Հայկական հանցավոր խմբավորում է ձերբակալվել Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղերի գործով
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական խոշոր հանցավոր խմբավորում է վնասազերծել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ։ Բանդան գործում էր 2017թ-ի փետրվարից, և այս ընթացքում ապօրինի ճանապարհով միլիոնավոր եվրոյի եկամուտ է ստացել։
Ինչպե՞ս էր ամեն ինչ տեղի ունենում
Ընդհանուր առմամբ 83 մարդ է ձերբակալվել, նրանցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։
Հետաքննության արդյունքների համաձայն՝ կասկածյալները կաշառում էին մարզիկներին և իրենց համար ցանկալի արդյունքներ ապահովում։ Դրանից հետո ձերբակալվածներն օգտագործում էին հազարավոր բնակիչների անձնական տվյալները՝ խաղադրույքներ կատարելու և հսկայական գումարներ շահելու համար։
Հանցավոր խմբավորման անդամների անուններն իրավապահները դեռ չեն նշում։ Դեռ հայտնի չէ նաև, թե արդյոք կալանավորված հայերը Հայաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ են։
Հաղորդվում է միայն, որ գործողության ընթացքում 11 խուզարկություն է անցկացվել 9 իսպանական շրջաններում։ Առգրավվել է եվրոյով կանխիկ գումար, աստաթղթեր ու համակարգիչներ։ Իսպանիայի իրավապահները հաղորդում են նաև, որ քրեական խմբավորումը կաշառել է մարզիկներին Futures և Challenger մրցաշարերի ժամանակ։ Ընդհանուր առմամբ արդեն հաստատվել է ավելի քան 90 պայմանավորված խաղի կազմակերպում։
Հետաքննվում է նաև հայ-իսպանական բանդայի հնարավոր կապը հայ-բելգիական խմբավորման հետ, որը Բելգիայում ձերբակալվել էր 2018թ-ի հունիսին։ Այն նույնպես կասկածվում է թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման համար։
• Յոթ պատճառ, թե ինչու են խորհրդային երկրները պահպանում զորակոչային բանակը
• Հայաստանում մեկ օրում հարյուրավոր բանտարկյալներ են ազատ արձակվել
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Հայաստանում սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են այս նորությունը։ Ահա ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն։
«Սրանց նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»։
«Դե, մի բան պետք է, չէ՞, անել՝ սփյուռքի հայերին Հայաստան ուղարկելու համար, թե չէ ոչ ոք չի վերադառնա։ Էլ ինչպե՞ս եք պատկերացնում մեծ հայրենադարձություն»։
«Եվ կրկին հայերը մասնակից են նման պատմությունների»։