Ռուս բլոգերը հայերին «առնետանման» է անվանել, կարող է ազատազրկվել
Ռուս բլոգերը հայերին «առնետանման» է կոչել
Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել ռուս բլոգերի նկատմամբ։ Նադեժդա Պիրոժկովան արդեն մեկուկես տարի ապրում է ՀՀ-ում, նա քննադատել է Վարդավառի տոնը՝ միմյանց ջրելու հայկական ավանդույթը, պնդել, թե դա ագրեսիա է։ Մեկ այլ տեսանյութում նա հայերին անվանել է «առնետանման»։
Քննչական կոմիտեում Պիրոժկովայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով։
Հայաստանի Քրեական օրենսգիրքը նշված արարքի համար նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում։
Այսինքն՝ եթե Պիրոժկովայի մեղքը դատարանում ապացուցվի, նա կարող է ազատազրկվել։ Առայժմ, սակայն, որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրը լքելու արգելքը։ Պիրոժկովան կարող է քաղաքը լքել միայն դատախազի/դատավորի գրավոր թույլտվությամբ։
Բլոգերի վերջին տեսանյութերը զայրույթ են առաջացրել։ Սոցցանցերի օգտատերերը քննադատել են նրան՝ մինչև անգամ իրավապահներին կոչ անելով արտաքսել Հայաստանից։
Վերլուծաբան Արտյոմ Երկանյանը չի բացառում, որ նման տեսանյութերի տարածման հետևում կանգնած լինեն ինչ-որ ուժեր, որոնց շահերից է բխում, որ Հայաստանը չընկալվի որպես զբոսաշրջային ուղղություն։ Հիշեցնում է՝ ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի ՀՀ։ Ասում է՝ միայն 2026 թ․-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1 մլն 42 հազար օտարերկրացի, նրանց մոտ 40 տոկոսը՝ Ռուսաստանից։
«Հետաքրքիր է, չէ՞, մի կողմից՝ Ռուսաստանի կառավարությունն առևտրային արգելքներ է դնում, մյուս կողմից ռուսաստանցիները մեծ սիրով գալիս են ՀՀ՝ վայելելով բնությունը, շփումը, ինչու ոչ՝ ավանդույթները»,- ընդգծել է Երկանյանը։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ Պիրոժկովայի տեսանյութն ու հրապարակային ներողությունը, օտարերկրացիների համար ՀՀ-ում գործող կարգավորումները, մեկնաբանություններ
- «Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
- ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
- «ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»․ Փաշինյան
Ի՞նչ է ասել Պիրոժկովան
Վարդավառին նվիրված տեսանյութում ռուս բլոգերը նշել է, որ այդ օրն ամենաշատն է ուզում հեռանալ Երևանից։ Միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթն անվանել է «մաքսիմալ անտակտ» և նշել, որ հայերը խախտում են այլ մարդկանց «անձնական սահմանները»։
Նադեժդա Պիրոժկովայի խոսքով՝ դա ոչ թե մշակույթի, այլ անարգանքի դրսևորում է այն անձանց նկատմամբ, որոնք չեն ուզում դրան մասնակցել․
«Եթե ես գտնվում եմ ձեր երկրում, ես պարտավոր չեմ հետևել ինչ-որ ավանդույթների։ Դա բացահայտ ագրեսիայի դրսևորում է»։
Այս տեսանյութից հետո նա պարբերաբար այլ հրապարակումներ է անում՝ անդրադառնալով իր դեմ ատելության ալիքին։ Պիրոժկովան մի քանի անգամ հրապարակային ներողություն է խնդրել։
«Շատերն իմ խոսքերն ընդունեցին որպես անարգանք հայ ժողովրդի նկատմամբ, և ես ցավում եմ․ այդպիսի նպատակ չեմ ունեցել։ Ոչինչ չի արդարացնում իմ խոսքերը։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,- նկատել է նա։
Բլոգերը, սակայն, չի հերքում, որ ստեղծված իրավիճակն օգտագործում է իր ինստագրամյան էջի առաջխաղացման համար։
«Ինձ արդեն ճանաչում են այս իրավիճակի բերումով, ինչո՞ւ չպետք է օգտվեմ դրանից։ Ես հայփ չեմ անում, սա ուղղակի այն է, ինչի միջոցով ես կարող եմ դառնալ ավելի նկատելի, և դա ինձ պետք է»,- տեսանյութերից մեկում նկատել է նա։
Օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի ազգային սովորույթներն ու ավանդույթները
ՀՀ-ում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները սահմանված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ․
«ՀՀ-ում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները»։
