Միխեիլ Սաակաշվիլի․ կալանքից չեմ վախենում, այս ընտրություններին Վրաստան եմ գալու
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ տեսաուղերձ է հղել և հայտարարել, որ պատրաստվում է Վրաստան վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կայանալու են հոկտեմբերի 2-ին։
«Ես ուզում եմ կոչ անել արտասահմանում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին, որոնք հնարավորություն ունեն դա անելու, ընտրւթյունների օրն արձակուրդ վերցնել, ժամանակ և միջոցներ տրամադրել և օդային կամ ցամաքային տրանսպորտով, ով ինչպես կարող է, գալ Վրաստան», — հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը չի վախենում կալանքից, որովհետև վստահ է, որ վրացի ժողովուրդը կազատի իրեն և կազատի ինքն իրեն։ Ինչպես նշել է Սաակաշվիլին, իր երթուղին և վերադարձի օրը նա կհայտնի ավելի ուշ․
«Դուք գիտեք, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել։ Ես կարող եմ մեկնել ցանկացած երկիր, այդ թվում՝ Վրաստանի հարևան երկրներ, և ոչ մի տեղ ոչ ոք ինձ հարց չի տալիս Վրաստանում իմ դեմ հարուցված այսպես կոչված գործերից»։
Ըստ երրորդ նախագահի՝ ինքն «այդ ամենն անելու է հրապարակավ», և գալիք ընտրություններին ընդդիմության հաղթանակն «իրոք այլընտրանք չունի»։
Նա հայտարարել է նաև, որ ոչ մի «ռևանշ» ներկայիս իշխող կուսակցության նկատմամբ չի լինելու։
Միաժամանակ, նրա խոսքով, «Իվանիշվիլին [իշխող կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդը] մինչև վերջին կոպեկը վերադարձնելու է ողջ գողացվածը։ Նա փոխհատուցելու է երեխաներին, ում մայրերն ու հայրերն արտասահման են փախել, մեր գյուղացիներին, որոնք չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը, ներդրողներին և այն անձանց, որոնք վարկեր էին վերցնում և չէին կարողանում վերադարձնել դրանք, որովհետև ազգային արժույթի փոխարժեքը նվազել է երկու և ավելի անգամ։ Ես սա խոստանում եմ վրացի ժողովրդին»։
- Ճգնաժամը Վրաստանում ավարտվե՞ց։ Կառավարությունն ու ընդդիմության մի մասը համաձայնագիր են ստորագրել
- Վրացի ընդդիմադիր գործիչ Մելիան դուրս է եկել բանտից։ Նրա համար գրավը վճարել է Եվրամիությունը
Օգոստոսի 8-ին Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հանդիպուման նախօրեին Ղարիբաշվիլին հայտարարություն էր արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
«Մենք փողկապների մեծ ընտրանի ունենք՝ նրան դիմավորելու և բանտում նրա համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար», — ասել էր Ղարիբաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին ներկա պահին Ուկրաինայի քաղաքացի է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան նշանակել էր Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 2020 թ-ի մայիսի 7-ին։
Ավելի ուշ հայտարարությունը, որում նախկին նախագահը հաղորդում էր, որ Վրաստան է վերադառնում, արվել էր նախորդ տարվա օգոստոսի 27-ին։
Վրաստանի իշխանությունը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Վրաստանում նա հեռակա կարգով դատապարտվել էր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հանցանշաններ թաքցնելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծը կազմակերպելու համար։ Վրաստանի օրենսդրությունն արգելում է կալանավորներին և դատվածություն ունեցողներին պետական համակարգում աշխատել։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 2-ին։ Ընդդիմությունը հույս ունի, որ այս ընտրություններում հաղթելու դեպքում կարող է այնպես անել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։