«Ինձ ասացին, որ ես թշնամի եմ». արգելվել է հերթական ռուս ակտիվիստի մուտքը Վրաստան
Ռուս ակտիվիստի մուտքը Վրաստան արգելվել է
Ռուս ակտիվիստ Մաքսիմ Իվանցովն ասել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Նա վստահ է, որ դա կապված է Բորիս Նադեժդինի համար իրականացված ստորագրահավաքի հետ։
Մաքսիմ Իվանցովը Frame ոչ կառավարական կազմակերպության ղեկավարն է, կառույց, որը Թբիլիսիում գտնվող իր տարածքը տրամադրել է Բորիս Նադեժդինին՝ որպես ՌԴ նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու գրանցելու համար ստորագրություններ հավաքելու նպատակով։
Frame-ը երկար տարիներ գործում է Ռուսաստանում, սակայն 2012 թվականին Կրեմլը կազմակերպությունը հայտարարել է օտարերկրյա գործակալ, ինչի պատճառով էլ այն ժամանակավորապես փակվել է։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո կազմակերպության գործունեությունը էլ ավելի բարդացավ, անձնակազմը տեղափոխվեց Թբիլիսի։
«Ինձ ներս չթողեցին, որովհետև մենք տարածք ենք տրամադրել Նադեժդինի համար ստորագրահավաք անելու համար։ Ես միակը չեմ, ով ստորագրահավաքից հետո խնդիրներ ունի։ Վաղուց է նկատվում, որ Վրաստանի իշխանությունները ցավագին են արձագանքում ոչ միայն վրացական քաղաքականության մասին հրապարակային հայտարարություններին, այլև ռուս հակապուտինյան ակտիվիստներին»,— սոցցանցում գրել է Մաքսիմ Իվանցովը։
Նրա խոսքով՝ սահմանին Վրաստան ժամանելուն պես իր անձնագրում կնիք են դրել, բայց հետո խնդրել են վերադառնալ անձնագրային հսկողության կետ, որտեղ թուղթ են հանձնել իր՝ Վրաստան մուտքի արգելքի մասին և «հրելով ու կոպիտ խոսելով» նստեցրել ինքնաթիռ։
Իվանցովը հայտնում է, որ իրեն փաստաբանի հետ խոսելու հնարավորություն չեն տվել և սպառնացել են.
«Ասում էին, որ ես Ռուսաստանի և Վրաստանի թշնամին եմ, իսկ Վրաստանը իրենք են»:
Միայն հաջորդ առավոտյան Իվանցովը «հանձնվեց և ժամանակավորապես թռավ» Հունգարիա։ Սակայն նա մտադիր է կրկին փորձել հասնել Վրաստան։ Նա նաև նախատեսում է բողոքարկել թե՛ բուն որոշումը, թե՛ ոստիկանության կողմից իր հանդեպ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
- «Վրացական երազանքը» միակ կեղծավոր կուսակցությունն է Եվրոպայում». վրացի քաղաքագետ
- 2023 թ.-ին Վրաստանից արտաքսվել է 190 օտարերկրացի. մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են
- «Նախքան անհետանալը ռուս ակտիվիստ Շեպելևը եղել է վրաց-օսական հակամարտության գոտում»․ ՆԳՆ
Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանից և այլ երկրներից Կրեմլի բազմաթիվ քննադատների արգելվել է մուտք գործել Վրաստան՝ առանց որևէ բացատրության:
Նրանց թվում են ռուս իրավապաշտպան Դարյանա Գրյազնովան, «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Ալեքսանդրա Շևչենկոն, ռուս ակտիվիստ և իրավապաշտպան Աննա Ռիվինան, ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովը, Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված կաբարդինո-բալկարացի բլոգեր Ինսա Լանդերը, ռուս ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը, ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը և շատ ուրիշներ։
Բացի այդ, առանց բացատրության Վրաստան մուտք գործել չեն թույլատրել նաև ռուսական ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք չեն զբաղվում հասարակական գործունեությամբ, և որոնց անուններն անհայտ են լայն հանրությանը։
Ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ Վրաստանի կառավարությունը որևէ մեկնաբանություն չեն տալիս այս հարցի վերաբերյալ։