Պատերազմն Աբխազիայում և մութ 90-ականները: Վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայի ամենաանձնական հավաքածուն
«Վրաստան», «Աստված, թողություն շնորհիր», «Սուխումի». վրացերենով այս գրառումներով Փարիզի պոդիումով քայլում էին մոդելները, որոնք ներկայացնում էին Vetements նորաձևության բրենդի նոր հավաքածուն, որի հիմնադիրն ու կրեատիվ տնօրենը վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան է:
Vetements-ի գարուն-ամառ 2019 հավաքածուն այս անգամ նվիրված էր դիզայների հայրենիքին՝ Վրաստանին: Դեմնան հանրությանը ծանոթացրեց իր մանկության պատմությանը: Հավաքածուն նվիրված էր վրացական 90-ականներին՝ ծանր շրջանին, որում նա մեծացել է:
Ուշադրության կենտրոնում վրաց-աբխազական հակամարտությունն էր, քաղաքացիական պատերազմն ու ժամանակակից Վրաստանը:
Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը հաճախ է հարցազրույցներում ընդգծում, որ ծնվել է Սուխումիում, և ռազմական կոնֆլիկտի ժամանակ նրա ընտանիքն այլ վրացիների հետ մեկտեղ ստիպված էր փախչել իրենց տներից: Հենց այդ հիշողություններն են հիմք դարձել նորաձև հավաքածուի ստեղծման համար:
Նկարագրելով ցուցադրությունը՝ Դեմնա Գվասալիան լրագրողներին հայտարարել է, որ «ցանկացել է մի պատմություն պատմել», որը նվիրված է «ընտանիքին ու պատերազմին»:
Ըստ նրա՝ ինքը «փորձել է հասկանալ իր տրավմայի էությունը, որը ստացել է պատերազմներով կեղեքվող Վրաստանում մեծանալու ժամանակ, որտեղ նրա տունը ռմբակոծվել է, իսկ իր տատը՝ սթրեսից ժամանակավորապես կորցրել հիշողությունը»:
«Ես վերադարձել եմ Վրաստանի իմ անցյալ, որպեսզի բախվեմ վախերիս և ցավոտ պահերին, որոնց ես երբեք չեմ անդրադարձել 90-ականների պատերազմից հետո», — ասել է Գվասալիան:
Vetements-ը հայտարարել է նաև հավելվածի թողարկման մասին, որով հնարավոր կլինի իրերի QR-կոդերը սկանավորել 1992թ-ին Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին իմանալու համար:
Ցուցադրությունը կայացել է Փարիզում՝ կամրջի տակ, փողոցում: Որպես պոդիում են ծառայել խնջույքի երկու սեղան, իսկ հյուրերը նստել են շղարշաձև գործվածքով կապկպած սպիտակ պլաստիկե աթոռների վրա:
Պոդիումի համար Վրաստանում 40 մոդել են ընտրել. նրանց մեծ մասն, ինչպես ընդունված է Vetements-ի ցուցադրություններին, պրոֆեսիոնալ մոդել չէ:
Սվիթշոթներ և հուդիներ՝ սադրող գրառումենրով, խալաթների տեսքով թրենչեր, «բանդիտական» կաշվե վերնազգեստներ, քրեական դաջվածքներով և եկեղեցական թեմաներով վերնաշապիկներ, Վիկտոր Ցոյի պատկերով հագուստներ:
Հավաքածուում շատ է վրացական այբուբենը: Հուդիների, սվիթշոթերի և բոմբերների վրա վրացերեն բառեր և կարգախոսներ են՝ «Բավական է», «Աստված, ներիր մեզ»: Վերջին արտահայտությունը հեգնական հղում է Վրաստանում եկեղեցու վիճելի գործողություններին:
Գվասալիան արձագանքել է նաև Թբիլիսիում երիտասարդության վերջերս անցկացրած բողոքի ցույցերին և հիշեցրել «գիշերային ակումբների փակման մասին»: Բոմբերներից մեկի վրա գրված է «We dance together, We fight together»՝ վրաց երիտասարդության կարգախոսը, որը մայիսին, երբ Թբիլիսիում թմրանյութի վաճառքով զբաղվողներին բռնելու պատրվակով գիշերային ակումբներ էին փակում, բողոքի ցույց էր անում, ռեյվեր կազմկերպում խորհրդարանի շենքի մոտ:
Գվասալիայի հավաքածուն բացարձակ հիթ է դարձել սոցցանցերի վրացական հատվածում: Ֆեյսբուքի օգտատերերը շնորհակալություն էին հայտնում դիզայներին անկեղծության և հիշելու համար: