Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են նորից հանդիպել։ Նյու Յորքում ձեռք բերված պայմանավորվածության մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
«Դրական եմ համարում այն, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող կամ լուծում ստացող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման առարկա դարձնել հումանիտար հարցերը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց առնչվող, ինչպես նաև «հաստատման սպասող, մեր կողմից ներկայացված գերիների առկայության» հարցերին․
«Կարծում եմ, որ այս խնդիրների դրական լուծումը առաջին հերթին Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման վկայություն կլինի և կստեղծի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»:
Միրզոյանը դրական է գնահատել բանակցային գործընթացի վերսկսումը՝ մատնանշելով, որ դա ևս մեկ անգամ փաստում է՝ խնդիրը լուծված չէ։
«Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում պահանջում է, և լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով՝ միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով», — ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Մեկ օր անց՝ հոկտեմբերի 7-ին, հանդիպման պայմանավորվածության մասին տեղեկությունը հաստատել է նաև պաշտոնական Բաքուն։ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ օգտակար են համարում հետպատերազմական շրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները։
«Մենք չենք բացառում հանդիպումն ապագայում», — ասել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ Սա երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։