Վրաստանը համաճարակի դեմ պայքարի համար օգտագործում է գազապահեստի շինարարության գումարը
Կիսվել
Կիսվել
Գազապահեստի շինարարության համար Գերմանիայի զարգացման բանկի (KFW) տրամադրած 150 մլն եվրոյի մեծ մասը Վրաստանն օգտագործում է COVID-19–ի համաճարակի պատճառով առաջացած խնդիրների լուծման համար։ Խոսքը 120 մլն եվրոյի մասին է։
Նույն կերպ Աջարիայում ջրամատակարարման բարելավման համար տրամադրված 60 մլն եվրոն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։
Այս միջոցները Վրաստանը ստացել է KFW–ից օգնության տրամադրման մասին պայմանագրի շրջանակում, որը ստորագրվել է 2018 թ–ին Գերմանիայի կանցլերի թբիլիսյան այցի արդյունքում։ KFW–ի ղեկավարությունը համաձայնել է Վրաստանի կառավարության որոշմանը տրամադրված փողի մի մասը համավարակի դեմ պայքարի համար օգտագործելու մասին։
Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան պնդում է, որ գազապահեստի շինարարության նախագծին ոչինչ չի սպառնում։ Նրա խոսքով՝ Վրաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի շինարարության առաջին փուլը ժամանակին սկսելու համար, ինչի համար կես տարի կպահանջվի, այնուհետև ռեսուրսներ կգտնի նախագիծը մինչև 2024–ն ավարտելու համար։ Նա համոզված է, որ միջազգային ֆինանսական ինստիտուտները կօգնեն Վրաստանին, քանի որ նախագիծը շատ կարևոր է։
Գազապահեստի շինարարությունը Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչներից մեկն է։ Օբյեկտը շահագործման հանձնելու ժամկետը 2023 թվականն է։
Վրաստանը բնական գազի սեփական պաշարներ գրեթե չունի․ սեփական գազի ծավալները ավելի քիչ են, քան սպառման ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։
Վրաստանին բնական գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է։ Այլընտրանքը Ռուսաստանն է, որից Վրաստանը գազ է գնում ձմռանը։ Սակայն Ռուսաստանն էներգետիկ հարցերը բազմիցս օգտագործել է որպես քաղաքական լծակ։ Գազապահեստը Վրաստանին կօգնի ամռանը գազի պաշարներ կուտակել և օգտագործել ձմռանը՝ Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելով։
Աշխարհում գոյություն ունեցող ավելի քան 700 գազապահեստներից 3–ը Հարավային Կովկասում են գտնվում, մեկը՝ Հայաստանում, երկուսն՝ Ադրբեջանում։
Վրաստանում գազապահեստի շինարարության նախագիծը ներկայացվել է դեռ 2014 թ–ի հոկտեմբերին «Գործընկերային հիմնադրամի» կողմից, դրա ընդհանուր արժեքը 250 մլն եվրո է գնահատվում։ Նախագծի համաձայն՝ օբյեկտը կկառուցվի Թբիլիսիից ոչ հեռու, այն ի վիճակի կլինի 400 մլն կուբամետր գազ պահուստավորել, ինչը ողջ Վրաստանի գազի տարեկան ընդհանուր սպառման 10-15 տոկոսն է։