Ռուսական անձնագիր Աբխազիայում. ավելի լավ կյանքի տո՞մս, թե՞ վտանգի աղբյուր
Ռուսական անձնագիր Աբխազիայում
Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի բարեփոխումը 3.5 անգամ արագացրել է ՌԴ քաղաքացիության դիմումների մշակումը: Այս թվացյալ ձանձրալի վիճակագրությունը ցույց է տալիս աբխազական կյանքի առանցքային և վիճահարույց կողմերից մեկը։
Որոշ աբխազների համար ռուսական անձնագիրը աշխարհը տեսնելու միակ հնարավորությունն է, մյուսների համար՝ կարիերա կառուցելու կամ արժանապատիվ ծերություն ունենալու, իսկ երրորդների համար՝ կասկածի և վախի աղբյուր:
Քանի որ աշխարհի երկրների մեծամասնությունը չի ճանաչում Աբխազիան՝ որպես անկախ պետություն, աբխազական անձնագիրը գործնականում իրավական ուժ չունի հանրապետության սահմաններից դուրս: Սա նշանակում է, որ դրանով անհնար է ճանապարհորդել որևէ տեղ, բացի Ռուսաստանից: Հետևաբար, Աբխազիայի շատ բնակիչներ ձեռք են բերում երկրորդ՝ ռուսական քաղաքացիություն: Սակայն տեղաշարժի ազատությունը միակ խնդիրը չէ:
Եռակի արագացում
Մինչև վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հերթի արագությունը լայնածավալ բողոքներ էր առաջացնում Աբխազիայի քաղաքացիների շրջանում: Հյուպատոսությունը կարող էր ամսական ընդունել միայն 120 մարդու փաստաթղթեր՝ 3000 դիմորդների սպասման ցուցակից: Հետևաբար, սպասման ժամկետը գերազանցում էր 3 տարին։
Իրավիճակը լուծելու համար Աբխազիայում ՌԴ նոր դեսպան Վյաչեսլավ Գլադկովը դիմեց Ռուսաստանի նախագահի վարչակազմին՝ օգնության համար: Գործընթացին միացան «Սենեժ» կառավարման արհեստանոցի փորձագետները, որոնք մասնագիտացած են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեթոդաբանության հիման վրա աշխատանքի ժամանակակից կազմակերպման մեջ: Նրանց հիմնական նպատակն էր վերացնել դիմումների ընդունման գործընթացի բոլոր ավելորդ քայլերը, պարզեցնել լոգիստիկան և այդպիսով դիմորդներին զերծ պահել երկար սպասելուց։
Աբխազիայի պետական համալսարանը նույնպես աջակցություն ցուցաբերեց նախագծին։ Իրավաբանական ֆակուլտետի ուսանող-կամավորներին հանձնարարվեց նախնական խորհրդատվություն և օգնություն տրամադրել քաղաքացիության դիմումի ձևերը ճիշտ լրացնելու հարցում։
2026 թվականի սեպտեմբերի վերջին դիմումի մշակման արագությունը 3,5 անգամ աճել էր, դեսպանատունը նախատեսում է զգալիորեն կրճատել հերթը մինչև տարեվերջ։
Մեկ այլ հարց՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հերթ են կանգնում Ռուսաստանի քաղաքացիության համար, և ինչո՞ւ է դա նրանց անհրաժեշտ։ Եվ կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր չեն շտապում այն ստանալ, նույնիսկ պարզեցված ընթացակարգով։
Այդ ամենը պարզելու համար զրուցել ենք Սուխումի բնակիչների հետ։ Ստորև ներկայացնում ենք նրանց պատմությունները։
Անձնագիրը՝ որպես մեկուսացումից դուրս գալու միջոց
38-ամյա Դիանա Չելիձեն ռուսական անձնագիր ստանալը համարում է ավարտն այն մեկուսացման, որի մեջ նա անցկացրել է գրեթե ամբողջ չափահաս կյանքը։
Դիանան մանկուց ապրել է Ռուսաստանում և այնտեղ է հաճախել դպրոց, սակայն ծնողները չեն հասցրել նրա համար ռուսական քաղաքացիություն ստանալ։ Հետագայում Դիանան փորձել է ինքնուրույն լուծել խնդիրը, սակայն բախվել է անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների։ Նա ցանկալի փաստաթուղթը կարողացել է ստանալ միայն այն բանից հետո, երբ 2025 թ․-ին Աբխազիայի քաղաքացիների համար վերսկսվել է պարզեցված ընթացակարգով անձնագրերի տրամադրման գործընթացը։
