Շոյգու․ «2024 թ․-ին Վրաստանը կանխեց պետական հեղաշրջումն ու պաշտպանեց իր ազգային շահերը»
ՌԴ-ն սկսել է հաճախ գովաբանել «Վրացական երազանք»-ին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ընտրած ուղեգիծը և ողջունել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև տնտեսական կապերի խորացումը։
Շոյգուն այդ մասին հայտարարել է նոյեմբերի 9-ին Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
«2024 թվականին Վրաստանի իշխանությունները հաջողությամբ կանխեցին արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջման փորձը և որդեգրեցին երկրի ազգային շահերի պաշտպանության ուղեգիծ»,- նշել է Շոյգուն։
Նույն հանդիպման ժամանակ Շոյգուն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։
«Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միաժամանակ, պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ առանց արտաքին երկրների միջամտության»,— հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Շոյգուն նաև կարևորել է տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի աշխատանքի վերսկսումը։ Ներկայումս այս ձևաչափն ընդգրկում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։
«3+3» ձևաչափի գաղափարն առաջ է քաշվել 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Այս ձևաչափը նախատեսում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծում, որի նպատակն է ապահովել տևական խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում։ Չնայած Ռուսաստանի հնչեցրած բազմաթիվ կոչերի՝ Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այս ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպումներին։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականին, իսկ երկրորդը՝ 2023 թվականին։ Վրաստանը դրանցից ոչ մեկին չի մասնակցել։
Շոյգուն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։
Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը բարելավվում է, և որ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը արդյունքներ են տալիս»։
- «Վախով թելադրված որոշում»․ Իրակլի Ղարիբաշվիլին՝ իր գործի դռնփակ քննության մասին
- «ՀԿ-ներն արհեստական երևույթ են»․ Վրաստանում կփակվի դրամաշնորհների կառավարման գործակալությունը
- Վրաստանի ՍԴ-ն կքննի 5 ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու հայցը
«Վրացական երազանքը»՝ Շոյգուի հայտարարության մասին
Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին լրագրողներին ասել է, որ Շոյգուի արտահայտությունները պարզապես «փրկօղակ են ծառայում այն լրատվամիջոցների և նրանց աջակցող քաղաքական գործիչների համար, որոնք կատաղի պայքար են մղում պետության դեմ»։
Նա հավելել է, որ Վրաստանում, ըստ էության, տեղի է ունեցել իշխանության բռնի տապալման փորձ, և որ այդ իրադարձության վերաբերյալ Շոյգուի գնահատականը որևէ նշանակություն չունի.
«Չգիտեմ՝ դուք ինչն եք «գովասանք» անվանում, բայց իրականում տեղի է ունեցել ապստամբության փորձ, պետական հեղաշրջում և իշխանության բռնի տապալում, թեև փորձ էր արվում դա ներկայացնել որպես «իշխանության խաղաղ փոխանցում»։ Թե ինչպես է Շոյգուն որակում դա, բացարձակապես կարևոր չէ»։
Ինչ վերաբերում է «3+3 ձևաչափին», ապա Վոլսկին նշել է, որ ոչ միայն Վրաստանը, այլև մյուս երկրները, որոնք պետք է ներգրավվեին այդ ձևաչափում, առանց որևէ ոգևորության են վերաբերվում դրան։
Համատեքստ
Շոյգուի հայտարարությունը առաջին դեպքը չէ, երբ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները դրական են արտահայտվում «Վրացական երազանքի» վարած քաղաքականության մասին։
Ընթացիկ տարվա մեջ Մոսկվան բազմիցս ազդարարել է Վրաստանի կառավարության որդեգրած ուղեգծին աջակցելու մասին։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք ուղղված են Ռուսաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացմանը։ Նա նաև ցանկություն էր հայտնել, որ Թբիլիսիում բացվի Ռուսաստանի դեսպանատուն։
Օգոստոսին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը դրական էր գնահատել Վրաստանի կառավարության որդեգրած «պրագմատիկ կուրսը», իսկ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել էր, որ Վրաստանի հաջող զարգացումը պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, այլ ոչ թե առճակատմամբ։
Ավելի վաղ՝ ապրիլին, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, բայց այդ գործընթացի մասշտաբը կախված է հենց Թբիլիսիի պատրաստակամությունից։
Մարտին Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան պատրաստ է խորացնել Վրաստանի հետ կապերը՝ հավելելով, որ «վրացական կողմը նույնպես շահագրգռված է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններով»։ Փետրվարին Գալուզինն ընդգծել էր, որ «Ռուսաստանի հետ համագործակցությունը Վրաստանի «աննախադեպ տնտեսական» վերականգնման առանցքային գործոններից մեկն է»։
2008 թ․-ի սեպտեմբերի 2-ին՝ նույն տարվա օգոստոսին տեղի ունեցած պատերազմից հետո, Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այդ որոշումը կայացվեց Ռուսաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչելուց, ինչպես նաև վրացական տարածքների օկուպացիայից հետո։ Այդ ժամանակից ի վեր տնտեսական կապերը աստիճանաբար վերականգնվել են, թեև քաղաքական երկխոսությունը շարունակվում է սահմանափակ ձևաչափով։
Նմանատիպ հայտարարություններ արվել էին նաև անցյալ տարի։
2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ Թբիլիսին ցույց է տալիս «ողջամիտ պրագմատիզմ» և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Նա դրական էր գնահատել Վրաստանի՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու որոշումը՝ նշելով, որ այդ մոտեցումը նպաստել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ-ն սկսել է հաճախ գովաբանել «Վրացական երազանք»-ին