Վրաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են ընդլայնել համատեղ զորավարժությունները
Բաթումիում կայացել է հինգերորդ մինիստերիալը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների գլխավորությամբ:
Ինչպես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, եռակողմ հանդիպման ընթացքում համատեղ զորավարժություններն ընդլայնելու համաձայնություն է ձեռք բերվել:
«Մեզ մոտ համատեղ զորավարժությունների, համատեղ կրթական ծրագրերի իրականացման 10-ամյա դրական փորձ է կուտակվել: Այս տարի համատեղ զորավարժություններն ավելի լայն ձև կունենան. երկու շաբաթ անց կսկսվեն մեր օպերատիվ ուժերի համատեղ զորավարժությունները, իսկ սեպտեմբերին կանցկացվեն համատեղ համակարգչային-շտաբային զորավարժություններ: Մենք դիտարկել ենք ապագայում տվյալ ձևաչափի ընդլայնման հարցեր: Նման համագործակցության բարձր որակը մեծ նշանակություն ունի մեր երկրների բնակչության անվտանգության, հավակնոտ տնտեսական նախագծերի իրականացման համար», — հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիքը հայտարարել է, որ բոլոր երեք պետությունները համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են, քանի որ նրանց տարածքով է անցնում տրանսպորտային-էներգետիկ միջանցքը, ընդ որում, երեք երկրներն էլ օրինակելի միջպետական հարաբերություններ ունեն, և նրանց համագործակցությունը ծայրահեղ կարևոր է ողջ կովկասյան տարածաշրջանի համար: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նույնպես ընդգծել է, որ եռակողմ ձևաչափն ուղղված է տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Կողմերն ուշադրությունը սևեռել են փոխադարձ հարգանքի և պետությունների տարածքային ամբողջանակությունը ճանաչելու վրա:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը նախարարությունների մակարդակով սկսվել է 2012թ-ին: Ներկայիս մինիստերիալը թվով հինգերորդն է, և Վրաստանն այն ընդունում է երկրորդ անգամ: