Վրաստանի ոստիկանությունը 2 միլիոն լարիի չափով տուգանել է արտակարգ դրությունը խախտողներին
Արտակարգ դրության կանոնների խախտման համար Վրաստանի ՆԳՆ-ն ապրիլի 1-ին և 2-ին տուգանել է 706 մարդու՝ 2 միլիոն 130 հազար լարի ընդհանուր գումարով (մոտ 700 հազար դոլար)։ Խախտումների թվում են՝ խանութներում և դեղատներում 2 մետր սոցիալական հեռավորություն չպահպանելը, 3 և ավելի հոգով հավաքվելը, պարետային ժամի պահանջներին չենթարկվելը։
Ամրիլի 3-ին ժամը 10։00-ի տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիուսով վարակման 148 դեպք։ Կարանտինում է 5550 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 281 մարդ։ 27 հիվանդ ապաքինվել է։
Կառավարության որոշմամբ՝ պանդեմիային հակազդելու համար Վրաստանում մարտի 31-ից մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է սահմանվել և պարետային ժամ է գործում։
Արգելված է երեք և ավելի հոգով հավաքվել՝ բացառությամբ խանութների և դեղատների, որտեղ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել։ Դադարեցված է հանրային տրանսպորտի բոլոր տեսակների, այդ տվում՝ մետրոյի, միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Արգելքը որոշակի սահմանափակումներով չի վերաբերում միայն մասնավոր ավտոմեքենաներին և տաքսիներին։ Արգելված է առցանց առևտուրը՝ բացառությամբ մթերքի և սննդամթերքի։
70 տարեկանից բարձր անձինք տնից կարող են դուրս գալ միայն մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն։
- Մառնեուլին՝ համաճարակային պայթյունի սպասելիս։ Ինչպես է ապրում փակ քաղաքը
- Վրաստանում համընդհանուր կարանտին է
Արտակարգ դրության խախտումը պատժվում է վարչական տուգանքով. ֆիզիկական անձինք վճարում են 3 հազար լարի (մոտ 1000 դոլար), իրավաբանական անձիք՝ 15 հազար լարի (շուրջ 5 հազար դոլար)։