանի հաղթանակից և Հայաստանի զարգացման վեկտորի` դեպի Եվրոպա անդառնալի տեղաշարժից հետո Ռուսաստանին Կովկասում մնացել է միայն մեկ հաղթաթուղթ՝ Վրաստանի կառավարությունը, որը նա անպայման կփորձի շահագործել։
Այլևս տեղ չկա մանևրելու, «խորքային պետության», «պատերազմի կանխման», «երկրորդ ճակատի» և հազարավոր այլ քաղաքական հնարքների մասին քարոզչական նարատիվներով մարդկանց ուղեղները լվանալու համար։
Հիմա ամեն ինչ կախված է ձեզանից. կխրվե՞ք, այսպես կոչված, «իմաստուն» «անվտանգության հայեցակարգի» շրջանակներում Կրոնշտադտում փորված քաղաքական գերեզմանի մեջ, թե՞ այդ վնասակար ուսմունքը կնետեք աղբանոցը, թեկուզ միայն ձեր սեփական կաշին փրկելու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում գնահատում են Հայաստանի ընտրությունները