Սկանդալ Բաքվում․ հեռուստաեթերում է հայտնվել դիվանագետների հետ ընդդիմադիր գործչի գաղտնալսումների ձայնագրությունը
Real TV ադրբեջանական հեռուստատեսությունը տարածել է երկու արտասահմանցի դիվանագետի հետ ընդդիմադիր ակտիվիստ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունը։ Դրանցում խոսքը գնում է Բաքվում ընդդիմության ցույցը ցրելու մասին։
• Ընդդիմության ձախողված հանրահավաքը Բաքվում․ մանրամասներ
Շուտով հեռուստաալիքը բոլոր տեղերից ջնջել է այդ ձայնագրությունները, սակայն սկանդալն արդեն քննարկվում է։ Այժմ լրատվամիջոցներն ու փորձագետները վիճում են, թե ինչ էր դա՝ դիվանագետների միջամտություն երկրի ներքին գործերի՞ն, թե՞ Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիայի խախտում։ Պաշտոնական արձագանք ոչ մի կողմից դեռ չկա։
Ինչի՞ մասին է խոսվում ձայնագրություններում
Հոկտեմբերի 19-ին Բաքվում ոստիկանությունը դաժանաբար կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի չարտոնված հանրահավաքը։
Իսկ հոկտեմբերի 20-ին լրագրող Միրշահին Աղաևը Real TV ալիքով իր հաղորդման ժամանակ եթեր է տվել արտասահմանցի դիվանագետների հետ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունները։
Դրանցից մեկում Հաջիբեյլին հեռախոսով պատմում է չկայացած հանրահավաքի մասին ենթադրաբար Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցին։
Երկրորդ ձայնագրությունում նա խոսում է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչի հետ և քննարկում իրավիճակը երկրում։
Թե ինչ ճանապարհով են Աղաևի մոտ հայտնվել այդ ձայնագրություններն, նա չի բացատրել։
Իշխանամետ լրատվամիջոցների տեսանկյունից Գյուլթեքին Հաջիբեյլին լրտես է և իրազեկիչ, իսկ արևմտյան դիվանագետները միջամտում են երկրի ներքին գործերին և, հնարավոր է, նույնիսկ «հովանավորում են» ընդդիմությանը։
Իսկ Հաջիևայի և փորձագետների տեսանկյունից Միրշահին Աղաևը կոպտորեն խախտել է դիվանագիտական շփումների մասին Վիեննայի կոնվենցիան։
Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ դեռ չկան։ ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ ներկայացուցչությունը նույնպես ոչ մի կերպ չեն արձագանքել։
Հաջիբեյլին մտադիր է դատարան դիմել։
Ինչո՞վ է տարբերվում «միջամտությունը ներքին գործերին» «տեղեկությունների օրինական հավաքագրումից»
Իրավաբան Ֆարհադ Մեհթիևը Բի-Բի-Սիին տված իր հարցազրույցում պարզաբանում է, թե ինչու այս դեպքը կարելի է համարել Դիվանագիտական շփումների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։
Նրա խոսքով՝ այդ կոնվենցիան նախատեսում է, որ այս կամ այն երկրում աշխատող դիվանագետները կարող են բոլոր օրինական միջոցներով հավաքել և տարածել տեղեկություններ այն մասին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Եվ եթե ընդդիմադիրներից որևէ մեկը ցանկանա դիվանագետին պատմել երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին, դա նույնպես լիովին օրինական է։ Իսկ դիվանագետների զրույցները գաղտնալսելն, այնուհետև եթեր տալն արդեն անօրինական է։
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը կարծում է, որ այդ միջադեպը բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի և ԱՄՆ հարաբերությունների վրա։