Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում
Հայաստանում 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին զուգահեռ ձևավորվում է երկրի նոր կառավարությունը։ Սահմանադրության համաձայն՝ վարչապետի պաշտոնում նշանակվել է խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին վարչապետ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։ Նախարարների մեծ մասը նույնպես վերանշանակվել է։
Փոփոխություն է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմում։ Աշխատակազմի ղեկավար է նշանակվել վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։ Նախկին ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը, օգոստոսի 2-ից ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ որոշել է բարձր պաշտոններում նշանակել նաև աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտ հանդիսացող մի շարք դիմումատուների, որոնք հայտ են ներկայացրել և հայտնվել Կառավարության կադրային բանկում։
«Առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը»,- ընդգծել է նա։
- Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
- «ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
Նախարարներից ովքե՞ր են վերանշանակվել
Վարչապետ Փաշինյանի առաջարկով իրենց պաշտոններում վերանշանակվել են՝
- Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
- Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը,
- Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը,
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
- Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
- Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
- Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
- Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Չի վերանշանակվել միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ինքը՝ Հայրապետյանը, ցանկություն չի հայտնել շարունակելու պաշտոնավարումը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։ Վարչապետն այսօր նոր նախարարին ներկայացրել է նախարարության աշխատակազմին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մխիթար Հայրապետյանը։
Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է, և վստահեցրել, որ 24/7 հասանելի է լինելու նորանշանակ նախարարի և ԲՏԱ նախարարության թիմի համար։
«Պատրաստ եմ իմ համեստագույն գիտելիքներն ու փորձառությունը տալ այնքան, որքան Դուք դրա կարիքը կզգաք»,- ընդգծել է Հայրապետյանը։
Դավիթ Թադևոսյանը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2012-2014 թթ․-ին սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), ստացել է ճարտարագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան (Master of Science in Engineering and Management)։
Մինչ այս Թադևոսյանը զբաղեցնում էր «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ 2024-25 թթ․ եղել է Նուբար Աֆեյանի Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրենը։ Ավելի վաղ աշխատել է նաև «Վալլեքս Մայնինգ» ընկերությունում, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում, SberSpinoff ընկերությունում։
Կառավարության կադրային բանկում հայտնվելու համար ստացվել է 1141 հայտ
2026 թ․-ի խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց՝ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի պետական կառավարման համակարգին։ Այսօր արդեն վարչապետն արձանագրել է՝ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության, ստացվել է 1141 հայտ։
«Դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է»։
Վարչապետը տեղեկացրել է, որ հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ներառված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։
Հիշեցրել է՝ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա 1 տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում