Ռեպորտաժ Պանկիսի կիրճից, հատուկ գործողության ընթացքում սպանված 19-ամյա Թամերլան Մաչալիկաշվիլիի ընտանիքի ողբերգության մասին" />

Տագնապ Պանկիսի կիրճում. Սիրիայի պատերազմի արձագանքը հասել է Վրաստան

Ռեպորտաժ Պանկիսի կիրճից, հատուկ գործողության ընթացքում սպանված 19-ամյա Թամերլան Մաչալիկաշվիլիի ընտանիքի ողբերգության մասին

Մալխազ Մաչալիկշվիլին Պանկիսիի կիրճում՝ իր տանը։ 2018թ-ի հունվար։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews.

Պանկիսիի կիրճի բնակիչ Մալխազ Մաչալիկաշվիլին արդեն երկու ամիս է, ինչ ցույց է անում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ արդարադատություն պահանջելով։ Այս տարվա հունվարին նրա 19-ամյա որդին՝ Թամեռլանը մահացել էր սեփական ննջարանում հատուկջոկատայինների կողմից հասցված վիրավորման հետևանքով։

Մալխազը Զազա Սարալիձեի հետ մեկտեղ, որի որդի Դաթոն սպանվել էր անցյայլ տարվա դեկտեմբերի 1—ին, մտադիր են փողոցում մնալ այնքան ժամանակ, մինչև իրենc երեխաների մարդասպանները չպատժվեն։ Այս ռեպորտաժն արվել է Պանկիսիի Կիրճում, այն պատմում է Մաչալիկաշվիլիների ընտանիքի ողբերգության մասին, այն հրապարակվել է 2018թ-ի հունվարի 29-ին։

Աշխարհով մեկ երբեմնի հայտնի Պանկիսյան կիրճը վերջին տարիներին ապրում էր բավականին խաղաղ կյանքով: Սակայն Սիրիայի պատերազմի արձագանքն այստեղ էլ հասավ: Կիրճում, որտեղից երիտասարդությունը մեկնում էր կռվելու Իսլամական պետության համար, Վրաստանի իշխանությունները հատուկ գործողություն իրականացրին, ինչպես իրենք են պնդում, հետապնդելով ահաբեկիչների հանցակիցներին: Արդյունքում կիրճում այդքան դժվար հաստատված կայունությունը կրկին հարցականի տակ հայտնվեց:

«Պարզ երկնքում ճայթած ամպրոպ»

Ալազանի գետի վերին հոսանքի անտառապատ ձնածածկ գեղատեսիլ լեռներում ծվարած գյուղերում այսօր արտաքուստ խաղաղություն և հանդարտություն է: Այս տեղանքը, որը տեղի բնակիչներն անվանում են պարզապես «Խեոբա» (կիրճ), և որը Վրաստանում և դրանից դուրս կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, առաջին հայացքից քիչ է տարբերվում մնացած վրացական շրջաններից: Թերևս մինարեթներով, փողոցներում տարօրինակ մորուքներով տղամարդկանց մեծ թվով և նրանով, որ այստեղ ալկոհոլ գնելը հեշտ չէ:

Իրականում վերջին ամսում իրավիճակը կիրճում զգալիորեն սրվել է: Հատկապես այն բանից հետո, երբ հունվարի 10-ին, այդպես էլ կոմայից դուրս չգալով, մահացավ տեղի բնակիչ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին: Հատուկջոկատայինները նրան սեփական սենյակում վիրավորել էին՝ կրակելով գլխին դեկտեմբերի 26-ի գիշերը: Այդ ժամանակ Պանկիսիում կալանավորեցին ևս 5 տեղացու ահաբեկչությանը նպաստելու կասկածանքով: Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ Մաչալիկաշվիլիի ձեռքը նռնակ կար, սակայն ընտանիքը դա կտրականապես հերքում է:

• Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը: Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում

• Սիրիան որպես ելք

• Տատիկներն ու ԻԼԻՊ-ը

Գնդակի մուտքային անցքը Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիրավորման վայրում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews. Պանկիսի կիրճ, 2018թի հունվար

Այդ գործողությունը Թբիլիսիում նոյեմբերի 22-ին անցկացրած հատուկ գործողության շարունակությունն էր, երբ հատուկջոկատայինները մի ամբողջ օր տևած մարտերից հետո չեզոքացրին բազմահարկ շենքի բնակարաններից մեկում թաքնվող զինված անձանցից երեքին: Ավելի ուշ հայտարարվեց, որ սպանվածներից մեկն Ահմեդ Չատաևն է:

Չեչեն Չատաևը կռվում էր Իսլամական պետության շարքերում: Թուրքիայի իշխանությունները կասկածում են նրան 2016թ-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար, որի հետևանքով 45 մարդ զոհվեց: Ավելի վաղ Չատաևը հասցրել էր Վրաստան գալ և անգամ վրացական բանտում հայտնվել զենքի ապօրինի պահպանման կասկածանքով:

Քննության պաշտոնական վարկածի համաձայն՝ Չատաևը Վրաստան էր վերադարձել Սիրիայից՝ ապօրինի հատելով վրաց-թուրքական սահմանն Աջարիայի լեռների անտառային արահետներով: Այդ ժամանակ արդեն ամպուտացվել էր Չատաևի ոտքն ու ձեռքը: Նրա մարմինը Թբիլիսիում հնարավոր էր եղել արագ ճանաչել հենց պրոթեզի մնացորդներով: Վրացական իշխանությունները պնդում են, որ Չատաևի խումբը Վրաստանում ահաբեկչական ակտեր էր նախապատրաստում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ: Եվ որ Չատաևն իբր հանցակիցներ ուներ Վրաստանում, այդ թվում՝ Պանկիսյան կիրճում:

Հատուկ գործողությունն, այնուհետև նաև 19-ամյա տղայի մահը կրքեր բորբոքեցին Պանկիսիում: Թեմիրլանի թաղմանը հունվարի 12-ին ահռելի թվով մարդիկ էին հավաքվել՝ մինչև 12 հազար մարդ:

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հունվարի 16-ին Մաչալիկաշվիլիի ընտանիք այցելած առաջին պաշտոնական անձն էր: Այդ օրը, չնայած ձյանն ու ցրտին, տան շուրջ բազմաթիվ տեղացիներ էին հավաքվել: Դուրս գալով տնից, որտեղ ժողովրդական պաշտպանը գրեթե մեկ ժամ շարունակ զրուցել էր ընտանիքի հետ փակ դռների ետևում՝ նա ասել էր, որ քննությունը պետք է ընտանիքին ավելի շատ տեղեկատվություն տրամադրի ինչպես Թեմիրլանի մեղավորության ապացույցների, այնպես էլ հատուկ գործողության վերաբերյալ:

«Հարցերը, որոնք ունի ընտանիքը, ունենք նաև մենք», — ասել էր նա հանդիպումից հետո:

Զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ընտանիքն ու հարազատները տանը, լուսանկարը՝ Ագնեշկա Զիելոնկա, JAMnews: Պանկիսյան կիրճ, 2018թ-ի հունվար

Հարցեր տեղացիներն իրոք շատ ունեն:

«Մենք հասկանում ենք, որ կա օրենք, և քննությունը պետք է ճշմարտությունը պարզի: Սակայն մենք բողոք ունենք այն կապակցությամբ, թե ինչպես է անցկացվել գործողությունը: Իմ կարծիքով, այն շատ վատ է անցկացվել», – ազում է մեզ կիրճի ավագանու անդամ Խասո Խոնգոշվիլին:

Նա կարծում է, որ եթե տեղացի երիտասարդներին պարզապես հարցաքննության կանչեին, ոչ ոք չէր խուսափի գնալ, և հնարավոր կլիներ խուսափել ողբերգական դեպքից:

Կիրճի բնակիչները տղայի մեղավորությանը չեն հավատում: Համենայնդեպս, պետանվտանգության ծառայության ներկայացրած ապացույցները՝ կադրերը, որոնցում Թեմիրլանը Թբիլիսիում խանութներ է մտնում Չատաևի խմբի անդամների հետ միասին, համոզիչ չեն համարում:

Գրեթե բոլորն, ում հետ մենք շփվել ենք Պանկիսիում, նույն բանն են պնդում. երիտասարդներին, որոնց հետ կապը քննության՝ ձերբակալված տեղացիների դեմ գլխավոր փաստարկն է, Պանկիսիում շատ-շատերը գիտեին: Այդ երիտասարդ չեչեններին կիրճում վերջին երկու տարվա ընթացքում շատերն են հաճախ տեսել: Տեղացիներն օգնել են նրանց կողմնորոշվել անծանոթ երկրում, որի լեզուն չգիտեին՝ չկասկածելով, որ կարող են Ինտերպոլի հետախուզման տակ լինել:

Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները վստահ են ձերբակալվածների մեղավորության վրա: Ինչպես հայտարարել է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին, «քննությունն ապացույցներ ունի, որ Վրաստանի քաղաքացիներն օգնել են Չատաևի խմբին զենք և տեխնիկական միջոցներ ձեռք բերել»: Ճիշտ է, հասարակությանը դրանք չեն ներկաայցրել:

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Պանկիսյան կիրճ, 2018թի հունվար

Պ

անկիսյան կիրճում մոտ 7 հազար մարդ է ապրում: Բնակիչների ճնշող մեծամասնությունը չեչեն –կիստինացիներ են՝ 19-րդ դարի սկզբին վերաբնակեցվածների սերունդները: Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ կիրճը Չեչնիայից ժամանակավորապես 12 հազար փախստական էր ընդունել: 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին այդ շրջանը գրեթե չէր վերահսկվում Վրաստանի իշխանությունների կողմից, կրիմինալի, թմրանյութերի վաճառքի և մարդկանց առևանգման կենտրոնի վատ համբավ ուներ և միջազգային մասշտաբով սկսեց ասոցացվել պոտենցիալ սպառնալիքի հետ:

Ռուսաստանն այդ ժամանակ Վրաստանին մեղադրում էր չեչեն ապստամբներին աջակցելու համար և նույնիսկ մի քանի անգամ ռմբակոծեց Պանկիսիի տարածքը:

2003թ-ի իշխանափոխությունից հետո իրավիճակը հաջողվեց կայունացնել, իշխանությունները կիրճի հանդեպ վերահսկողություն սահմանեցին առանց ուժի կիրառման:

Անգամ 2012թ-ին Լապանկուրի կիրճում տեղի ունեցած իրադարձությունները, երբ վրացական հատուկջոկատայինները Դաղստանի հետ սահմանին կրակ բացեցին զինված խմբի ուղղությամբ, որը կազմված էր հիմնականում պանկիսցիներից, թեև անպատասխան հարցեր թողեցին, սակայն չսասանեցին հաստատված կայունությունը:

Վրաստանի նոր իշխանությունները 2012թ-ից հետո շարունակեցին շրջանի զարգացման քաղաքականությունը ենթակառուցվածքային նախագծերի և տարբեր ծրագրերի ֆինանսավորման միջոցով:

Պ

անկիսիում սեփական իշխանական մարմիններ չկան. կիրճը մտնում է Ահմեթիի մունիցիպալիտետի մեջ: Ամենահեղինակավոր ինստիտուտներից են մզկիթներն ու ավագանին: Ամենախոշոր Դուիսի գյուղում ոստիկանության բաժանմունք կա, մի քանի ոչ կառավարական կազմակերպության գրասենյակներ, անգլերենի դասընթացներ: Այստեղ ճանապարհները լավն են, վերջերս գազ են անցկացրել: Մեկ տարուց ավել է՝ գործում է միակ տեղական լրատվամիջոցը՝ Way համայնքային ռադիոն, որին օգնություն են ցուցաբերում միջազգային դոնորները:

Այդ ամենը վերջին տարիների արդյունք է, որը Պանկիսիում շատ են գնահատում նորմալ կյանքի կարգավորման տեսանկյունից: Սակայն այստեղ կարծում են, որ վերջին իրադարձությունները կարող են վերջ տալ «տարիների կայունությանը»:

«Բնակչությունը, հեղինակություններն ու պետությունը շատ մեծ ջանքեր գործադրեցին վերջին տարիների ընթացքում կիրճում իրավիճակը կարգավորելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, կարծես պարզ երկնքում ճայթած ամպրոպ լիներ… Դա մեզ համար շատ ծանր հարված էր», – ասում է Խասո Խանգոշվիլին:

Ռադիո Way-ի լրագրող Իսլան Գորգիշվիլին ասում է, որ վերջին շաբաթների իրադարձությունները «խաչ քաշեցին այն ամենի վրա, ինչ մինչ այս արվել էր կիրճում պետության կողմից: Կրկին աճեց իշխանությունների հանդեպ անվստահությունը»:

«Վերջին իրադարձությունները տպավորություն ստեղծեցին, որ ամեն ինչ վերադարձել է 2000-ականների սկզբի մակարդակին», – ասում է սալաֆիտների համայնքի իմամի ներկայացուցիչ Մուսա Պանկիսելին: Նա չի հասկանում, թե ինչով էր պայմանավորված ուժի կիրառումը, քանի որ կիրճի ցանկացած բնակիչ պատրաստ էր ցուցմունք տալ:

Սալաֆիտների մզկիթը Դուիսիում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Պանկիսյան կիրճ, 2018թ-ի հունվար

Պանկիսիից՝ դեպի Իսլամական պետություն

Սիրիայում այսպես կոչված Իսլամական պետության առաջացումից ի վեր դրա շարքերը սկսեցին համալրվել շատ երկրներից եկած կամավորներով: Բացառություն չէր նաև Վրաստանը, մասնավորապես, մուսուլմաններով բնակեցված նրա շրջանները: Իսկ առավել մեծ տարածում ունեին ԻՊ գաղափարները Պանկիսիում:

Այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի երիտասարդ է մեկնել Սիրիա պատերազմելու: Մի քանի տասնյակից մինչև հարյուր հիսուն մարդ է նշվում: Հստակ հայտնի է դեռևս միայն զոհվածների թիվը՝ 26 մարդ: Այդքան փոքր համայնքի համար դա զգալի թիվ է:

Տեղացիներին առանձնապես վրդովեցրել էր անչափահաս կիստինացիների մեկնումը Սիրիա. ըստ օրենքի՝ սահմանապահները նրանց չպետք է երկրից դուրս թողնեին, և նրանում, որ անչափահասները կարողացել են մեկնել, պետության մեղքն են տեսնում:

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ նոր իշխանությունների կառավարման ժամանակահատվածում՝ 2012թ-ից ի վեր, խստացվել է օրենսդրությունը և միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի երիտասարդները Վրաստանից Սիրիա չմեկնեն: Սեսիաշվիլին պնդում է, որ եթե մինչև 2012թ-ը Վրաստանից ԻԼԻՊ-ի համար կռվելու են մեկնել տասնյակներով մարդիկ, ապա հետո՝ ընդամենը մի քանի հոգի:

Ջոկոլո գյուղի բնակիչ Լեյլա Աչիշվիլին այդ պատերազմում կորցրել է իր երկու տղաներին: Խազմաթն ու Խալիդը սկզբում Ավստրիա են մեկնել որպես փախստականներ, ընտանիք կազմել: 2013թ-ին ԻՊ-ի համար պատերազմելու է մեկնել ավագ որդին՝ Խազմաթը: Որդուն համոզելու և հետ վերադարձնելու համար Լեյլան որոշել է Սիրիա մեկնել: Նա հանդիպել է տղային և մի քանի օր նրա հետ անցկացրել: Սակայն համոզել այդպես էլ չի հաջողվել:

Վերադառնալուց մի քանի օր անց Լեյլային հաղորդել են նրա մահվան մասին: Որոշ ժամանակ անց Լեյլան իմացել է, որ պատերազմելու է մեկնել նաև իր կրտսեր որդին, որը նույնպես շուտով մահացել է: Տղաների ընտրությունը մայրը չէր ընդունում, սակայն ոչ մի կերպ չի կարողացել ազդել նրանց վրա: Նրանց մահից հետո Լեյլան որոշել է չլռել իր պատմության մասին, որպեսզի, հնարավորության դեպքում կանխի այլ ընտանիքների վիշտը:

Սալաֆիտնռրի համայնքի իմամի ներկայացուցիչ Մուսա Պանկիսելին, խոսելով Պանկիսիի՝ Սիրիա պատերազմելու մեկնած բնակիչների մասին, պնդում է, որ իրավիճակը մի քանի տարում փոխվել է.

«Ավելի վաղ՝ մինչև ԻՊ կազմավորումը, բոլոր այսպես կոչված քաղաքակիրթ պետությունները կոչ էին անում օգնել Սիրիայի տառապող ժողովրդին: Այն ժամանակ դրա հետ կապված խնդիր չկար: Հետո, երբ այնտեղ այլ ուղությամբ (ԻԼԻՊ-ի առաջացումը և ուժեղացումը) ինչ-որ գործողություններ սկսվեցին, շատերը դա հասկացան, շատերը ձեռնպահ մնացին (ԻՊ կողմից պատերազմելուց): Երեք տարի կիրճից այնտեղ ոչ ոք չէր մեկնում, եթե մեկնում էին, ապա նրանք, ովքեր այդ ժամանակ այլ երկրներում էին»:

Խասո Խանգոշվիլին կարծում է, որ գլխավոր պատճառը, որ երիտասարդ կիստինացիները սկսեցին Սիրիա մեկնել, դարձավ «խալիֆաթի» առաջին հաղթանակներից ստեղծված «էյֆորիան» և ԻՊ կողմնակիցների ագիտացիան, որին հեշտությամբ տրվում էր երիտասարդությունը: Բացի այդ, նրա խոսքով, կիստինացիները վայնախներ են, և մարտական ոգին նրանց արյան մեջ է: Իր դերը խաղաց նաև Սիրիայի կոնֆլիկտին Ռուսաստանի միջամտությունը. շատ կիստինացիներ ցանկանում էի կռվել Ռուսաստանի դեմ:

«Տարիներ շարունակ մենք իշխանություններից սիրիական կոնֆլիկտի մեկնարկից հետո պահանջում էինք, որպեսզի մեր երիտասարդությանը չթողնեն, փակեն սահմանն», -ասում է Խանգոշվիլին:

Ի վերջո, նրա խոսքով, Սիրիայում պատերազմել ցանկացողների համար սահմանը փակեցին:

2015թ-ի վերջին ԻՊ-ի համար զինյալներ հավաքագրելու մեղադրանքով կալանավորվեց սալաֆիտների տեղի մզկիթի նախկին իմամ Այուբ Բորչաշվիլին: 2016թ-ի մարտին նա դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ուսուցչուհի և քաղաքացիական ակտիվիստ Լուիզա Մուտոշվիլին կարծում է, որ իրավիճակի պատճառներից մեկը տեղի երիտասարդությանն ինչ-որ բանով զբաղեցնելու հստակ պետական քաղաքականության բացակայությունն է:

Երիտասարդությունն այստեղ իրոք զբաղվելու բան չունի, ինչպես նաև Վրաստանի մնացած շրջաններում: Այն տարբերությամբ, որ մնացած շրջաններում երիտասարդներին չեն առաջարկում պատերազմ մեկնել և փառքի արժանանալ: Բոլորովին վերջերս Դուիսիում սպորտային համալիր բացվեց: Սակայն Լուիզան կարծում է, որ ամբողջ կիրճի համար դա բավական չէ:

ԻՊ ռազմական նախարար, 2016թ-ին զոհված պանկիսցի Թարխան Բատիրաշվիլիի, կամ Ումար աշ-Շիշանիի կերպարն, ըստ ամենայնի, զգալի դեր է խաղացել ջիհադականների շարքերում պանկիսյան երիտասարդության մոբիլիզացիայի գործում:

Պանիկսիում անցկացրած հատուկ գործողությունից հետո վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրանում հայտնվեց Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ֆեյսբուքյան էջը, որը նա վարում էր «Պանկիսցի Թեմիրլան» անունով: Նա իր էջում տեղադրել էր այդ թվում Թարխան Բատիրաշվիլիի և ԻՊ այլ զինյալների լուսանկարներն ու տեսանյութերը: Սակայն, ինչպես պարզվեց, պանկիսյան երիտասարդության համար դրանում ոչ մի արտասովոր բան չկար:

«Բատիրաշվիլիի լուսանկարներն ու տեսանյութերը Ֆեյսբուքում տեղադրում էին ոչ միայն կիստինացիներն, այլ նաև վրացիները: Նրա հասցեին շատերը համակրանք էին արտահայտում: Ես չեմ կարծում, որ դա ԻՊ հանդեպ համակրանքի արտահայտում է: Վայնախների շրջանում ուժեղ է հայրենասիրությունը, և շատերը սոցցանցերում հանուն ազատության Ռուսաստանի դեմ մարտնչած չեչեն զինվորների նկարներն ու տեսանյութերն են տեղադրում», – բացատրում է մեզ Իսլամ Գորգիշվիլին:

Թեմիրլանի քույրը՝ Նատա Մաչալիկաշվիլին, նույնպես վստահ է, որ Բատիրաշվիլիի հանդեպ համակրանքը տարածված է ոչ միայն կիստինացիների, այլ նաև վրացական երիտասարդության շրջանում:

«Այնտեղ Սիրիայից ընդամենը մի քանի տեսանյութ էր: Շատերն են այդպիսի տեսանյութեր տեղադրում, նրանք, ում հուզում են այնտեղ զոհվածները: Եղբորս իզուր են դրա համար մեղադրում», – ասում է նա:

Այնուամենայնիվ, տեղի երիտասարդության համար, ըստ ամենայնի, ԻՊ զինյալների հանդեպ համակրանքը, որոնց թվում են նաև նրանց ազգականները, հարևաններն ու համադասարանցիները, ընդհանրապես չի բացառում Վրաստանի հանդեպ հայրենասիրական զգացմունքները:

«Երբ մենք այդ թեման միմյանց հետ քննարկում ենք, միշտ ասում ենք, որ Պանկիսիի՝ Սիրիայում պատերազմող բնակիչները երբեք ոչ մի վատ բան չէր անի Վրաստանի դեմ», – ասում է Լուիզա Մուտոշվիլին:

«Չեմ հասկանում, թե ինչու ենք մենք անընդհանտ ստիպված ապացուցել, որ մենք էլ ենք սիրում Վրաստանը», – դառնությամբ ասում է երիտասարդ ուսուցչուհին: Նրա խոսքերն է կրկնում Իսլամ Գորգիշվիլին. «Մենք Վրաստանի նույնպիսի քաղաքացիներ ենք, ինչպես և մնացածները, և մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք դա»:

Գրեթե բոլորին, ում հետ մենք շփվեցինք Պանկիսիում, հուզում է կիրճի և դրա բնակիչների համբավը: «Ինչո՞ւ են մեր մասին վատ խոսում». այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել:

«Երբ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ այստեղ ահաբեկչություն է, որ այստեղ աջակցում են ահաբեկչությանը, դա շատ է նյարդայնացնում», – ասում է Խասո Խանգոշվիլին:

Լեյլա Աչիշվիլին, որը Սիրիայում կորցրել է իր երկու տղաներին, այսօր սեփական հյուրատունն ունի, որտեղ արտասահմանյան զբոսաշրջիկներ են հյուրընկալվում: Նա մեզ հետ կիսվում է իր վախերով. «Կրկին սկսել են խոսել, թե այստեղ ահաբեկիչներ են: Վախենում եմ, որ հյուրերը դադարեն մեզ մոտ գալ»:

Մուսա Պանկիսելին Պանկիսիի մասին բացասական լուրերի տարածման համար մեղադրում է որոշ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների: Նրա խոսքով, կիրճի բնակիչները կայունություն են ուզում, «որպեսզի հնարավորություն ունենան զարգացնելու տնտեսությունն ու զբոսաշրջային ներուժը»:

Վրացի լրագրող, Վրաստանի շրջաններում աշխատող «Տեղեկատվական կենտրոնների ցանցի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլին պնդում է, որ Պանկիսիի վերաբերյալ կարծրատիպերի ամրապնդմանը նպաստել է վրացական լրատվամիջոցներում վերջին իրադարձությունների ավելորդ դրամատիկ լուսաբանումը: «Նրանց մի մասն ասում էր, որ իշխանությունները կրակի հետ են խաղում, մյուս մասը պնդում էր, որ կիրճում պայթյունավտանգ իրավիճակ է… Դա անաչառ գնահատական չէր: Կիրճում իրոք լարված վիճակ է, բայց ոչ այն աստիճանի, ինչպես լրատվամիջոցների մի մասն է ներկայացնում»:

Իսլամ՝ հին ու նոր

Սալաֆիզմը սունի իսլամի հանեմատաբար նոր ուղղություն է, որը նաև վահաբիզմ են անվանում, այն քարոզում է վերադարձ դեպի «անաղարտ», իսկական իսլամ: Սալաֆիզմը հետապնդվում է ռուսական Հյուսիսային Կովկասում, իսկ Պանկիսիում վերջին տարիներին սկսել է գերակշռել՝ հաջողությամբ դուրս մղելով ավանդական իսլամը:

Երիտասարդության մեծ մասը սալաֆիտներ են: Սիրիայում կռվող գրեթե բոլոր պանկիսցիները սալաֆիտներ են: Դուիսիի կենտրոնում սալաֆիտների մզկիթի նոր շենք է վեր խոյանում:

Սալաֆիզմի ազդեցության աճին զուգահեռ, ըստ երևույթին, խստանում են նաև բարքերը: Սակայն դեռևս ոչ այնքան ագրեսիվ ձևով: Նախորդ տարվա հունվարին Դուսիի ոստիկանության բաժանմունքի դիմաց ինչ-որ մեկն ամանորյա տոնածառ էր այրել: Ավելի ուշ փորձել էին այրել նաև գենդերային հավասարության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպության գրասենյակը: Մեղավորներին այդպես էլ չգտան:

Դուիսի գյուղը, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Պանկիսյան կիրճ, 2018թ-ի հունվար

Ավագ սերնդի ներկայացուցիչները բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնում «արմատական իսլամի» տարածման կապակցությամբ: Ինչպես ասում է Խասո Խանգոշվիլին, Վրաստանում անհրաժեշտ է կրոնների մասին այնպիսի օրենսդրություն ընդունել, որը «կսահմանափակի նրանց, ովքեր խախտում են օրենքը»:

Սալաֆիտների համայնքի ներկայացուցիչ Մուսա Պանկիսելին սալաֆիզմի դեմ ավանդական իսլամի պայքարը դիտարկում է որպես ավագ և կրտսեր սերունդների փոխհարաբերություններ: «Տեխնոլոգիաների ներկայիս մակարդակի պայմաններում տասնամյա երեխան նույնպես կարող է ավելի շատ բան իմանալ, քան 60-70 տարեկան մարդը: Մենք գնահատում ենք մեր մեծերին, չնայած նրան, թե ինչ են նրանք խոսում մեր մասին», – ասում է Մուսան:

Վայնախների համար ավանդական հիերարխիան, որում տոհմավագներն առաջատար տեղ են զբաղեցնում, սալաֆիզմի արմատավորման հետ մեկտեղ Պանկիսիում ակնհայտ խախտվել է:

Դուիսիի միջնակարգ դպրոցում վրացի պոետներ Շոթա Ռուսթավելիի և Իլյա Ճավճավաձեի դիմանկարներն են: Դպրոցականները դասամիջոցին ակտիվորեն լուսանկարվում են՝ ցուցամատերը վերև բարձրացնելով. դա մի ժեստ է, որը միաստվածություն է նշանակում, առավել տարածված է սալաֆիտների շրջանում:

