64 մանդատ՝ իշխող ՔՊ-ին․ Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները
ՀՀ ընտրությունների վերջնական արդյունքները 2026
Հայտնի են հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ խորհրդարան կանցնեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու 2 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։
Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացված չի լինի ԱԺ-ում, քանի որ վերջնական արդյունքների համաձայն՝ ստացել է 3.9893 տոկոս։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է։
2005 ընտրատեղամասերից 3-ի արդյունքները ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել։ Վերաքվեարկություն, սակայն, տեղի չի ունենա։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա։
Ընդդիմությունը չի կիսում այդ տեսակետը։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել 6 ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ ԲՀԿ-ն։ Պնդել են՝ ընտրական գործընթացում տեղի են ունեցել «համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման վրա»։
Գործող օրենսդրության համաձայն՝ ընտրությունների վերջնական արդյունքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարանում։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Լևոն Քոչարյանը նշել է՝ ՍԴ դիմելու են, քննարկելու են նաև «պայքարի մյուս ձևերը»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ եթե ընդդիմադիրները դիմեն Սահմանադրական դատարան, դա կլինի 2018 թ.-ի հեղափոխությունից հետո առաջին դեպքը, երբ քաղաքական ուժերը վիճարկում են ընտրությունների արդյունքները:
«Ընտրությունների արդյունքներն անվավեր համարելն ու նոր ընտրությունների անցկացումը քիչ հավանական եմ համարում, թեև քաղաքական իրավիճակից ելնելով՝ ամեն դեպքում կա փոքր հավանականություն»,- նկատել է նա։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ նոր Ազգային ժողովը կշարունակի նախորդի «ավանդույթները», երբ ընդդիմադիրները ոչ թե աշխատում էին, այլ փորձում էին խաթարել ԱԺ աշխատանքը, մասնավորապես՝ «անկարգություններով, լարվածությամբ, վիճաբանություններով և թատերական ներկայացումներով»։
ԿԸՀ նիստի մանրամասները, իշխող ուժի և ընդդիմության հայտարարությունները, փորձագիտական կարծիքներ
- «Մտահոգված չեմ»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին
- ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
- Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
«Չեղարկե՛լ ընտրությունների արդյունքները»․ ԿԸՀ նիստին զուգահեռ ակցիա էր ընթանում
ԿԸՀ-ի դիմաց ընտրություններին մասնակցած 3 ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ակցիա էին նախաձեռնել։ Պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել: Ընդդիմադիրների պնդմամբ՝ ընտրական գործընթացում «համատարած խախտումներ» են տեղի ունեցել։
«Միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում, մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»,- իշխող ուժի ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը նիստի ընթացքում այսպես է արձագանքել այդ պնդմանը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրն ու դրանից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է ընտակաշառքի տասնյակ դեպքերի մասին, որոնք կապվում են 3 ընդդիմադիր ուժերի հետ։ Հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալված անձինք։
Ջուլհակյանն ընդգծել է, որ ընտրությունների ժամանակ լիարժեք ապահովվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը։
ԿԸՀ որոշման հրապարակումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ «հակաիրավական որոշման նպատակն է թույլ չտալ, որ ԲՀԿ-ն հայտնվի խորհրդարանում»։ Ըստ նրա՝ հանձնաժողովն ուղղորդվում է մեկ մարդու՝ վարչապետ Փաշինյանի կողմից։
«Այն տեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, ԲՀԿ-ն միասին ուներ 200-ից ավելի ձայն։ Այսինքն՝ եթե այդ ձայները հաշվվում էին, ինքն անցնում էր խորհրդարան, ու «Քաղաքացիական պայմանագիրը» զրկվում էր 3/5-ից։ Հիմա ԿԸՀ-ն ասում է՝ դա էական ազդեցություն չէր ունենալու վերջնական արդյունքների վրա»,- նկատել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Լևոն Քոչարյանը։
Խորհրդարանում 3/5 համամասնությունը ՔՊ-ին թույլ կտա միայնակ ընդունել կամ փոփոխել սահմանադրական օրենքներ, օրինակ՝ ընդունել Ընտրական, Դատական օրենսգրքերը, ինչպես նաև ընտրել ՄԻՊ, Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանի դատավոր և այլն։
Վերջնական արդյունքները․ քանի՞ ձայն են ստացել իշխող և ընդդիմադիր ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726․819 ձայն (49.7456 տոկոս):
Խորհրդարան անցնելուն հավակնող 3 ընդդիմադիր ուժերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340․006 ձայն (23.2710 տոկոս),
- «Հայաստան» դաշինք – 144․983 ձայն (9.9231 տոկոս),
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58․287 ձայն (3.9893 տոկոս):
Նախնական արդյունքների հրապարակմանը հաջորդած վերահաշվարկի գործընթացի արդյունքում նվազել են բոլոր ուժերի ստացած ձայները։ Ձայների նվազումը, սակայն, որոշիչ ազդեցություն է ունեցել միայն ԲՀԿ-ի համար, քանի որ ուժը չի հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։
ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր, որից 64-ը՝ իշխող ուժից
Հունիսի 14-ի երեկոյան կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է՝ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք` 28 մանդատ և «Հայաստան» դաշինք` 12 մանդատ։
