Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը, սակայն հետո նրա վիճակը կայունացել է
Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն արդեն 48 օր հացադուլ է անում բանտում, նոյեմբերի 18-ին գիտակցությունը կորցրել է փաստաբանների հետ հանդիպումից հետո։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա ուշքի է եկել։
Բանտային հիվանդանոցի ռեանիմատոլոգները, որտեղ գտնվում է Սաակաշվիլին, ասում են, որ «նրա վիճակը կայունացել է վերակենդանացման որոշ միջոցառումների արդյունքում»։ Նրա մոտ հերթապահում է ռեանիմացիոն բրիգադ։
Բժիշկների լավ աշխատանքը հաստատել է «Մտավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի տնօրեն և Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Նիկա Գվամարիան, որը նախկին նախագահի հետ է եղել, երբ նա կորցրել է գիտակցությունը։
«Սաակաշվիլիի հետ այժմ ամեն ինչ կարգին է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում», — ասել է Գվամարիան։ Նա կարծում է, որ Սաակաշվիլիի համար միակ փրկությունը բանտային հիվանդանոցից դուրս գալն ու հացադուլը դադարեցնելն է․
«Ինձ համար կարևոր է այդ մարդուն այստեղից կենդանի դուրս բերելը», — ասել է Գվամարիան։
Նոյեմբերի 19-ին մասշտաբային ցույց է անցկացվելու Թբիլիսիի կենտրոնում
Ի սկզբանե՝ ընդդիմությունը պլնավորում էր նոյեմբերի 19-ին բողոքի երեք ակցիա անցկացնել Թբիլիսիում։ Սակայն այժմ հայտարարվել է մասշտաբային ցույցի մասին, որն անցկացվելու է Հանրապետության հրապարակում։
«Կառավարությունը չի հրաժարվում արդեն իր կողմից գերեվարված մարդուն սպանելու մոլուցքից […]։ Սա կարևոր պահ է երկրի համար, և ինչպես երբեք, անհրաժեշտ է մեր լիակատար համախմբումն ու միասնությունը», — հայտարարել է «Միասնական ազգային շարժում» (հիմնել է Միխեիլ Սաակաշվիլին) առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
«Ռուսաստանն այս ամենին մասնակցում է սկզբից մինչև վերջ։ Նրանց, ովքեր կարծում են, որ երկրի ազատությունը վտանգված է, սպասում ենք նոյեմբերի 19-ին ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակում», — ասել է Նիկա Մելիան։
- Սաակաշվիլիի դեմ գործերը։ Ինչո՞ւ են բանտում պահում Վրաստանի նախկին նախագահին
- Վրաստանում ևս 10 քաղաքական գործիչ է հացադուլ հայտարարել՝ աջակցելով Սաակաշվիլիին
- Ինչո՞ւ Սաակաշվիլիի շուրջ առկա իրավիճակին արձագանք չկա Երևանից և Բաքվից․ մեկնաբանություն
Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, փորձագիտական խումբը, որը ստեղծել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի առողջության մասին իր եզրակացությունները։
«Հիվանդի առողջական կրիտիկական վիճակի առնչությամբ խորհուրդ է տրվում անհապաղ շարունակել նրա բուժումը բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Անհրաժեշտ է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ բանտային հիվանդանոցի պայմանները չեն համապատասխանում այդ պահանջներին»։
Նոյեմբերի 10-ին Ստրասբուրգի դատարանը վճիռ է կայացրել «ժամանակավոր միջոցների» մասին, որոնք կապված են Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլի, նրա առողջության և անվտանգության հետ։ Դատարանի որոշման մեջ ասված է «Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին ու առողջությանն անդառնալի վնաս հասցնելու վտանգի գիտակցման» մասին։