Այն մասին, որ Պանկիսիում իսլամի արմատականացումը խնդիր է, որին արժե ուշադրություն դարձնել, խոսում է Թբիլիսիում գործող «անվտանգության և զարգացման» ոչ կառավարական կազմակերպության փոխտնօրեն Գեորգի Գոգուաձեն:

«Սալաֆիզմի ազդեցությունը Պանկիսիում աճում է, սակայն մենք չպետք է բոլորին մի մաղով անցկացնենք… Նրանց մեջ մարդկանց շատ փոքր խումբ կա, որն արմատական հայացքներով է աչքի ընկնում: Պետք է կապ հաստատել սալաֆիտական համայնքի հետ», – ասում է Գոգուաձեն: Նրա խոսքով, պետությունն այդ հարցում միասնական ռազմավարություն չունի, և տարբեր գերատեսչություններ տարբեր մոտեցումներ ունեն արմատականացման դեմ պայքարում:

Դպրոցականները Դուիսի գյուղի դպրոցում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews: Պանկիսյան կիրճ, 2018թ-ի հունվար

«Լինել զգոն»

Թբիլիսիում և Պանկիսիում անցկացված հատուկ գործողությունը կասկածներ առաջացրեց վրացական ընդդիմության շարքերում: Ինչպես մեզ ասաց Միասնական ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Խաթիա Դեկանոյիձեն, այդ առթիվ շատ հարցեր են առաջանում:

«Մասնավորապես, ինչպե՞ս է Վրաստան ներթափանցել Չատաևի խումբը: Ինչպե՞ս է բնակելի թաղամասում զինանոց հայտնվել: Իշխանությունները նաև համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել ահաբեկիչների հետ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ունեցած կապերի վերաբերյալ… Երկու հատուկ գործողություններն էլ աչքի էին ընկնում ոչ համաչափ և ոչ պրոֆեսիոնալ քայլերով: Արդյո՞ք Մաչալիկաշվիլիի հանդեպ ոչ համաչափ ուժ է կիրառվել: Արդյո՞ք նրա մոտ զենք է եղել: Բազմաթիվ հարցեր են առանց պատասխանի մնում, և իշխանությունները պարտավոր են պատասխանել դրանց», – ասում է Դեկանոյիձեն:

Փորձագետ Գեորգի Գոգուաձեն կարծում է, որ վերջին իրադարձությունների հետևանքով Պանկիսիի բնակչության վստահությունը պետության և նրա ինստիտուտների հանդեպ խաթարվել է:

«Այնտեղ իրականացված բոլոր ծրագրերը, դոնորների, ոչ կառավարական հատվածի և պետության բոլոր փորձերն այժմ հարվածի տակ են: Դրանց գլխավոր նպատակն ազգային փոքրամասնությունների ինտեգրացիային աջակցելն էր, և այն հիմա հարցականի տակ է», – ասում է փորձագետը: Նա կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի տեղի բնակչության հետ հաղորդակցվելու համար իրավիճակի կարգավորման նպատակով, ներառյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը կիրճ:

Իսլամական պետության անկմանը զուգահեռ շատ երկրների համար վտանգ առաջացավ, որ ԻՊ նախկին զինյալները կարող են ներխուժել նրանց տարածք: Չատաևի խումբը նույնպես, հետաքննության տվյալներով, Թբիլիսի էր եկել Սիրիայից: Գեորգի Գոգուաձեն կարծում է, որ «աղետի սպասել պետք չէ», սակայն վտանգն, այնուամենայնիվ, ակնհայտ է, քանի որ ԻՊ շարքերում Վրաստանի ավելի քան հարյուր քաղաքացի է կռվել, և պետությունը պետք է զգոն լինի: Իսկ դրա համար համակարգված գործողություններ և միջազգային գործընկերների ներգարվում է պետք:


Կարդալ ավելին JAMnews-ում