«Ես այս հնարավորությանը սպասել եմ երկար տարիներ։ Իմ ողջ երիտասարդությունն անցել է Աբխազիայի և Ռուսաստանի սահմաններում։ Անձնագիր ստանալուց հետո առաջին վայրը, որ այցելել եմ, Ստամբուլն էր։ Աննկարագրելի զգացողություն էր՝ պարզապես տոմս գնել և թռչել։ Հիմա ես ակտիվորեն գումար եմ խնայում Մալդիվների համար։ 38 տարեկան եմ, և միայն հիմա եմ հնարավորություն ստացել տեսնելու աշխարհը։ Ես անչափ ուրախ եմ այս նորահայտ ազատության համար»,— իր ուրախությամբ կիսվում է Դիանան։
Կարիերայի մեկնարկ և ապագա կենսաթոշակ
Թեև Դիանայի ռուսական անձնագիրը նրան թույլ է տալիս ճանապարհորդել, նրա շատ հայրենակիցների համար դա հաճույքի հարց չէ, այլ սոցիալական և մասնագիտական տարրական կայունության։
Լիանա Գեորգիևնա Ավիձբան 71 տարեկան է։ Ամբողջ կյանքում աշխատել է, սակայն այժմ ստանում է չնչին աբխազական թոշակ՝ 6000 ռուբլի [մոտ 70 դոլար]։
«Այսօր այդ գումարով ապրելը գործնականում անհնար է։ Ես ռուսական անձնագիր ստացա միայն իմ խորհրդային աշխատանքային ստաժն օգտագործելու և ռուսական կենսաթոշակի համար դիմելու համար։ Հիմա, երբ փաստաթուղթն արդեն իմ ձեռքում է, անմիջապես կզբաղվեմ կենսաթոշակի համար դիմելով»,— ասում է Լիանա Գեորգիևնան։
Երիտասարդները, ովքեր իրենց ապագան կապում են Ռուսաստանում աշխատելու հետ, այլ մոտիվացիա ունեն։ Ռուսական համալսարաններից մեկի ուսանող Միլանա Կվիցինիան այժմ քաղաքացիություն ստանալու գործընթացի մեջ է։
«Առանց ռուսական անձնագրի Ռուսաստանում նորմալ, պաշտոնական աշխատանք գտնելը չափազանց դժվար է հիմա։ Գործատուները դժկամությամբ են վարձում օտարերկրացիների։ Ես սովորում եմ ՌԴ-ում և պլանավորում եմ մնալ այնտեղ աշխատելու, ուստի անձնագիրը կենսական անհրաժեշտություն է ինձ համար»,— բացատրում է Միլանան։
Երկրորդ քաղաքացիությո՞ւն։ Ոչ, շնորհակալ եմ
Սակայն Աբխազիայի բոլոր բնակիչները չէ, որ ցանկանում են դառնալ Ռուսաստանի քաղաքացի։
Ալբինան, ով 10, 12 և 17 տարեկան երեք որդիների մայր է, դիտավորյալ հետաձգում է նրանց համար ռուսական անձնագրեր ստանալը։ Նրա հիմնական վախն այն է, որ իր որդիները կանցնեն զինվորական հաշվառում և կզորակոչվեն ռուսական բանակ։
«Ինձ ասում են, որ երկքաղաքացիության դեպքում տղաները կկարողանան ընտրել, թե որտեղ են ուզում ծառայել։ Բայց ես չեմ հավատում դրան։ Ես տեսնում եմ, թե ինչպես են իմ ընկերների որդիներին, որոնք սովորում են Ռուսաստանում, անմիջապես հաշվառում զինվորական ծառայության համար։ Նրանց ծնողներն ապրում են մշտական վախի մեջ, որ իրենց որդիներին կուղարկեն ռազմաճակատ։
Ես վստահ եմ, որ մեզ մոտ չեն դադարեցնի [ռուսական] քաղաքացիություն տրամադրումը։ Երբ [իմ որդիները] մեծանան և ցանկանան դա, թող իրենք ձեռք բերեն։ Բայց առայժմ, որպես մայր, ես ռիսկի չեմ դիմի»,— ասում է Ալբինան։
24-ամյա Լեոնիդ Թոփչյանը ծագումով հայ է և կարծում է, որ ռուսական անձնագիրն իրեն ընդհանրապես պետք չէ։
Լեոնիդը և նրա ծնողները ընտանեկան բիզնես են զարգացնում Աբխազիայում. նրանք աճեցնում են մանդարին, խուրմա և ֆեյխոա, վաճառքի համար պատրաստում տնական կոմպոտներ, թթու լավաշ և չիր։
«Ես մշակում եմ իմ հողը, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում և գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ։ Ռուսական անձնագիրն ինձ պարզապես պետք չէ։
Եթե երբևէ երկրորդ քաղաքացիություն ստանամ, այն կլինի հայկական։ Այս պահին չեմ կարող մեկնել Հայաստան, չնայած իմ ընկերներից և հարազատներից շատերը այնտեղ են մեկնում նույնիսկ աբխազական անձնագրերով. այստեղի սփյուռքը շատ է աջակցում»,— պատմում է Լեոնիդը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուսական անձնագիր Աբխազիայում