ՍԴ նախկին դատավորը հացադուլ է հայտարարել Հայաստանի վարչապետին պատասխանատվության ենթարկելու պահանջով
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա պնդում է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրելով, վարչապետ Փաշինյանը «տապալել է սահմանադրական կարգը»:
Իրավաբանի խոսքով, փաստաթուղթը, որը նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, նախ պետք է ուսումնասիրվեր Սահմանադրական դատարանում, ապա վավերացվեր խորհրդարանում: Առանց այս ընթացակարգերի պահպանման Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումը խախտում է, որն էլ Կիմ Բալայանը համարում է սահմանադրական կարգի տապալում:
Նրա խոսքով, Սահմանադրության 116-րդ հոդվածը սահմանում է, թե որ հարցերը պետք է կարգավորվեն միջազգային պայմանագրերով: Այս հոդվածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ստորագրել հումանիտար զինադադարի մասին համաձայնագիր, բայց ոչ նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որի բովանդակությունը բացարձակ այլ է: Եվ դրանում ներառված բոլոր կետերը հակասում են Սահմանադրության նորմերին, պնդում է ՍԴ նախկին դատավորը:
Կիմ Բալայանի ակցիան անցնում է կառավարության շենքի մոտ: Նա հայտարարել է, որ կշարունակի հացադուլը, քանի դեռ իր պահանջը չի կատարվել: Հակառակ դեպքում՝ նա «կմիանա [պատերազմի դաշտում] իրենց կյանքը տված 5000 զինվորներին»:
- Պուտին․ «Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունից, դա ինքնասպանություն կլինի»
- Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարում Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել նաև «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: