Մոսկվա․ խուզարկություններ, կալանքներ, ընդդիմադիրների ծեծ՝ նոր ցույցերի նախաշեմին
Մոսկվայում շարունակվում են նախագահ Պուտինի հակառակորդների դեմ բռնաճնշումները։
Օգոստոսի 7-ին խուզարկություն է տեղի ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում, որը գլխավորում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հաղորդում է Մեդիազոնա պարբերականը։ Հիմնադրամի հինգ իրավաբան ստիպողաբար հարցաքննության է տարվել օրինականացված ապօրինի վաստակած դրամական միջոցների գործով, նրանցից մեկին ծեծել են։ Առգրավվել են համակարգիչներն ու այլ տեխնիկա։ Հիմնադրամի հաշիվների վրա կալանք է դրվել։ Ալեքսեյ Նավալնին կալանքի տակ է։
Ցույցի սակավաթիվ առաջնորդներից մեկը, որն ազատության մեջ է՝ Լյուբով Սոբոլն, իր Թվիթերում գրել է․
«Հիմնադրամի հաշիվներն արգելափակվել են, որպեսզի, առաջինը, խոչընդոտվի հիմնադրամի աշխատանքը, երկրորդը, որ խանգարեն մեզ վճարել բողոքի ցույցի ժամանակ ապօրինի ձերբակալվածների տուգանքները։ Այստեղից էլ՝ հապճեպությունը։ Քաղաքական ճնշման մակարդակը մի քանի անգամ աճել է։ Հիմնադրամը ցանկացած դեպքում շարունակելու է իր աշխատանքը»։
Մոսկվայում հուզումները սկսվել են հուլիսի 14-ին։ Դրանց պատճառը Մոսկվայի քաղաքային դումայի (տեղի օրենսդրական մարմին) ընտրություններին իշխանություններից անկախ թեկնածուներին գրանցելուց հրաժարվելն է եղել։ Նրանց մեծ մասն այժմ կալանքի տակ է։
Երկու անգամ՝ հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին, Մոսկվայի ցույցերը զանգվածային բնույթ են ձեռք բերել, դրանց մասնակցել է 15-17 հազար մարդ։ Դրանք դաժանաբար ճնշվել են ոստիկանների ծեծի և կալանքների միջոցով․ հուլիսի 27-ին կալանավորվել է ավելի քան 1500 մարդ, օգոստոսի 3-ին՝ ավելի քան 1000 մարդ։ Նրանցից 6-ի դեմ քրեական գործեր են հարուցվել ոստիկանությանը դիմադրելու համար, հարյուրավոր մարդիկ որպես վկա են ներգրավված զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով։
Իշխանությունների գործողություններն ուղղված են նրան, որ վախեցնեն ցուցարարներին հանրահավաքի նախաշեմին, որը Մոսկվայում կայանալու է օգոստոսի 10-ին։ Այն համաձայնեցված է իշխանությունների հետ, և սպասվում է, որ դրա մասնակիցների թիվը կգերազանցի 50 հազարը։