Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հետ է կանչվել Սաակաշվիլիի նշանակման պատճառով
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն խորհրդատության համար հետ է կանչվել Թբիլիսի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ նշանակելու առնչությամբ։
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Նրա խոսքով՝ Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրում մի մարդու պաշտոն տալը, որին վրացական դատարանը դատապարտել է և հետախուզում հայտարարել, «հարցեր է առաջացնում»։
- Մեկնաբանություն․ Սաակաշվիլիի երրորդ գալուստն Ուկրաինա
- «Վրացական» և «ուկրաինական» Սաակաշվիլի չորս տարբերություն
Նախարարը նշել է, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է, երբ երկու երկրների միջև հարաբերություններում «որոշակի խնդիրներ» են առաջանում և անհրաժեշտ է խորհրդատվություն անցկացնել դեսպանի հետ։
Նախարարը նշել է, որ Վրաստանը չի դիտարկում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարբերությունները խզելու հարցը։ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ մայիսի 7–ին նախագահ Զելենսկու հրամանով։
Ապրիլի 22–ին Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրենց առաջարկել է բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Ի պատասխան այս հայտարարության՝ վրացական կառավարությունը բողոքի նոտա է հղել։
«Խայտառակ որոշում»․ այսպես արձագանքեց վրացական քաղաքական ընդդիմությունը Վրաստանի կառավարության՝ Ուկրաինայից դեսպանին հետ կանչելու որոշմանը։ Որոշ ընդդիմադիրների կարծիքով՝ Ուկրաինայի նկատմամբ իր գործողություններով «վրացական կառավարությունը Վրաստանի շահերին դեմ է գործում»։