Ռուս լրագրող Սվետլանա Պրոկոպևային յոթ տարվա ազատազրկում է սպառնում
Ռուս լրագրող Սվետլանա Պրոկոպևային, որը Պսկով քաղաքից է, մեղադրում են ահաբեկչության արդարացման համար։ Այդ հոդվածով առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկումն է։
Ամեն ինչ սկսվել է փետրվարին՝ տեղի ռադիոկայանի կայքում Սվետլանա Պրոկոպևայի նյութի հրապարակումից հետո։ Խոսքն Արխանգելսկում տեղի ունեցած դեպքի մասին էր, որտեղ 17-ամյա երիտասարդն իրեն պայթեցրել էր անվտանգության դաշնային ծառայության տեղի բաժանմունքի մուտքի մոտ որպես այդ կազմակերպությունում կալանավորների նկատմամբ կտտանքների դեմ բողոքի նշան։
Պրոկոպևայի կարծիքով՝ գլխավոր մեղավորն այն բանի, որ նման ահաբեկչական գործողություններն ավելանում են, պետության կողմից ցանկացած բողոքի դեմ բռնաճնշումներն են։
Այդ հրապարակումից հետո լրագրողի դեմ գործ է հարուցվել «Ահաբեկչության արդարացում» հոդվածով։
Նրա տունը խուզարկվել է, առգրավվել են բոլոր էլեկտրոնային կրիչները։ Պրոկոպևայի բանկային հաշիվներն արգելափակվել են։
Սվետլանա Պրոկոպևան իրեն մեղավոր չի համարում։ Նրա կարծիքով՝ ինքը պարզապես ազնվորեն կատարել է իր աշխատանքը՝ վերլուծելով այնպիսի երևույթի պատճառներն, ինչպիսին ահաբեկչությունն է։ Ահա, թե ինչ է նա գրել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով իր գործընկեր լրագրողներին աջակցության խնդրանքով․
«Եթե չեք վախենում, հրապարակեք մեջբերումը․
«Ուժեղ պետություն։ Ուժեղ նախագահ, ուժեղ մարզպետ։ Երկիր, որում իշխանությունը պատկանում է ուժայիններին։
Սերունդը, որին պատկանում էր Արխանգելսկի պայթյունն իրականացրածը, մեծացել է այդ մթնոլորտում։ Նրանք գիտեն, որ ցույցերի չի կարելի գնալ, կցրեն, կարող են նաև ծեծել, հետո կդատեն։ Նրանք գիտեն, որ միայնակ ցույցերը պատժելի են։ Նրանք տեսնում են, որ միայն որոշակի կուսակցությունների կարող ես անցավ անդամակցել և կարծիքների միայն որոշակի շրջանակ կարելի է առանց մտավախության արտահայտել։ Այդ սերունդն օրինակներով է սովորել, որ դատարանում արդարության չես հասնի․ դատարանը կկայացնի այն որոշումը, որը բերել է ընկեր մայորը։
Քաղաքական և քաղաքացիական ազատությունների բազմամյա սահմանափակումը Ռուսաստանում ստեղծել է ոչ թե պարզապես անազատ, այլ ռեպրեսիվ պետություն։ Պետություն, որի հետ անվտանգ չէ և սարսափելի է գործ ունենալ»։
Ռուսաստանի ավելի քան 20 զանգվածային լրատվամիջոց արձագանքել է այս կոչին և տեքստը հրապարակել։
Դրանից հետո Սվետլանա Պրոկոպևայի գործընկերները Պսկովում հարցաքննության էին կանչվել։
JAMnews-ը միանում է Սվետլանա Պրոկոպևայի հետ պրոֆեսիոնալ համերաշխության ակցիային։