«Չկարողացար փրկել՝ մեռի՛ր». Չեչնիայում անհաջող վիրահատությունից հետո ծեծելով սպանել են վիրաբույժին
Չեչնիայում՝ Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Կովկասի հանրապետությունում, անհաջող վիրահատությունից հետո, որն ավարտվել է հիվանդի մահով, վիրաբույժին առևանգել և ծեծելով սպանել են: Նրա մահացած պացիենտը եղել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գործընկերներից մեկի ազգականուհին:
Սեպտեմբերի 22-ին Չեչնիայում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդել է անանուն, բայց Չեչնիայում վստահելի 1adat Telegram հեռուստաալիքը: Վիրահատության ընթացքում, որն իրականացրել է հանրապետությունում հայտնի վիրաբույժներից մեկը՝ Սալահ Դագաևը, մահացել է տարեց կին՝ Գուդերմեսի շրջանի բնակիչ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ամենամոտ գործընկերներից մեկի հարազատ քույրը:
Նույն օրը, վիրահատությունից անմիջապես հետո, դիմակավորված անհայտ մարդիկ առևանգել են վիրաբույժին և տարել անհայտ ուղղությամբ:
• Փորձը փորձանք չէ։ Թե ինչպես են Չեչնիայի փախստականները գրոհում Բելառուսի լեհական սահմանը
Telegram-ալիքի հեղինակը հաղորդել է, որ Սալահ Դագաևին առևանգել և ծեծելով սպանել է մահացած կնոջ բարեկամը: Սեպտեմբերի 23-ին վիրաբույժի դիակը հանձնել են հարազատներին և նրանց սպառնացել են պատժել, եթե տեղի ունեցածը հրապարակվի: Հարազատներին ստիպել են ասել, թե Դագաևը մահացել է ինֆարկտից:
Սալահ Դագաևին հուղարկավորել են սեպտեմբերի 24-ին Գոյթ գյուղում: Բժշկի հուղարկավորության մասին «Կովկասյան հանգույցին» պատմել է այդ գյուղի բնակիչը՝ Զաուրբեկ անունով:
«Սալահը ապրում էր Գրոզնիում: Դե նրա ողջ ընտանիքն է ապրում այնտեղ: Իսկ այստեղ՝ Գոյթում, նրանց տոհմական գերեզմանատունն է: Այստեղ հայրական տուն են բերել նրա մարմինը, որտեղ ապրում է նրա եղբայրը, այստեղ նրան լողացրել են, պատրաստել թաղման, ինչպես ընդունված է մեր սովորույթների համաձայն: Հենց այդ մարդկանցից էլ, ասում են գյուղացիները, հայտնի է դարձել, որ Սալահի մարմնին ոչ մի կենդանի տեղ չի եղել: Իսկ դեմքը եղել է ինչպես սև հետք»,- պատմել է Զաուրբեկը:
Նրա խոսքերով՝ երեք օր կանգ չի առել այն մարդկանց հոսքը, որոնք գալիս էին ցավակցություններ հայտնելու հանգուցյալի հարազատներին և մտերիմներին:
«Ցավակցելով՝ մարդիկ չէին հարցնում, թե ինչից է մահացել: Սովորաբար հարցնում են մահվան պատճառի մասին. արդյոք երկար ժամանակ է հիվանդ եղել, որը ինչպես է եղել: Իսկ այստեղ, այսպես թե այնպես, բոլորը գիտեին, թե ինչից է մահացել, ոչ ոք կասկած չուներ մահվան պատճառի մասին»:
Մալիկան հանրապետական հիվանդանոցում աշխատել է վիրահատարանի բուժքույր, լավ է ճանաչել Սալահ Դագաևին:
Նա կասկածում է, որ Սալահը հանկարծակի մահացել է ինֆարկտից: «Մարդիկ մահվան այլ պատճառ են նշում»,- ասել է այդ կինը, բայց բժշկի մահվան պատճառը անձամբ վախեցել է նշել:
Շրջանային հիվանդանոցներից մեկի վիրաբույժ Հուսեյնը ասում է, որ այժմ, եթե հերթապահության ընթացքում ծանր հիվանդ բերեն, նախ պետք է պարզել, թե ում ազգականն է նա, արդյոք նրա հարազատների մեջ կան անձինք, որոնք VIP անձանց ցուցակում են և ղեկավարի ամենամոտ գործընկերն են, իմանալու համար, թե «ինչ հետևանքներ կարող է ունենալ վիրահատության անցանկալի ելքը»:
«Դագաև Սալահը՝ քառասունամյա աշխատանքային փորձ ունեցող բժիշկը, գիտությունների դոկտորը, սպանվել է Կադիրովի մերձավոր գործընկերոջ կողմից: Նրան խոշտանգել և սպանել են: Բժշկի ողջ մեղքը եղել է այն, որ Կադիրովի մերձավորներից մեկի ծանր հիվանդ քույրը մահացել է վիրահատական սեղանին: Չկարողացար փրկել՝ դո՛ւ էլ մեռիր»,- գրել է Twitter-ի օգտատեր Djokhar Dudaev-ը: