Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրողը ծանր վիճակում Երևան է տեղափոխվել
Ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը, որը հոկտեմբերի 8-ին վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հրետակոծության ժամանակ, Երևան է տեղափոխվել, նրա վիճակը ծանր է։
Ինչպես հաղորդել է Բաղրամյան 26 Տելեգրամ-ալիքը, ողջ գիշեր Ստեփանակերտում վիրավոր լրագրողի համար աշխատել է վիրաբույժների մի քանի բրիգադ։ Նա մինչև հիմա արհեստական կոմայի մեջ է։
Կոտյոնոկը կրծքի, որովայնի և վերջույթների հատվածում վիրավորում է ստացել, շատ արյուն կորցրել։
«Սեգոդնյա․ռու»-ի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի համար աշխատող Լևոն Արզանովն ու Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը, որն ուղեկցում էր լրագրողներին, վիրավորվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքները նկարահանելու ժամանակ։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ռուսաստանցի լրագրողները վիրավորվել են կրկնակի հարվածի հետևանքով։
Լևոն Արզանովին նախօրեին են վիրահատել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։