Չեռնոբիլի ԱԷԿ–ում վթարներ եղել են նաև մինչև 1986 թվականը․ գաղտնազերծված նոր փաստաթղթեր
Չեռնոբիլի ատոմակայանում վթարներ եղել նաև մինչև 1986 թ–ի ապրիլը, սակայն Խորհրդային Միությունը դրանք թաքցրել է։ Այս մասին հայտնի է դարձել «ՊԱԿ չեռնոբիլյան գործը։ Շինարարությունից մինչև վթար» ժողովածուի երկրորդ գրքի շնորհանդեսի ժամանակ, որը կազմակերպել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության ճյուղային պետական արխիվը և Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը։
Այս գիրքը 229 փաստաթուղթ է պարունակում, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրապարակվում։ Փաստացի այստեղ առաջին անգամ են հիշատակվում Չեռնոբիլի աղետի և դրան նախորդած իրադարձությունների գաղտնի դետալները։ Շնորհանդեսը սիմվոլիկ կերպով կայացել է Չեռնոբիլի օտարման գոտում։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ճյուղային պետական արխիվի տնօրենը և հրատարակման կազմողներից մեկն՝ Անդրեյ Կոգուտը պատմել է, որ նոր գրքում ներառված փաստաթղթերի մեջ կան տեղեկություններ 1986 թ–ին տեղի ունեցած վթարների մասին, ապրիլի 26–ի գիշերը Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած հեռախոսազանգերի վերծանումը, վթարի մասին առաջին հաղորդման նմուշը, հետաքննության մեկնարկի և «Սարկոֆագի» շինարարության մասին տեղեկություններ։

Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտի նախագահ Անտոն Դրոբովիչը հավելել է, որ այդ նյութերը թույլ են տալիս ավելի լավ հասկանալ աղետը՝ դրա նախադրյալները, հաշվետվություններն ու նյութերը, որոնք վկայում են «փոքր» վթարների մասին, որոնք տեղի են ունեցել ատոմակայանում ավելի վաղ և չեն հանրայնացվել։
Հրատարակումը փաստագրական գրքերի շարքի շարունակությունն է։ Առաջինը, որը 210 փաստաթուղթ էր պարունակում, հրապարակվել է 2019 թ–ի գարնանը։