Վրաստանում արտակարգ դրություն է մտցվում
Վրաստանի կառավարությունը դիմել է նախագահին՝ առաջարկելով ողջ երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնել մեկ ամսով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Արտակարգ դրության դեպքում կառավարությունը ստանում է մի շարք լրացուցիչ իրավունքներ.
— մեկուսացման կանոնների խախտման դեպքում հանցագործին հարկադրաբար տեղափոխել կարանտին, նրա նկատմամբ ձեռնարկել նման դեպքերում նախատեսված պատժամիջոցները
— սահմանափակումներ մտցնել օդային, ծովային, ցամաքային սահմաններ հատելիս, որոնք չեն առնչվում բեռների փոխադրման հետ
— պահպանել հատուկ կանոններ և պայմաններ հանրային ծառայության և վարչական գործունեության համար
— կառավարությանը իրավունք է տրվում հատուկ դեպքերում, որոնք կապված են կարանտինի, մեկուսացման, բժշկական առաջադրանքների հետ, օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային և այլ նյութական միջոցներ
— արգելվում են միաժամանակ ավելի քան 10 մարդու հավաքները
— կառավարությունը լիազորված է սահմանափակել մասնավոր սուբյեկտների և կազմակերպությունների գործունեությունը կամ նրանց հրահանգել կոնկրետ գործունեություն իրականացնել
— անհրաժեշտության դեպքում կառավարությունը ստանձնում է դեղամիջոցների, բժշկական ծառայության և առաջին անհրաժեշտության ապրանքների գների կարգավորումը
— կառավարությունը կրթության ոլորտում կարող է սահմանել ժամանակավոր կանոններ, որոնք տարբերվում են օրենքով սահմանված կանոններից
— անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է հայտարարել բժշկական կրթություն և բժշկության ոլորտում աշխատելու իրավունք ունեցող անձանց մոբիլիզացիայի մասին
— դատական լսումները կարող են անցկացվել հեռակա կարգով:
Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը: Հակառակ դեպքում կգործեն վարչական միջոցներ, ներառյալ տուգանքները՝ ֆիզիկական անձանց համար 3 հազար լարի (մոտ հազար դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի: Կրկնակի խախտումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության՝ ազատազրկում մինչև 3 տարի:
Հայտարարվում է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիային հակազդելու համար:
Մարտի 20-ի դրությամբ Վրաստանում կա կորոնավիրուսով վարակված 47 մարդ, 1966-ը գտնվում են կարանտինում, ստացիոնար հսկողության տակ են 259-ը: