Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր գործչին։ Դա ընդդիմության հետ համաձայնագրի կետ էր
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Գիորգի Ռուրուային՝ «Մտավարի» անկախ հեռուստաընկերության հիմնադիրներից մեկին, որին վրացական ընդդիմությունը քաղբանարկյալ է համարում։ Նա արդեն դուրս է եկել բանտից։ Նրա ազատ արձակումը քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրի կարևոր մաս էր, որը ձեռք է բերվել Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև արևմտյան դիվանագետների միջնորդությամբ։
«Ողջունում եմ համաձայնագրի առաջին փուլի իրականացումը։ Իմ կողմից՝ պահել եմ խոսքս ու ստորագրել ներման մասին ակտը», — հաղորդել է Վրաստանի նախագահն ապրիլի 27-ին։
Բանտից ազատ արձակված Ռուրուան հայտարարել է, որ այժմ գլխավորն այն է, որ մյուս ընդդիմադիր գործիչ՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան նույնպես անհապաղ ազատ արձակվի։
Նա շնորհակալություն է հայտնել արևմտյան դիվանագետներին և քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են իշխանության և ընդդիմության միջև համաձայնագրի մշակմանը, լրագրողներին և հասարակական կազմակերպություններին։
«Ինչպես գիտեք, ես այստեղ [բանտում] եմ անցկացրել մեկուկես տարի, չգիտեմ՝ ինչու։ Մեղադրանքները կեղծ էին, չեն ապացուցվել, և ես կարծում եմ, որ դա պարզ է բոլորի համար։ Չեմ պատրաստվում հաշիվ մաքրել, եկեք ապագային նայենք։ Եկեք աշխատենք երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։
Գիորգի Ռուրուային ներում շնորհելը՝ որպես պայման, նախատեսվում էր այսպես կոչված Շառլ Միշելի փաստաթղթով, որը կառավարությունն ու ընդդիմության մի մասը ստորագրել էին ապրիլի 18-ին։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներման մասին ակտը կստորագրի, եթե, մի կողմից, կառավարության և ընդդիմության միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, կողմերը վերջնական փաստաթուղթ ստորագրեն և նիստերը բոյկոտող ընդդիմությունը խորհրդարան մտնի, մյուս կողմից, եթե ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարեն, որ համաձայնագիրը կայացել է։
Այսօր ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները, որոնք ստորագրել են Միշելի համաձայնագիրը, խորհրդարան են եկել։ Ներկա պահին խորհրդարանն աշխատում է 2019 թ․ հունիսի 20-ի իրադարձությունների մասնակիցների համաներման վրա, որից հետո «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան նույնպես պետք է դուրս գա բանտից։
Գիորգի Ռուրուայի գործը
Գիորգի Ռուրուան «Մտավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկն է։ Նա նաև ֆինանսավորել է «Սիրցխվիլիա» («Խայտառակություն») երիտասարդական շարժումը։
Նա ձերբակալվել է 2019 թ․ նոյեմբերի 18-ին՝ ընդդիմության ակցիան ցրելուց մի քանի ժամ առաջ, հրազենի ապօրինի ձեռք բերման և պահպանման մեղադրանքով։
Ավելի ուշ նրա գործին ևս մեկ հոդված էր ավելացվել՝ դատարանի որոշման անտեսում և դրա կատարման խոչընդոտում, քանի որ Ռուրուան հրաժարվել էր հանձնել իր ԴՆԹ և մատնահետքերի նմուշները։
2020 թ․ հուլիսի 30-ին Ռուրուան դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։
Transparency International Georgia-ն, որն ուսումնասիրում էր Գիորգի Ռուրուայի գործի նյութերը, գրում է, որ նրա իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են Վրաստանի Սահմանադրությամբ և միջազգային ակտերով, ապօրինի կերպով սահմանափակվել են։
Ռուրուային ազատ արձակելը նաև 2020 թ-ի մարտին իշխանության և ընդդիմության միջև համաձայնագրի պայման էր, սակայն իշխանությունն այն չկատարեց։