Ռուսական ընդդիմության առաջնորդ Նավալնին դատապարտվել է ևս 9 տարվա ազատազրկման
Ալեքսեյ Նավալնու դատավճիռը
Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, որն արդեն իր պատիժը կրում է բանտում, դատապարտվել է ևս 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով գաղութում։
Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», դատավճիռը կայացրել է Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանն արտագնա նիստի ընթացքում, որն անցկացվել է այն գաղութում, որտեղ Նավալնին կրում է իր պատիժը։ Ընդդիմադիր գործիչը մեղավոր է ճանաչվել «խարդախության» և դատարանին «վիրավորելու» գործերով։
Ազատազրկումից բացի դատարանը 1,2 մլն ռուբլու (մոտ 11,5 հազար դոլար) տուգանք է սահմանել։
Նիստի ընթացքում դատախազը Նավալնու համար պահանջել էր խիստ ռեժիմի գաղութում 13 տարվա ազատազրկում՝ ազատության երկու տարվա սահմանափակմամբ, և 1,2 մլն տուգանք։
Ընդդիմադիր գործչի փաստաբանը պնդել էր, որ նա արդարացվի և մատնանշել Նավալնու գործողություններում հանցակազմի բացակայությունը։
Նավալնին մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Խոսքը 2018 թ-ի նրա նախընտրական արշավի և Նավալնու գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գործունեության համար նվիրատվությունների ենթադրյալ «հափշտակության» մասին է։
Դատարանին վիրավորելու դրվագը կապված է այն բանի հետ, որ Նավալնին վիրավորել է դատավորին, դատախազին և Հայրենական Մեծ պատերազմի վետերանի թոռ Իգնատ Արտյոմենկոյին, 2021 թ-ին Արտյոմենկոյի հասցեին զրպարտության գործով դատաքննության ժամանակ։
Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Նավալնու կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ կոռուպցիայի բացահայտումը, հավասարեցվել է ահաբեկչության։
2021 թ-ին Նավալնու դեմ քրեական գործ էր հարուցվել նաև էքստրեմիստական հանրության և քաղաքացիների անձը և իրավունքները ոտնահարող կազմակերպության ստեղծման գործերով։
Նավալնու գլխավորած բոլոր կազմակերպություններն «էքստրեմիստական» են հայտարարվել և արգելվել։
Ալեքսեյ Նավալնին, որը հրաշքով է փրկվել մարտական «Նովիչոկ» քիմիական նյութով թունավորվելուց հետո, կալանավորվել է 2021 թ-ի հունվարի 17-ին, հենց օդանավակայանում, երբ Գերմանիայից Ռուսաստան է վերադաձել բուժում անցնելուց հետո։ Ավելի ուշ դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա և ութ ամսվա բանտարկության՝ քրեական գործերից մեկով պայմանական ժամկետն իրականով փոխարինելով։ Խոսքը խարդախության և վատնման մեղադրանքների մասին էր։