Վրաստանի վարչապետ․ Ռուսաստանը խոչընդոտում է Թբիլիսիի խաղաղ նախաձեռնություններին
«Վրաստանի կառավարությունը վստահաբար կողմ է արտահայտվում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն։ Իսկ Ռուսաստանը, ցավոք, կրկին փորձում է խոչընդոտներ ստեղծել մեր խաղաղ նախաձեռնություններին», — այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Special Reports հաղորդման հաղորդավար Բրեթ Բայերին Fox հեռուստաընկերության եթերում։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը և շարունակում է իրականացնել Վրաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը։
«Շատ վրացիներ են ստիպված եղել լքել օկուպացված տարածքների իրենց տները։ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի երկու պատմական տարածաշրջան։ Վրաստանի կառավարությունը, բնականաբար, խստորեն հետևում է հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին։ Ցավոք, Ռուսաստանը կրկին ձգտում է խոչընդոտներ ստեղծել մեր խաղաղարար նախաձեռնություններին», — հայտարարել է վարչապետը։
«Նախագահ Թրամփի քննադատները կարծում են, որ նա բավականաչափ խստություն չի ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դուք ի՞նչ եք կարծում», — վարչապետին հարցրեց հաղորդավարը։
Բախտաձեն հայտարարեց, որ նա միայն ողջունում է Պուտինի հետ երկխոսություն վարելու նախագահ Թրամփի որոշումը, քանի որ, ըստ նրա, երկխոսությունն այլընտրանք չունի։
«Թեև պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային համատեքստը, քանի որ անկայունության և, հետևաբար, մարտահրավերների խնդիրը սրվում է։ Սակայն միաժամանակ Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղղակի երկխոսությունն արգասաբեր և դրական քայլ է», — ընդգծել է Մամուկա Բախտաձեն։
• Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 16-ին։ Սա նրա առաջին այցն է ԱՄՆ։
• 36-ամյա Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետ է դարձել 2018թ-ի հունիսի 20-ին այն բանից հետո, երբ իր նախորդը՝ Գիորգի Կվիրիկաշվիլին, հրաժարական էր տվել «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ և երրկրի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ հակասությունների պատճառով։