Հարավային Օսիայում Եվրամիության հատուկ ներկայացուցչի արած հայտարարության շուրջ սկանդալի ավարտը
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամերի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուայի հետ քննարկել է Հարավային Օսիա մայիսի 16-ին կատարած իր այցի ընթացքում հնչեցրած արտահայտության հետևանքով առաջացած խնդիրը:
Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպումը տեղի է ունեցել որպես նախարարության՝ Հերբերտ Զալբերին ուղղված հատուկ հարցման արդյունք: Հանդիպման ավարտին Եվրամիության հատուկ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ կցանկանար ընդգծել. Եվրոպական միությունն ամբողջապես աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
«Այդ սկզբունքին, որը Եվրամիությունում կասկածի տակ չի դրվում, աջակցում եմ ես անձամբ որպես հատուկ ներկայացուցիչ: Ես հանրային և բաց կերպով հայտարարում եմ դա միշտ և ամենուր», — ասել է Հերբերտ Զալբերը:
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը «հստակ սահմանել է, որ օրինական չի ճանաչում այն ձևաչափը, որում ինքնահռչակ Հարավային Օսայում անցկացվել են նախագահական ընտրությունները, և ես անձամբ ամբողջությամբ սատարում եմ այս մոտեցմանը»:
Այդ քաղաքական սկանդալի հետ կապված հակընդդեմ հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Օսիայի արտգործնախարարությունը.
«Վրաստանում ակնհայտ սկսել են չարաշահել Վրաստանի շահերի անխոս պահպանումը միջազգային հարթությունում, այդ թվում՝ ժնևյան բանակցությունների միջազգային միջնորդների կողմից, որոնք պետք է չեզոք դիրքորոշում զբաղեցնեն վրաց-օսական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Պարոն Զալբերի կողմից արտահայտված դիվանագիտական քաղաքավարությունը Վրաստանում ընկալվել է գրեթե որպես Եվրամիության կողմից իր շահերի դավաճանություն:
Ժնևյան բանակցությունների վրացի մասնակիցների նման տրամադրվածությունը երկար ժամանակ հիմնական խոչընդոտն է համարվում, որը կանգնած է ուժի չկիրառման մասին փաստաթղթի ընդունման և տարածաշրջանում անվտանգության ամուր համակարգի կառուցման ճանապարհին»: