Հայաստանում կրկին մեծ թվով մարդկանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Հունիսի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 665–ով և դարձել 18 698։
Բուժվածների թիվն ավելացել է 746-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 7 560։ 10 728-ը շարունակում են բուժում ստանալ։
Կորոնավիրուսից մահվան ևս 7 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 309-ի։
Համավարակի սկզբից ի վեր կատարվել է 89 992 թեստավորում:
- Հայաստանի պարետատան նոր որոշումը․ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
Հայաստանի վարչապետն առավոտյան անդրադարձել է իրավիճակին և իր կարծիքը հայտնել, թե ինչու են կրկին մեծ թվով մարդիկ վարակվել․
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»:
Սակայն նախորդ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել և տեղեկացրել, որ հակահամաճարակային շարժումը Հայաստանում դրական միտումներ է արձանագրել․
«Չնայած մեծ բացարձակ թվերին` վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
Անխտիր բոլորս պետք է. կրենք բժշկական դիմակ ամենուր,
հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»:
Facebook-ի իր էջում Արսեն Թորոսյանը նաև տեղադրել է հակահամաճարակային վարքականոնների հիշեցման այս պատկերավոր տարբերակը։