Միևնույն ժամանակ տեղեկացրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կստանա ազգային փոքրամասնությունների ևս 3 մանդատ (եզդի, ռուս և քուրդ), իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ ևս 1 մանդատ (ասորի)։
Վերջնարդյունքում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, կարող է բողոքարկվել ՀՀ Սահմանադրական դատարան հրապարակման օրվանից մինչև 5-րդ օրը՝ ժամը 18։00-ն»,- հայտնել է Հովակիմյանը։
Ինչո՞ւ վերաքվեարկություն չնշանակվեց․ ԿԸՀ հիմնավորումը
Հայաստանի ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել ընտրությունների քվեարկության արդյունքները 3 ընտրատեղամասերում՝
35/65 և 10/51 տեղամասերում- որոշման համար հիմք էր ծառայել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների գրառումները գրանցամատյաններում առ այն, որ այդ տեղամասերում չնախատեսված ժամին կազմակերպվել էր զինծառայողների քվեարկություն։
12/13 տեղամասում— որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ ընտրատեղամասում չէր եղել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։
«Հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը»,- պարզաբանել են հանձնաժողովից։
Վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ԿԸՀ-ն հիմնավորել է՝ նշելով, որ՝
- «Ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)։
- Տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով նոր քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունք»։
Բացի այդ, հանձնաժողովից նշել են, որ վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։
ԿԸՀ հայտարարության համաձայն՝ վերաքվեարկություն չպետք է նշանակվի, եթե այն «չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք»։
«Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»,- շեշտել են կառույցից։
Ընդդիմության հայտարարությունը․ «Պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի կամքը»
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր 6 ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Նրանց դիտարկմամբ՝ ընտրական ողջ գործընթացում տեղի են ունեցել «համակարգային ու կազմակերպված խախտումներ», մասնավորապես՝
- «վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ,
- քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ,
- ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում,
- տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում,
- ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում»։
«Պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիրների խոսքով՝ երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա «վարչախմբի» վրա։
Վստահեցրել են՝ շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և ՀՀ պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
«Ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու»․ Փաշինյան
«Ոմանց տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար, նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ շանսը պետք է տալ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ դա անհեթեթ տրամաբանություն է։ Ասում է՝ ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, և դա «որոշվել է ժողովրդի քվեարկությամբ»։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված մեկ այլ տեսանյութում Փաշինյանը շեշտել է՝ «եռագլուխ մաֆիան բացարձակապես ոչինչ չի կարող անել՝ մի պարզ պատճառով. նա չունի, չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը»։
«ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային, և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին և ԲՀԿ-ին։
Փորձագիտական կարծիքներ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ընդգծել է․
«ԿԸՀ-ն քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակեց։ Սա ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու վրա, այնպես էլ ՔՊ-ի մանդատների թվի վրա, որոնք ավելանալու են 3-ով՝ իշխող ուժի համար ԱԺ-ում 3/5-րդ ապահովելով։
Մի շաբաթ «պայքարում էին», որ հանկարծ ռուսները չապալեգիտիմացնեն ընտրությունների արդյունքները, որ հետո իրենք բոլորի աչքի առաջ, անթաքույց կերպով, քրեաօլիգարխիկ ուժերը ապամոնտաժելու վերաբերյալ հանկարծակի ակտիվացած կենացների ֆոնին, օրենքի ակնհայտ խախտումով իրենց 3 մանդատ ավելացնեն։
Ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացումը հո պոզով-պոչով չի լինում։ Հիմա, իհարկե, ի հայտ կգան բացատրություններ, որ հանուն ինքնիշխանության ու ժողովրդավարության են ակնհայտ բեսպրեդելով զբաղվում, բայց այդ ամենն արդեն էական չէ։
Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը նաև ցույց է տալիս, որ իշխող ուժը արդեն վաղուց որևէ կարմիր գծեր չունի»։
Իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նկատել է․
«ԿԸՀ-ն պետք է ընտրակաշառքի հիմքով անրադառնար ընտրակաշառքի շահառու ուժերի մասնակցելուն և ոչ օրենք խախտելով աներ այն, ինչ արեց այսօր։
Ընտրակաշառքի շահառուները, ում օգտին կաշառքի բաժանման բազմաթիվ փաստեր կային, պետք է հանվեին ընտրապայքարից, ԿԸՀ-ն դրա լիազորությունն ու պարտականությունը ուներ։ Դա շատ ավելի հիմնավոր ու փաստահեն կլինեի, քան այն, ինչ ԿԸՀ-ն արեց` իրավական ռումբ դնելով ընտրությունների արդյունքների տակ։
Մանդատները, որոնք ԲՀԿ-ն չէր ստանա, եթե իր օգտին ընտրակաշառքը չլիներ, ԲՀԿ-ից, ըստ էության, ապօրինաբար խլվեցին ԿԸՀ-ի կողմից։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեն այս ամենին Սահմանադրական դատարանի դատավորները։
Այստեղ են ասել՝ գողը գողից գողացավ, Աստված (Սահմանադրական դատարանը) տեսավ, զարմացավ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ընտրությունների վերջնական արդյունքները 2026