Նույն հոդվածում սահմանված է նաև, որ Հայաստանի տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Ի՞նչ պատիժ է սահմանում Քրեական օրենսգիրքը նման արարքի համար
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար սահմանվում է պատիժ։
Կան պատժի մի քանի տեսակներ՝ տուգանք, հանրային աշխատանքներ, ազատության սահմանափակում, ազատազրկում։
Օրենսգրքի 329-րդ հոդվածի համաձայն՝ արարքը պատժվում է 1-4 տարվա ազատազրկմամբ, եթե այն կատարվել է «հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։
Փորձագիտական կարծիք
Վերլուծաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է թեմային և ընդգծել․
«Ռուս բլոգերի հրապարակային ներողությունից հետո կարելի էր վերջակետ դնել, բայց որոշ օգտատերեր շարունակում էին Հայաստանի իրավապահներից պահանջել ստուգել Նադեժդա Պիրոժկովայի գործողություններն ու պարզել՝ նրա արարքում հանցակազմ կա՞, թե՞ ոչ։ Եվ իրավապահները որոշեցին հետևել այս կոչին։
Միգուցե և չարժեր այդպիսի խստություն ցուցաբերել։ Դատարանն, իհարկե, հաշվի կառնի նաև բոլոր մեղմացուցիչ հանգամանքները։
Չարժե այս ամենը քաղաքականացնել։ Սա առանձին դեպք է։ Մանավանդ, եթե նկատի ունենք, որ ակնհայտ է՝ նպատակը ոչ թե ազգային թշնամանք հրահրելն է, այլ ընդամենը reel-ի միջոցով լսարան ավելացնելը։
Երկու շաբաթվա ընթացքում այդ տեսանյութն ավելի քան քառորդ միլիոն դիտում է ունեցել և ավելի քան 5000 մեկնաբանության է արժանացել։ Էջի հետևորդների թիվն արդյունքում աճել է ավելի քան 15 անգամ։ Այսինքն՝ այդ բլոգեր աղջիկը պարզապես անհեթեթ և հիմար ձև է գտել իր լսարանն ավելացնելու։
Բայց միգուցե և արժե իսկապես այսպիսի ուշադրությամբ հետևել նման դեպքերին, քանի որ սա առանձին և միակ նման դեպքը չէ։
Վերջին շաբաթների ընթացքում մի քանի նման դեպք է արձանագրվել, երբ օտարերկրացի, մասնավորապես՝ ռուս բլոգերներն իրենց թույլ են տալիս գնահատականներ և կոչեր, որոնք վարկաբեկում են հայերին և խանգարում են Հայաստանի՝ որպես զբոսաշրջիկներ գրավող երկրի համբավին։
Նման մի դեպք եղավ, երբ մի օրիորդ մեղադրել էր, թե, իբր, հայ տաքսու վարորդն իրեն գրեթե բռնաբարելու փորձ է ձեռնարկել։ Մեկ այլ նման դեպք էլ ես եմ հիշում, հավանաբար, ավելի շատերը կան։ Բայց ինչն է ավելի կարևոր այստեղ։
Նկատվում է, որ այդ տեսանյութերը նպատակաուղղված տարածում են գոյություն չունեցող օգտատերերը, ֆեյքերի ինչ-որ բանակ տարածում է այդ նյութերը՝ ինչ-որ նպատակ հետապնդելով։
Չի բացառվում, որ այդ ֆեյքերի հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, որոնց շահերից է բխում, որ Հայաստանը չընկալվի որպես զբոսաշրջիկների համար հարմար և հաճելի վայր։
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որը հասցրել է իր այցի ընթացքում սիրել երկիրը, անուղղակիորեն դառնում է այդ երկրի «ազդեցության գործակալ»։ Հավանաբար, հենց դա է, որ ոմանց դուր չի գալիս։
Չգիտեմ՝ արդյոք պատահաբար է զուգադիպել, բայց հենց այդ օրերին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանը դասեց այն երկրների շարքին, որտեղ ռուսաստանցիները չեն կարող իրենց անվտանգ զգալ՝ հաշվի առնելով այն, որ կարող են ՀՀ իշխանությունների կողմից արտահանձնվել այլ երկրների իշխանությունների։ Գուցե զուգադիպություն էր, գուցե՝ ոչ»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Եթե 1․5 տարի Հայաստանում ապրելուց հետո թույլ է տալիս իրեն այդպես խոսել, ուրեմն դա պատահական կամ միամիտ միտք չի կարող ընկալվել»։
«Ոստիկանները պիտի ստուգեն նրա գործողությունները՝ ուղարկված ագենտ»։
«Միայն վտարում և խոշոր տուգանք»։
«Պետք է դատել, մեր երկրից արտաքսել։ Դա մեր ազգի արժանապատվության հարցն է»։
«Իսկ եթե նույնն աներ հայը ՌԴ ում, հիմա վաղուց անհետ կորցրել էին»։
«Վերջապես կարգուկանոնին պիտի ենթարկվեն ու հարգեն երկիրն ու այդ երկրի բնակիչներին, իրենց հյուրի պես պահեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուս բլոգերը հայերին «առնետանման» է կոչել