Վրաստանի ՆԳՆ ղեկավար․ ՀԷԿ-ի շինարարության պատճառով բախումները Պանկիսիում կասեցված են
Պանկիսիի կիրճի համայնքի ներկայացուցիչների և իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով՝ ՀԷԿ շինարարությունը, որի պատճառով տեղացիների և ոստիկանության հատուկ ջոկատայինների միջև բախումներ էին սկսվել, կշարունակվի միայն այն դեպքում, «եթե դրան աջակցի բնակչության 90%-ը»։
«Այս պահին մենք բոլորս պետք է կանգ առնենք, հանդարտվենք, մենք պետք է պարզենք, թե որտեղ ենք սխալ թույլ տվել, ով է այն թույլ տվել և ով է մեղավոր։ Մենք պետք է կանգ առնենք և շարունակենք խոսակցությունը», — ասել է Գախարիան։
Միաժամանակ նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ոստիկանության դեմ ուժ են կիրառել, պետք է պատժվեն։
Срочно! Сейчас в Панкиси!!! Резиновые пули, слезоточивый газ. Столкновение местных жителей с силами МВД. Люди гонят спецназ из своих сел. Противостояние началось утром после попытки властей продолжить строительство ГЭС без переговоров с местным населением.
Posted by Пограничная ZONA on კვირა, 21 აპრილი, 2019
Ապրիլի 21-ին Պանկիսիի կիրճում բախում էր տեղի ունեցել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և տեղի բնակիչների միջև։ Կոնֆլիկտի պատճառը կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների մեկնարկն էր դարձել։ Տեղի բնակիչները քարեր էին նետել հատուկ ջոկատայինների վրա, ոստիկաններն ի պատասխան արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել։
ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել էր 27 մարդ, նրանցից 12-ը տեղի բնակիչներ են, 15-ը՝ ոստիկան։ Այրվել է մի քանի ոստիկանական մեքենա։
Իշխանության և Պանկիսիի համայնքի ներկայացուցիչների միջև բանակցությունները Թելավիում մի քանի ժամ են տևել։
Պանկիսիում Խադորի-3 ՀԷԿ—ն է կառուցվում։ Տեղացիները դեմ են շինարարությանը․ նրանք պնդում են, որ դա վնասելու է կիրճի էկոլոգիական վիճակին։
Մի քանի օր առաջ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Պանկիսի էին այցելել և խոստացել լուծել բոլոր վիճելի հարցերը, սակայն շինարարական աշխատանքները սկսվել էին՝ չնայած դրան։ Տեղի ակտիվիստները հայտարարում են, որ թույլ չեն տալու ՀԷԿ—ը կառուցել։
Ապագա ՀԷԿ—ի հզորությունը, որը պետք է կառուցվի Ալազանի գետի վրա, 5,4 մեգավատ է լինելու։ Շինարարությունը պետք է ավարտվի 12 ամսից։
Վրաստանի Արևելքում գտնվող Պանկիսիի կիրճում չեչեն կիստինացիներ են ապրում։ Կիրճի հարյուրից ավելի բնակիչ կռվել է Իսլամական պետության շարքերում։ Նրանցից ավելի քան 30-ը զոհվել է։ 2017թ—ի դեկտեմբերին անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետևանքով մահացու վիրավորում էր ստացել տեղի 19-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Նրա ընտանիքն ու Պանկիսիի բնակիչները մինչև հիմա պահանջում են պատժել մեղավորներին։