Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին Ռուսաստան է վերադառնում, որտեղ նրան կարող է բանտ սպառնալ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը ողջ է մնացել թունավորումից հետո և Գերմանիայում է բուժվում, հայտարարել է, որ Մոսկվա է վերադառնում հունվարի 17-ին, հաղորդում է «Նովայա գազետա» պարբերականը։
««Վերադառնալու-չվերադառնալու» հարց ինձ մոտ երբեք չի առաջացել։ Պարզապես որովհետև ես չեմ էլ մեկնել։ Ես Գերմանիայում եմ հայտնվել վերակենդանացման արկղում այնտեղ տեղափոխվելով, միայն մեկ պատճառով՝ ինձ փորձել են սպանել», — ասել է քաղաքական գործիչը սոցցանցերում։
Օգոստոսից Նավալնին Գերմանիայում է, ուր տեղափոխվել է Օմսկում հոսպիտալացվելուց հետո։ Մի քանի լաբորատորիաներ արձանագրել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի մարտական նյութով։ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում բուժվելուց հետո Նավալնին վերականգնողական շրջան է անցել Գերմանիայում։
Նավալնին մահափորձի համար մեղադրել է ռուսական իշխանություններին, իսկ միջազգային հետազոտական խումբը պարզել է ենթադրյալ թունավորողների անունները, որոնք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ են։
Ռուսական իշխանությունները թունավորման հետաքննություն չեն վարում և հերքում են կատարվածի հետ ցանկացած կապ։
Նավալնիին կալա՞նք է սպառնում
Բացի այդ, Ռուսաստանում Նավալնու դեմ քրեական գործ է հարուցվել Երկրորդ աշխարհամարտի վետերանի հասցեին զրպարտության համար։ Այս հոդվածով նրան տուգանք և մինչև 240 հազար ժամ պարտադիր աշխատանք է սպառնում։
Իսկ պատժի իրականացման դաշնային ծառայությունը դատարանից պահանջել է քաղաքական գործչին երեք ու կես տարով գաղութ ուղարկել 2014 թ․ քրեական գործով, որով նա պայմանական է դատապարտվել։ Գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիր գործչի Գերմանիա տեղափոխվելը խախտում է պայմանական պատժի պայմանները։
Դեկտեմբերի վերջին քննչական կոմիտեն Նավալնու դեմ նոր գործ է հարուցել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցների մսխման մեղադրանքով։ Այս հոդվածով նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Ի՞նչ է այս մասին ասում Նավալնին
Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ հետաքննությունները սկսվել են իրեն հայրենիք վերադառնալ թույլ չտալու համար։
«Պուտինը, որն իմ սպանության մասին հրաման է տվել, իր բունկերով մեկ ճղճղում է և ծառաներին հրամայում, որ ամեն ինչ անեն, որ ես չվերադառնամ։ Ծառաները սովորականի պես են գործում․ իմ դեմ նոր քրեական գործեր են հորինում։ Սակայն թե ինչ են նրանք այնտեղ անում, ինձ այնքան էլ հետաքրքիր չէ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան՝ իմ քաղաքը, որը կարոտում եմ», — հայտարարել է Նավալնին հունվարի 13-ին։