«Նա բանտից դուրս կգա և կրկին դանակը ձեռքը կառնի», - տուժածի ընտանիքը չի հավատում, որ ադրբեջանական դատարանն իրենց կպաշտպանի
Դիլյարա Զեյնալովայի ընտանիքը, որին փորձել է սպանել նախկին ամուսինը, վախենում է, որ նա չափազանց մեղմ պատժի կենթարկվի և բանտից դուրս գալուց հետո գործն ավարտին կհասցնի։
«Մենք պահանջում ենք ամենախիստ պատիժը հանցագործի համար։ Եթե հասնում է, ապա՝ ցմահ բանտարկություն», — մեջբերում է Turan գործակալությունը տուժածի մոր խոսքերը։
Նա կարծում է, որ Ադրբեջանում չեն աշխատում ընտանեկան բռնության դեմ օրենքները, և իշխանությունն այդ առումով անգործունակ է։
Դիլյարա Զեյնալովայի պատմությունն Ադրբեջանում վերջին մի քանի ամսում կենցաղային բնույթի սպանության ամենաաղմկահարույցներից փորձերից մեկն է, բայց ոչ միակը։ Այսպես, 2019 թ–ի հոկտեմբերին ընտանեկան վեճի ժամանակ սպանվել էր բաքվեցի Լեյլա Մամեդովան․ ամուսինը նրան 25 անգամ հարվածել էր դանակով։ Մարդասպանի դատավճիռը դեռ չի հրապարակվել, և լրատվամիջոցներն արդեն դադարել են հետևել իրադարձությունների զարգացմանը։
• Արշավ սոցցանցերում՝ ի պատասխան Ադրբեջանում կենցաղային բնույթի սպանություններին
• Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված սպանությունների ժամանակագրություն
Դպրոցական սեր, ապահարզան և դանակի 15 հարված
2020 թ–ի փետրվարի սկզբին Դիլյարայի ամուսին Ջեյխուն Բահմանովը 15 անգամ նրան դանակով հարվածել էր հենց փողոցում՝ երեխաների աչքի առաջ։ Կինը կենդանի էր մնացել, սակայն վնասվել է նրա կոկորդը, թոքերն ու մի աչքը։
Ըստ Դիլյարայի մոր՝ Ջեյխունը մոլեռանդ հավատացյալ է։ Նա ու Դիլյարան համադասարանցիներ են եղել, և արդեն այն ժամանակ նա խանդի նոպայի ժամանակ Դիլյարային դանակով վնասել էր։ Այն, որ տղան ազատության մեջ էր մնացել, նախկին զոքանչը բացատրում է նրա հոր բարձր պաշտոնով։
Չնայած կատարվածին՝ Դիլյարան, այնուամենայնիվ, ամուսնացել է նրա հետ։ Ավելի ուշ նա բացատրել է, որ հրաժարվելու դեպքում Ջեյխունը սպառնացել է իր ընտանիքի հախից գալ։
Մայրը պատմում է, որ Դիլյարան 17 տարի դիմացել է բռնությանը, որից հետո՝ բաժանվել։ Դրա հետ չհամակերպվելով՝ նախկին ամուսինը փորձել է սպանել նրան։
Ջեյխուն Բահմանովի դեմ քրեական գործ է հարուցվել առողջությանն առանձնակի դաժանությամբ վնաս հասցնելու ու սպանությանը նախապատրաստվելու հոդվածով։ Այժմ նա քննչական մեկուսարանում է։ Կոկորդի վնասվածքների պատճառով Դիլյարան դեռ չի կարողանում խոսել, և քննությունը սպասում է, թե երբ կինը կկարողանա ցուցմունք տալ։
Դիլյարա Զեյնալովայի ծնողները չեն հավատում պետությանն ու վախենում են, որ հանցագործը կդատապարտվի ընդամենը 6-7 տարով, ինչպես հաճախ լինում է։
This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.