Վրաստանի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. սովորական հանդիպում չէր
Ղարիբաշվիլիի հանդիպումը Ստոլտենբերգի հետ
Մայիսի 18-ին Բրյուսելի իր նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Սակայն այս հանդիպմանը նախորդել է խառնաշփոթ իրավիճակ:
Հանդիպումը նախատեսված էր մայիսի 18-ին, բայց այդ օրն առավոտյան ՆԱՏՕ-ի կայքում հայտնվեց հանդիպման չեղարկման մասին տեղեկություն։ Գրառման մեջ չեղարկելու պատճառը նշված չէր:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության, ինչպես նաև պետական լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հանդիպումները չեղարկվել են գլխավոր քարտուղարի առողջական վիճակի պատճառով (Ստոլտենբերգի մոտ իսկապես ասիմպտոմ կորոնավիրուս էր ախտորոշվել, բայց դա տեղի էր ունեցել մայիսի 10-ին և, ըստ Եվրոպական պրոտոկոլների, մեկուսացման ժամկետը լրացել էր մայիսի 15-ին-JAMnews) .
Ստոլտենբերգի հիվանդության մասին «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հայտարարություններին զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի կայքում հայտնվեց նրա լուսանկարը Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների հետ, որոնց նա հանդիպել է հենց մայիսի 18-ին։
Շուտով ՆԱՏՕ-ի կայքը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց Ղարիբաշվիլիի և Ստոլտենբերգի հանդիպման կարգավիճակը։
«Չեղարկված»-ի փոխարեն կրկին հայտնվեց «պլանավորված» կարգավիճակը։
Օրվա վերջում հանդիպումն ի վերջո կայացավ։
Կայքում հրապարակվեցին հանդիպման լուսանկարները:
Ստոլտենբերգը թվիթերում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են «Ռուսաստանի անօրինական պատերազմն Ուկրաինայում»։
Met Prime Minister @GharibashviliGe of #Georgia, NATO’s close partner. We addressed #Russia’s illegal war in #Ukraine. #NATO fully supports every nation’s sovereignty, territorial integrity & the right to choose its own path, including Georgia’s Euro-Atlantic aspirations. pic.twitter.com/w7mHSjIVyM
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) May 18, 2022
«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին ընտրելու իրավունքին, այդ թվում՝ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը վերահաստատվել են Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական առաջնահերթությունը, ինչպես նաև Վրաստանի դերը՝ որպես Դաշինքի ուժեղ և վստահելի գործընկեր։
«Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի առաջընթացն ու ձգտումները պատշաճ կերպով կարտացոլվեն հետմիութենական որոշումներում՝ ինչպես երկրի ձգտումներին քաղաքական աջակցության, այնպես էլ նրա գործնական կարողությունների ամրապնդման տեսանկյունից»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Կառավարությունը նաև ընդգծել է, որ կողմերը քննարկել են Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման վերաբերյալ հարցերն ու ակնկալիքները։ Վարչակազմի տվյալներով՝ զրույցը նվիրված է եղել տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և Ուկրաինայում ընթացող պատերազմին, ինչի կապակցությամբ վարչապետը վերահաստատել է վրաց ժողովրդի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս շաբաթ Բրյուսելում է՝ քննարկելու Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված հարցեր։