Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 8-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռազմավարով տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հակառակորդից գրաված ռազմավարով հերթական տեսանյութն է հրապարակել։
-
Երկրորդ հարվածը Շուշիի եկեղեցուն, երեք լրագրող է վիրավորվել
Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ այսօրվա ընթացքում Ղազանչեցոց եկեղեցուն հասցված արդեն երկրորդ հարվածի հետևանքով լրագրողներ են վիրավորվել։ Նրանք նկարահանում էին նախորդ հարվածի հետևանքները։
«Սա միտումնավոր և նպատակաուղղված գրոհ է եկեղեցու և լրագրողների վրա, քանի որ նրանց հետևել են անօդաչու թռչող սարքերով», — գրել է օմբուդսմենը Twitter-ում։
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուս լրագրողներ են վիրավորվել։
-
Հակառակորդի ռազմական շարասյունը ոչնչացվել է․ Ադրբեջանի ՊՆ
«Հակառակորդի մարտական տեխնիկան, որը ցերեկային ժամերին վերադիրքավորվելու փորձ էր ուզում անել, ոչնչացվել է հրետակոծության հետևանքով։ Հակառակորդի ռազմական շարասյունը ոչնչացվել է», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա կմեկնի
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդել է, որ Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է գտնվելու հոկտեմբերի 11-13-ը և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։
«Ռուսաստանն ինչպես ազգային առումով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերն՝ ուղղված կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը», — հայտարարել է Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, և Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա «նպաստելու է Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը»
-
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է եկեղեցու ավերմանն իր մասնակցությունը
«Շուշայի եկեղեցու ավերումը ռազմական գործողությունների ընթացքում ոչ մի ընդհանրություն չունի ադրբեջանական բանակի գործունեության հետ», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ժնևում մեկնարկել են ղարաբաղյան սրացման շուրջ բանակցությունները
Ժնևում մեկնարկել են ղարաբաղյան սրացման շուրջ բանակությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Այս պահին հայտնի է հետևյալը (ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ)․
«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ են տարվում հինգշաբթի, Ժնևում, ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումն անցկացվում է ՄԱԿ սահմաններից դուրս, գաղտնի վայրում և փակ ձևաչափով։ Դրան մասնակցում են ԵԱՀԿ համանախագահները Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից»։
-
Ադրբեջանը խորհրդատվության համար հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին․ Ադրբեջանի ԱԳՆ
Ի պատասխան Բաքվից իր դեսպանին խորհրդատվության համար հետ կանչելու Հունաստանի ԱԳՆ որոշման՝ Աթենքում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել Բաքու խորհրդատվության համար,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հայաստանում շարունակում են փաստեր հավաքել հակառակորդի կողմից սիրիացի վարձկանների օգտագործման մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Սիրիայից բերված վարձկանների մասնակցության մասին։ «Զինուժ» հաղորդման մեջ տեսանյութ է հրապարակվել, որն արվել է Աֆրին քաղաքում։ Տեսանյութում տղամարդը դիմում է հավաքվածներին՝ հայտարարելով, որ Ադրբեջանում այժմ իսլամի պայքար է ընթանում։
-
Ադրբեջանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 31-ի․ գլխավոր դատախազություն
«Հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի բնակավայրերի հրետակոծման հետևանքով հոկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ զոհվել է 31 խաղաղ բնակիչ, ևս 154 մարդ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել», — հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հրետակոծման հետևանքով շարքից դուրս է եկել 133 քաղաքացիական օբյեկտ, 928 տուն և 45 բնակելի շենք,- նշված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Շուշիի գլխավոր եկեղեցին
Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծման հետևանքով տուժել է Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի), որը տեղացիները համարում են Շուշիի խորհրդանիշներից մեկը։ Ավերածության մասին է հաղորդել Լեռնային Ղարաբաղի Տեղեկատվական շտաբը։
Հայկական լրատվամիջոցների լրագրողները հաղորդում են, որ հրետակոծման պահին եկեղեցում երեխաներ են եղել, որոնք մինչ այժմ ուժեղ սթրեսի մեջ են։
-
Բարդայի տարածքը հրետակոծվում է «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրներից․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերը հարված են հասցրել Բարդայի շրջանի տարածքին «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրներից», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ղարաբաղում զինվորներին դրդում են դավաճանության․ Հայաստանի վարչապետը հաղորդել է պետական դավաճանության մասին
Երևանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ, որը Հայաստանի ղեկավարությանը մեղադրում էր տարածքներ հանձնելու նպատակով Ադրբեջանի հետ համաձայնության մեջ լինելու համար։ Այս մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Վարչապետը մի քանի օր առաջ իմացել է, որ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»»։ Ըստ Փաշինյանի՝ զինվորներին համոզել են, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն ունեն այս պատերազմի մասին, այնպես որ, դիրքերը պահելը իմաստ չունի։
«Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն», — հաղորդել է Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ է արել բոլորին, ովքեր ունեն նման տեղեկություններ, դիմել Ազգային անվտանգության ծառայություն։
-
Հակառակորդը շարունակում է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, կան զոհեր․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերն առավոտից հրետակոծում են Գերանբոյի, Տերտերի և Աղդամի շրջանների գյուղերը։ Կան զոհեր և վիրավորներ», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Գիշերը հրթիռակոծվել է Ստեփանակերտը, առավոտյան հետ է մղվել հակառակորդի գրոհը․ տեղեկություններ Ղարաբաղից
Գիշերվա ընթացքում իրավիճակն էականորեն չի փոխվել, իրադրությունը եղել է կայուն-լարված, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը․
«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները»:
Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն Ջաբրայիլի մատույցներից հետ է շպրտվել։ -
Հայկական զինված ուժերը հրետակոծում են բնակավայրերը․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերը հրետակոծում են Բարդայի և Աղջաբեդի շրջանների գյուղերը։ Ադրբեջանական բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Արցախում մարտերի 12-րդ օրը
• Հայկական կողմից սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 320 զինծառայող, խաղաղ բնաչության շրջանում սպանվել է 21 մարդ, վիրավորվել 80-ը։ Ադրբեջանական կողմից զոհվել է 30 խաղաղ բնակիչ, 143-ը վիրավորվել է։ Թե քանի ադրբեջանցի զինծառայող է զոհվել, չի հաղորդվում։ Փորձագետները ենթադրում են, որ զոհերի և վիրավորների թիվը երկու կողմից հսկայական է՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն 12-րդ օրը։
• Ըստ կողմերի հաղորդագրությունների՝ մարտերը շարունակվել են ճակատի ողջ երկայնքով։
• Շարունակվել է Ստեփանակերտի, Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերի հրետակոծությունը։
• Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հայ զինծառայողները վերադարձրել են Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքն ու բարելավել դիրքերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։
• Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է մարտերը Ղարաբաղում և ասել, որ «շատ է անհանգստանում», քանի որ «և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում բնակվող մարդիկ մեզ համար օտար չեն»։ Պուտինը նաև ասել է, որ Հայաստանի տարածքում մարտեր չեն ընթանում, և «Երևանը Մոսկվայի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի»։
• Լսումներ են անցկացվել Եվրախորհրդարանում, մտահոգություններ են հնչել, որ տարածաշրջանի երկրները կարող են ներքաշվել ղարաբաղյան սրացման մեջ։
• Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (համակարգում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը), Ժնևում հանդիպելու են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Նույնատիպ հանդիպում է պլանավորված նաև Մոսկվայում, հոկտեմբերի 12-ին։ -
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 7-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները