Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը՝ առանց ընդդիմության և զանգվածային ակցիաների ֆոնին
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը՝ ակցիաների ֆոնին
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը, որ նշանակված էր նոյեմբերի 25-ին, անցնում է ծայրահեղ պայմաններում: Մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները: Ընդդիմությունը, երկրի նախագահն ու հասարակության մեծ մասը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները համարում են կեղծված և հրաժարվում են ճանաչել նոր խորհրդարանի լեգիտիմությունը:
Խորհրդարան անցած չորս ընդդիմադիր սուբյեկտներից ոչ մեկը չի մասնակցում նիստին: Նախօրեից շենքի դիմաց ընթանում է բողոքի բազմահազարանոց ակցիա, ցուցարարները նոր ընտրությունների անցկացում են պահանջում։
Արևմտյան գործընկերները և միջազգային դիտորդական առաքելությունները չեն հայտարարել ընտրությունների արդյունքների ճանաչման մասին և պահանջում են քննություն անցկացնել դիտորդների և լրագրողների հայտարարած բազմաթիվ խախտումների վերաբերյալ: Միակ արևմտյան երկիրը, որը ճանաչել է Վրաստանում կազմակերպված ընտրությունները, Հունգարիան է: Արևմտյան գործընկերները Վրաստանի իշխանություններին նաև առաջարկում են անցկացնել խախտումների վերաբերյալ միջազգային քննություն, սակայն այդ առաջարկը դեռ համաձայնության չի արժանացել:
Միաժամանակ, իշխող կուսակցությունը, որը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրություններում ստացել է ձայների գրեթե 54%-ը (150 տեղից 89 տեղ խորհրդարանում), երեք նախարարների փոփոխություն է իրականացրել կառավարությունում:
Առաջին նիստին իշխող կուսակցության պատգամավորներին ստիպված են եղել խորհրդարան բերել հատուկ մուտքերով և իրավապահների ուղեկցությամբ, քանի որ խորհրդարանը շրջապատված էր հազարավոր ցուցարարներով:
Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը գիշերել է խորհրդարանի մոտ՝ վրաններում: Նրանք հայտարարել են, որ ուզում են ևս մեկ անգամ «Վրացական երազանքին» հայտնել, որ ընտրությունները լեգիտիմ չեն, հետևաբար՝ լեգիտիմ չէ նաև նոր խորհրդարանը:
Խորհրդարանի շենքի շրջակայքը և Թբիլիսիի կենտրոնում գտնվող ամբողջ կառավարական թաղամասը շրջապատված են իրավապահներով։ Կան ինչպես ոստիկանական ստորաբաժանումների, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ: Խորհրդարանի մոտ նաև ջրցան մեքենաներ են տեղակայված:
Մի շարք իրավաբաններ պնդում են, որ այսօրվա նիստը Սահմանադրության խախտում է առնվազն երկու պատճառով՝
- Սահմանադրության համաձայն՝ առաջին նիստին բացման խոսքով պետք է հանդես գա Վրաստանի նախագահը: Սակայն Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել՝ միանալով ընտրությունների կեղծման մասին պնդումներին:
- Նախագահը և ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ բոլոր 150 նոր պատգամավորների լեգիտիմ չլինելու մասին հայցով: Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը չի կարող նիստ գումարել, քանի դեռ այդ հայցերի վերաբերյալ դատարանի որոշումներ չկան:
Խորհրդարանի առաջին նիստը ուշագրավ է նաև նրանով, որ առաջին անգամ դրան չեն մասնակցում դեսպանատների ներկայացուցիչներն ու Վրաստանի արևմտյան գործընկերները: «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ չեղարկում է այդ ավանդույթը, որը գոյություն ուներ Վրաստանի անկախության առաջին օրվանից ի վեր:
Իշխող կուսակցության հայտարարած կառավարության նոր կազմը
Իրակլի Կոբախիձեն, որը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հայտարարել է նոր կաբինետի ձևավորման մասին, նոր խորհրդարանը պետք է վստահություն հայտնի այդ կաբինետին։ Կան երեք փոփոխություններ, մասնավորապես՝
- Մակա Բոչորիշվիլին կգլխավորի արտաքին գործերի նախարարությունը,
- Անրի Օխանաշվիլին կդառնա արդարադատության նոր նախարար,
- շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Դավիդ Սոնգուլաշվիլին։
Կոբախիձեն հայտնել է, որ նախկին նախարարներ Ռատի Բրեգաձեն, Իլիա Դարչիաշվիլին և Օթար Շամուգիան «կզբաղեցնեն բարձր քաղաքական պաշտոններ»:
Մնացած բոլոր նախարարները կմնան իրենց տեղերում՝
- փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի,
- ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի,
- տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե,
- պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի,
- ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
- կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ցուլաձե,
- միգրացիայի, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխաիլ Սարջվելաձե,
- հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարար՝ Թեա Ախվլեդիանի,
- մշակույթի և սպորտի նախարար՝ Տինատին Ռուխաձե: