Վրաստանում ավելի քան 10 հազար երեխա երբեք դպրոց չի հաճախել
Վրաստանում 6-16 տարեկան 10 404 դեռահասներ երբեք դպրոց չեն գնացել, հաղորդել են երկրի կրթության նախարարությունում։
Այդ երեխաները բնակչության 1,7 տոկոսն են կազմում։ Նրանք ոչ միայն որևէ կրթություն չունեն, նրանք ընդհանրապես չկան Վրաստանի կրթական համակարգի տեղեկատվական բազայում։
Դպրոց չհաճախող երեխաների և դեռահասների հայտնաբերման պետական ծրագիրն առաջին անգամ երկրում հաստատվել է 2020 թ․ սեպտեմբերին։ Մինչ այդ՝ երեխաները փաստացի անտեսանելի են եղել, հետևաբար, կրթական համակարգում նրանց վերաներառման մեխանիզմ էլ չի եղել։
Այժմ, երբ նախարարությունն ավարտել է կրթությունից զրկված երեխաների գրանցման աշխատանքը, նոր փուլ է սկսվում։ Կրթության նախարարության աշխատակիցները կապվելու են ծնողների, խնամակալների և/կամ տվյալ ցուցակում ներառված յուրաքանչյուր երեխայի օրինական ներկայացուցիչների հետ և նրանցից յուրաքանչյուրի խնդրին անհատական լուծում են տալու։
«Մեր նպատակը հետևյալն է․ կա՛մ երեխաները դպրոց են գնալու, կա՛մ նրանց առաջարկվելու են հատուկ կրթական ծառայություններ։ Այս աշխատանքում կներգրավվեն սոցիալական աշխատողներ և դատական կարգադրիչների ծառայությունը», — նշել են նախարարությունում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 61 միլիոն երեխա ողջ աշխարհում կրթություն չի ստանում։