«Որևէ անձի հագով կարված չէ»․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և դրա խնդրահարույց դրույթների մասին
ՀՀ նոր Սահմանադրության խնդրահարույց դրույթները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ առաջին անգամ ունենք Սահմանադրության տեքստ, որը ոչ մի կոնկրետ անձի «հագով կարված չէ»։ Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ մարդիկ վստահ լինեն դրանում։
«Հիմնական նպատակներից մեկը հենց դա է, և այդ նպատակն իրագործված է․ չկա մեղադրանք, որ իմ հագով է կարված նոր Սահմանադրությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը, առաջին հերթին, ՀՀ-ին է պետք։ Ասում է՝ պետք է որոշում կայացնենք՝ որ ռազմավարությունն ենք ընտրում՝ Եռաբլուրն ընդլայնելո՞ւ, թե՞ չընդլայնելու։
«Եթե մեր ռազմավարությունն այն է, որ գնում ենք Անկախության հռչակագրի, Ղարաբաղի շարժման և տարածաշրջանում տարածքային հավակնություններ ցուցաբերելու կամ ակնարկելու ճանապարհով, ուրեմն գնում ենք Եռաբլուրն անխուսափելիրոեն ընդլայնելու ճանապարհով»,- շեշտել է Փաշինյանն ու հավելել՝ այդ պարագայում միակ հարցը լինելու է այն, թե որ ղեկավարի իշխանության օրոք Եռաբլուրը կընդլայնվի։
Հերթական անգամ հիշեցրել է՝ ընդդիմությանն ուղղված իր առաջարկի մասին և հավելել՝ որպես Սահմանադրության ընդունման արդյունքում խաղաղության երաշխիք ինքը ներկայացրել է իր «քաղաքական վստահելիությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Վստահեցրել է՝ ժողովրդի կողմից Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը։
Խորհրդարանական ընդդիմությունը նոր Սահմանադրության նախագիծը բնորոշում է որպես «ալիևյան Սահմանադրություն»։ Պնդում է՝ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով է փոխում երկրի մայր օրենքը։
Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։ Բաքուն խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ նախաբանում արված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նոր Սահմանադրության նախագծում այդ հղումն այլևս առկա չէ։
Փաշինյանի դիտարկմամբ՝ ինստիտուցիոնալ խաղաղությունն այսօր իրատեսական է, ավելին՝ դրված է ՀՀ առջև, մնում է միայն ձեռքը պարզել և վերցնել։ Իսկ այդ ճանապարհն, ըստ նրա, նոր Սահմանադրության ընդունումն է։
«Սա բացառապես մեր ներքին օրակարգն է, բայց ակնհայտ է, որ այն ունենալու է նաև տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»,- նկատել է նա։
Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող մի շարք փոփոխությունների՝ սկսած դատական համակարգից մինչև պետական խորհրդանիշներ։ Նշել է՝ նախագծի վերաբերյալ քննարկումները նոր են մեկնարկել։ Ասում է՝ երկխոսությունը շարունակելու են ինչպես ընդդիմության, այնպես էլ լայն հանրության հետ, պատրաստ են լսել փաստեր և փաստարկներ։
«Ցանկացած հարց քննարկելի է, բայց դա չի նշանակում, որ բոլոր առաջարկները լինելու են ընդունելի»,- ամփոփել է նա։
Ստորև ներկայացնում ենք վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններն ու նախագծով առաջարկվող փոփոխությունները։
- «Հայաստանը մի կախվածությունը փոխարինում է մյուսով»․ ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը
- «Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին
- «ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան
- «Փաշինյանի առաջարկի հասցեատերը Ռուսաստանն է, ոչ թե ՀՀ ընդդիմությունը»․ կարծիք
«Սկզբունքային նշանակություն ունեն»․ դատական համակարգին առնչվող փոփոխությունների մասին
Վարչապետը հայտարարել է՝ նոր Սահմանադրությամբ դատական համակարգի հետ կապված փոփոխություններն ունեն սկզբունքային նշանակություն.
«Մեզ քննադատում են վեթինգի հնարավորության և վեթինգի չհնարավորության համար։ Մենք պետք է ընտրություն կատարենք, թե որ քննադատությունն է մեզ համար ավելի ծանրակշիռ։ Դա քաղաքական ընտրության հարց է»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է լուծել դատական համակարգի վստահելիության խնդիրը։
«Ինչքան դատական համակարգը բարձր խոսի այդ փոփոխությունների դեմ, հանրային կոնսոլիդացիան նոր Սահմանադրության տեքստի շուրջ մեծանալու է»,- նկատել է նա՝ մեկնաբանելով Դատավորների միության տարածած հայտարարությունը։
Նոր Սահմանադրության նախագծում իշխանությունն առաջարկում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատար» դարձնել Հայաստանի 300-ից ավելի դատավորներին և մայր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում վերագնահատել նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու եկամուտների օրինականությունը, ինչպես նաև դատավորների կողմից վարքագծի և շահերի բախման կանոնների պահպանումը։ Վերագնահատման ենթակա են լինելու նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավոր չհանդիսացող անդամները։ Դրույթը չի տարածվելու միայն Սահմանադրական դատարանի դատավորների վրա։
Նախագծի համաձայն՝ դատավորներին գնահատելու է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ հոգանոց հանձնաժողովը։ Վերագնահատման արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է դատավորի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։ Բացասական եզրակացության դեպքում նախատեսվում է դատավորին պաշտոնում չնշանակելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորություն։
Վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով վերանայման ենթակա չեն լինի։ Դատավորները հնարավորություն կունենան որոշումները բողոքարկել ՍԴ-ում։
Դատավորների միությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ պնդելով, որ նոր Սահմանադրության նախագծում առկա դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումը կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա:
«Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ»,- հայտարարել է միությունը։
Բացի այդ, միությունը դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորին՝ Բարձրագույն դատական խորհրդին կոչ է արել պահանջել շրջանառությունից հանել դատական իշխանության մասին Սահմանադրության նախագծի դրույթները:
Վարչապետի խոսքով՝ դատական համակարգում առկա խնդիրներին պետք է տրվեն ֆունդամենտալ լուծումներ, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունման և երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման միջոցով։
Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկը երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է։ Նշվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատավարությունը կիրականացվի երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Թե որ գործերով և ինչ ընթացակարգով են քաղաքացիները մասնակցելու դատավարություններին՝ որպես երդվյալ ատենակալներ, սահմանվելու է առանձին օրենքով։
Առկա խնդիրների մասին խոսելիս օրինակ է բերել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերն ու վերջինիս՝ դեռևս ազատության մեջ գտնվելու հանգամանքը՝ հարց ուղղելով լրագրողներին։
«Դուք գտնո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Ես գտնում եմ, որ պետք է չլինի ազատության մեջ, և դրա մասին թաքուն չեմ ասել։ Ես դրա մասին ասել եմ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ և այդ դիրքորոշումն արժանացել է տասնյակ հազարավոր քաղաքացիների ծափողջյուններին»։
Վստահ է՝ ժողովուրդը պետք է ներկա լինի պետության կյանքի կազմակերպման բոլոր ոլոտներում։
«Նոր Սահմանադրության մեջ գրված է՝ ժողովուրդը պետության հիմնադիրն է և իշխանության տերը, այդ թվում՝ դատական իշխանության։ Այլ բան, որ այդտեղ պետք է լինեն որոշակի մեխանիզմներ՝ հակակշիռների և փոխզսպումների»,- ամփոփել է նա։
«Կանխարգելիչ միջոց է»․ քաղաքացիությունից զրկելու նոր հնարավորության մասին
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք չկան ռիսկեր, որ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխությունը՝ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, իշխանության կողմից չի օգտագործվի որպես գործիք։
Ի պատասխան վարչապետը նշել է՝ հնարավոր ռիսկը չեզոքացնելու ամենահուսալի ճանապարհը անկախ դատական իշխանություն ունենալն է, որը «կերաշխավորի, որ նման բան տեղի ունենալ չի կարող»։
«Ինչ վերաբերում է մյուս դեպքերին, որ օրինակ՝ երկքաղաքացիություն ունեցող անձը լրտեսության համար դատապարտվել է, ինչի՞ պետք է մենք իր քաղաքացիությունը պահենք, պահպանենք, փայփայենք, և նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ»,- հարցրել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ պետությունը պետք է ունենա ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն, հատկապես, երբ կա երկքաղաքացիության ինստիտուտ։
«Եկեք պատկերացնենք իրավիճակ՝ երկքաղաքացին բռնվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, դատապարտվել է։ Ինչո՞ւ պետք է դատարանը նրան քաղաքացիությունից զրկելու որոշում կայացնելու հնարավորություն չունենա»,- մանրամասնել է նա և հավելել, որ դա ՀՀ-ում պետական դավաճանության, լրտեսության դեպքերի «լրացուցիչ կանխարգելիչ միջոց» է։
Նոր Սահմանադրության նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Գործող Սահմանադրությունում նման հիմքով քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսված չէ։ Ավելին, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։
«Պետք է որոշեն քաղաքացիները՝ հանրաքվեով»․ պետական խորհրդանիշների մասին
Անդրադառնալով նոր Սահմանադրության տեքստում ՀՀ խորհրդանիշների նկարագրության բացակայությանը՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է՝ խորհրդանիշները սահմանվում են օրենքով, իսկ այդ օրենքն ընդունվում է հանրաքվեով․
«Մենք ոչ մի կոնկրետ առաջարկ չունենք։ Ասում ենք՝ այդ օրենքը պետք է ընդունվի հանրաքվեով։ Քաղաքացիները պետք է որոշեն՝ որն են համարում իրենց դրոշը, որն են համարում իրենց զինանշանը, որը՝ օրհներգը»։
Փաշինյանի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացին զգա իր օրգանական կապը պետության և դրա խորհրդանիշների հետ։
Լրագրողներից մեկը հարցրել է․ «Հաջորդիվ ասելու եք, եթե զինանշանից Արարատը չհանենք, պատերազմ է լինելո՞ւ»։
«Ոչ, չեմ սպառնալու»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։
Գործող Սահմանադրության մեջ նկարագրված են Հայաստանի դրոշի գույները, դրանց հերթականությունը, ինչպես նաև զինանշանի հիմնական պատկերները։ Նշվում է, որ օրհներգը սահմանվում է օրենքով:
Նոր Սահմանադրության նախագծում դրոշի և զինանշանի նկարագրությունները բացակայում են։ Սահմանվում է, որ ՀՀ խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը, իսկ դրանց նկարագրությունը կամ տեքստը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ նոր Սահմանադրության խնդրահարույց դրույթները