Հունիսի 15-ից կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև
Երևան-Թբիլիսի-Բաթում երթուղով երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր համավարակի պատճառով, կվերականգնվի հունիսի 15-ից։ Այս մասին հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումը վերականգնված է։ Հունիսի 15-ին կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթում առաջին գնացքը։ Սա նշանակում է, որ հարևան երկրի զբոսաշրջիկները, որոնք ավանդաբար այցելում են Վրաստան, կարող են ժամանել մեր սևծովյան հանգստավայրեր, մայրաքաղաք և ճամփորդել մյուս զբոսաշրջային ուղղություններով»,- ասել է Տուրնավան։
Վրաստանի երկաթուղու հաղորդագրության համաձայն՝ տոմսերը կսկսեն վաճառվել մոտակա օրերին։
Հայաստանից զատ, բանակցություններ են տարվում նաև Ադրբեջանի երկաթուղու հետ։ Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի ուղղությունը կվերականգնվի՝ հենց բացվի հարևան երկրի հետ ցամաքային սահմանը։
Հայաստանը Վրաստան մեկնող այցելուների թվով առաջատարների հնգյակում է։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թ-ի ապրիլին Հայաստանից Վրաստան է մեկնել 8 331 այցելու, ինչը 3,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը։
Հունիսի 1-ին Վրաստանը բացել է իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020 թ․ մարտի 15-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Դա մեծ խնդիրներ է առաջացրել զբոսաշրջային հատվածի համար, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը Վրաստան է այցելում ցամաքային սահմաններով։
Զբոսաշրջության ոլորտը, որը խորը ճգնաժամի մեջ է, վաղուց է պահանջում բացել ցամաքային սահմանները՝ սահմանափակումների մյուս տեսակների մեղմացմանը զուգահեռ։
Ինչպես նշում են զբոսաշրջային ոլորտի աշխատակիցները, դեռևս պարզ չէ, թե ինչ հեռանկարներ ունի զբոսաշրջությունն ամռանը։
Այս փուլում Վրաստանում պատվաստման մակարդակը դեռևս ցածր է (ինչը նույնպես վճռորոշ գործոն է զբոսաշրջային հատվածում)։ Հունիսի 7-ի դրությամբ՝ վերջին մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 307 դեպք, 24 մարդ մահացել է։