Բաքվում հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին քաղաքից դուրս են բերել և ազատ արձակել։ Թարմացում
22.00
Բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են Բաքվի հանրահավաքի ժամանակ, ազատ են արձակել։ Ոստիկանությունը նրանց ավտոբուսներով դուրս է բերել քաղաքից և ազատ արձակել։
«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի խոսքով՝ իրեն չորս ժամ «ման են տվել» ավտոմեքենայով, հետո ազատ արձակել մայրուղում։
17:00
Նախանշված ժամին ԿԸՀ շենքի դիմաց մի քանի տասնյակ ընդդիմադիր և ակտիվիստ է հավաքվել, ինչպես նաև լրագրողներ, շատ ոստիկաններ և հատուկջոկատայիններ։
Ոստիկանությունը շղթայել էր ողջ տարածքը, մասնակիցներին ձերբակալում էին նրանց հայտնվելուն պես և մտցնում ավտոբուսները։ Նրանց մի մասին տարել էին որոշակի հեռավորության վրա և բաց թողել։
Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվել է ոչ պակաս, քան 50 մարդ։
13:30
Հանրահավաքի մեկնարկից երկու ժամ առաջ ԿԸՀ-ի շենքի հարակից տարածքում ոստիկաններ են հավաքվել։
Ակցիայի անցկացման վայր մեկնելիս կամ տնից անմիջապես դուրս գալիս ձերբակալվել են «Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության մի քանի ակտիվիստ և հանրահավաքի ևս մի քանի պոտենցիալ մասնակից։ Ոստիկանությունը շղթայել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի տունը։
Հանրահավաքի նախադրյալներ
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են փետրվարի 9–ին։ Դրանցում հերթական անգամ հաղթանակն է տարել իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։
Ընդդիմադիր անկախ թեկնածուներից շատերն ընտրությունների արդյունքները կեղծված և ոչ ժողովրդավարական են համարել։ Դրա հետ համաձայն են նաև ընտրություններին հետևած միջազգային կազմակերպությունները։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ընտրություններն ազնիվ են անցել։
• Կարծիք։ Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում
Փետրվարի 11–ին մի խումբ անկախ թեկնածուներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԸՀ շենքի մոտ, սակայն ոստիկանությունն այն դաժանաբար ցրել է։
Դեռևս ընտրությունների մեկնարկից առաջ «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը խոստացել էր զեղծարարությունների դեպքում հանրահավաք անել։ Ընդ որում, ՌԵԱԼ–ի անդամ Էրքին Գադիրլին, այնուամենայնիվ, խորհրդարան է անցել՝ դառնալով ընտրություններում հաղթած միակ ընդդիմադիրը։