Հարավային Օսիայում ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարաքիշվիլիին
«Էխո Կավկազայի» և Netgazeti-ի նյութերի հիման վրա
Հարավային Օսիայում օգոստոսի 16-ի երեկոյան ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարաքիշվիլին, Ախալգորիի (Լենինգոր՝ հարավօսական տարածքում) նրա տանը խուզարկություն է կատարվում, հաղորդում է «Էխո Կավկազա» առցանց պորտալը:
Մեարաքիշվիլիի հարազատներն «Էխո Կավկազայի» թղթակցին հեռախոսով ասել են, որ քննիչներն էքստրեմիստական գրականություն են փնտրում: Դրանից հետո կապն ընդհատվել է, վերջին հաղորդագրությունը եղել է. «Չեմ կարող պատասխանել»:
Իր ձերբակալության մասին օգոստոսի 16-ի երկրորդ կեսին Թամարա Մեարաքիշվիլին հասցրել է հաղորդել ինքը. հենց ձերբակալության պահին նա կարողացել է զանգահարել «Էխո Կավկազա» առցանց մեդիապորտալի թղթակցին:
Մեարաքիշվիլին ասել է, որ իրեն կանգնեցրել է դատախազության քննիչ Ալան Բյազրովը, նա ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել և չի բացատրել ձերբակալության պատճառները: Բյազրովը հայտարարել է, որ ձերբակալության թույլտվությունն ու հիմնավորումը կտրվեն, երբ նրան տանեն շրջանային դատախազություն:
Թամարայի աղջիկը Netgazeti-ի լրագրողներին պատմել է.
«Երբ մայրս եկել է Թբիլիսիից, նրան տան մոտ արդեն մեքենա էր սպասում: Նրան դիմավորել են քաղաքացիական հագուստով անձինք, ասել, որ նա ձերբակալված է և տեղափոխվելու է Ախալգորիի միլիցիայի բաժանմունք»:
Թամարան իր հետ Թբիլիսիից ինչ-որ գնումներ էր բերել և ուզում էր տանը թողնել, սակայն նրան թույլ չեն տվել և ասել են ամեն ինչ իր հետ վերցնել, այդ թվում՝ գնած կաթսաները:
«Ես փաստաբան չունեմ: Ես ոչ մի բացատրություն չունեմ, թե ինչ է հետս կատարվում, և (ես) ուզում եմ, որ դուք այս ամենը տարածեք հենց հիմա», — ասել է Թամարա Մեարաքիշվիլին հեռախոսով «Էխո Կավկազայի» թղթակցին: Նա հասցրել է ձայնագրել Թամարայի հետ խոսակցության մի մասը: Ձայնային ֆայլը կարելի է լսել այստեղ:
Թամարա Մեարաքիշվիլին բազմիցս հայտարարել է Հարավային Օսիայի դատախազության կողմից իր վրա գործադրվող ճնշման մասին: Վերջին անգամ նրան հարցաքննել են օգոստոսի սկզբին «Էխո Կավկազայի» մեկնաբանության պատճառով:
Հունիսի 8-ին, ըստ ականատեսների վկայության, Մեարաքիշվիլին առևանգվել է Ախալգորի ավանում: Հարավօսական պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները բռնել են նրան, մտցրել մեքենա և տարել Ցխինվալի: Այն ժամանակ Թամարային բաց էին թողել մեկ օրից:
Երկու շաբաթ առաջ Թամարային հարցաքննության էին կանչել դատախազություն: Քննիչներին, ինչպես պատմել է Թամարան, դուր չի գալիս իր քաղաքացիական դիրքորոշումն, ինչպես նաև այն, որ նա հարցազրույց է տալիս «Էխո Կավկազային»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի