Ռուսաստանի և Վրաստանի՝ ոստիկանի համազգեստով քաղաքացիները Բաթումում հոսթել են թալանել
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ և Վրաստանի քաղաքացիներին «կողոպուտ» հոդվածով, որոնք ոստիկանի համազգեստով կողոպտել են Բաթում հանգստավայրում տեղակայված հոսթելներից մեկը։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկատվությունը։
Կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան։
«Իմեդի» հեռուստատեսության տվյալներով՝ չարագործները հոսթել են մտել, ներկայացել որպես ոստիկան և ասել, որ թմրանյութ են փնտրում։ Դրանից հետո սկսել են թալանել հոսթելի հյուրերին։
Մի տղամադրուց հեռախոս են գողացել, կորեացի զբոսաշրջիկից փորձել են պլանշետ խլել, բայց չեն կարողացել։
Կողոպտիչներից մեկին հոսթելի հանգստացողներն ինքնուրույն են ձերբակալել, իսկ երկրորդին հաջողվել է փախչել։
Այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ձերբակալվել է նաև երկրորդ չարագործը։
Քրեական գործ է հարուցվել «կողոպուտ» հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է տուգանք կամ 2-3, 3-5 տարվա ազատազրկում։