Հայաստան-Ադրբեջան նոր սահմանի երկայնքով։ Իրավիճակը՝ մարդկային պատմություններով
Հայաստան-Ադրբեջան նոր սահման
Այս հոդվածը գրելու նպատակով լրագրող Թաթուլ Հակոբյանը անցել է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ այնտեղ, որտեղ հատվում են Հայաստան—Իրան—Ադրբեջան սահմանները՝ Արաքս գետի ափին, մինչև Սոթք բնակավայրը Վարդենիսի շրջանում՝ Սևանա լճի մոտ: Մասնավորապես, նա այցելել է բոլոր այն բնակավայրերը, որոնք ունեն անվտանգային, հումանիտար և իրավունքի լուրջ խնդիրներ։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղացիների պատմությունները, սովորական բնակիչների մտահոգություններն ու կարծիքները:
- «Խաղաղապահների լուռ վկա դառնալու գործելակերպն անընդունելի է»․ Փաշինյան
- «Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք
- Ի՞նչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետի կանխատեսումը
- Անձնական պատմություններ շրջափակման մեջ հայտնված Արցախից
Ներքին Հանդը՝ ադրբեջանական շրջափակման մեջ
Սերյոժա Ադամյանը հուսահատ է ու տխուր. սեպտեմբերի 13-ից հետո նա այլևս չի կարողանում այցելել 44-օրյա պատերազմի մասնակից որդու շիրիմին: Ներքին Հանդի գերեզմանատունը փաստացի անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:
Ադամյանը Ներքին Հանդում մնացած մի քանի տասնյակ բնակիչներից է և, չնայած անվտանգային նոր միջավայրին ու սպառնալիքներին, նա տիկնոջ հետ շարունակում է ապրել գյուղում և չի պատրաստվում թողնել որդու շիրիմը:
«Ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին և չկանգնեցրին ադրբեջանական հարձակումը, ռուսները որևէ օգնություն ցույց չտվեցին կրակի տակ հայտնված հայ զինվորներին և գյուղացիներին»,- Ներքին Հանդի իր տան դիմաց կանգնած բողոքում է Ադամյանը:
2020 թ. պատերազմը և 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի սահմանային բախումները նոր իրավիճակ են ստեղծեցել ինչպես Ներքին Հանդի, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանի տասնյակ այլ հայկական բնակավայրերի ու բնակիչների համար:
Եթե մինչև 44-օրյա պատերազմը Ներքին Հանդից մինչև հայ-ադրբեջանական շփման գիծ 100 կիլոմետր էր, ապա պատերազմից և սեպտեմբերի 13-ի ադրբեջանական առաջխաղացումից հետո 100 մետր է:
Ադրբեջանական զորքերը և սահմանապահ ուժերը այսօր կանգնած են խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով, իսկ 100-ից ավելի կետերում ներխուժել և հաստատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Արցախյան պատերազմից հետո անցած երկու տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է շուրջ 140 քառակուսի կիլոմետր տարածք, որից շուրջ 15 քառակուսի կիլոմետրը՝ Ներքին Հանդում:
Գյուղը երեք կողմերից շրջափակման մեջ է, և միայն մեկ ճանապարհ է մնացել, որով հնարավոր է կապվել Կապանի և շրջանի մյուս գյուղերի հետ: Այս գյուղում ադրբեջանական զինուժը գրավել է հայկական 12 դիրքեր, մի քանի ժամերի ընթացքում հայկական կողմը տվել է շուրջ 70 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Վիրավորներից մեկը 19-ամյա ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանն էր: Վերջին անգամ Վահեն հեռախոսով մոր հետ կապվել է սեպտեմբերի 15-ին, ասել, որ վիրավոր մնացել է Ներքին Հանդի անտառներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վահեի մայրը և հայրը Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջ, բողոքի անզոր ցույցեր են կազմակերպում և պահանջում իրենց որդուն: Երեք հոգի, որոնց մեջ Վահեն, շարունակում են մնալ անհետ կորած: «Ես Վահեի մայրն եմ, ես պահանջում եմ իմ որդուն»,- լացելով ու ամբողջ մարմնով դողալով ասում է դժբախտ մայրը:
2022թ. սեպտեմբերյան բախումներից հետո Հայաստանը տվել է ավելի քան 200 զոհ և շուրջ 300 վիրավորներ:
Բայց Հայաստանը և հայ ժողովուդրը կորցրել է մեկ այլ բան՝ հավատը Ռուսաստանի նկատմամբ: Ռուս զինվորը, Ռուսաստանն այլևս չեն ընկալվում բարեկամ և գործընկեր:
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում հաստատվել է ռուսական խաղաղապահ առաքելությունը, իսկ Սոթից մինչև հայ-ադրբեջանական-իրանական եռանկյունի՝ Ռուսաստանի սահմանային դաշնային ծառայության ուժերը:
Գագիկ Վարդանյանի տունը Ներքին Հանդում ադրբեջանական նոր հենակետերի հենց դիմաց է: Նրա բակից՝ երեք կողմերից, պարզ երևում են ադրբեջանական դրոշները: Ադրբեջանցի զինվորականները մի քանի հարյուր մետրի վրա են, ամրապնդում են գրաված դիրքերը:
«Ռուսների հանդեպ վերաբերմունքը շատ վատ է: Իմ կարծիքով՝ վերջին ներխուժումների ժամանակ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից էր»,- ասում է Վարդանյանը:
Ներքին Հանդը զրկվել է խմելու ջրից: Ադրբեջանցիները գրավել են անտառի այն հատվածը, որտեղից հավաքվում էր գյուղի ջուրը: Մարդիկ ստիպված են օգտագործել գյուղի միջով հոսող Ծավ գետի ջուրը:
Ներքին Հանդի հարևանությամբ անցնում է Հայաստանից դեպի Իրան տանող միջպետական երկու ճանապարհներից մեկը: 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո այս ճանապարհի որոշ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և հայկական կողմը նոր ճանապարհներ է կառուցել:
Անվտանգության խնդիրները և հայ—ադրբեջանական խաղաղության հեռանկարի հանդեպ կասկածամտությունը, սակայն, մարդկանց ստիպում են հեռանալ ավելի անվտանգ վայրեր:
Հայաստանի հարավային բնակավայրերի խնդիրները
Ադրբեջանին սահմանակից Կապան համայնքի բնակավայրերում՝ Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող եւ Ճակատեն, ընդհանուր առմամբ դպրոց հաճախում է 55 աշակերտ: Այս գյուղերը միասին Ադրբեջանի հետ ունեն 50 կիլոմետրից ավելի երկարությամբ սահման:
Շիկահողը եղել է Կապանի շրջանի ամենախոշոր բնակավայրը: Այսօր գյուղում երեք դպրոցական է մնացել: Նրանք մեկնում են հարևան Սրաշեն գյուղի դպրոց, որտեղ աշակերտների թիվը 8 է: Ժամանակին Շիկահողի դպրոցն ուներ մինչև 180 աշակերտ:
Նորիկ Զաքարյանի ընտանիքը Շիկահողում մնացած քչերից է: Նա երկու տրակտոր ունի, բայց ասում է, որ մարդ չկա, գործ չկա, ցորեն ցանող չկա, և հույս չկա: Ադրբեջանցիների վերջին հարձակումից, դիրքերի և տարածքների գրավումից հետո դաշտերում վար ու ցանք անելն ավելի վտանգավոր է դարձել:
«Որդիս ուզում է Կապան տեղափոխվել: Եթե գնաց, ես էլ եմ հեռանալու Շիկահողից»,- ասում է նա:
Սրաշեն-Շիկահող հատվածում Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի հարձակման ընթացքում գրավել է հինգ դիրք և երկու գյուղերի դիմաց ընկած փոքր լեռնաշղթան, որտեղից բացվում է Զանգելան քաղաքը: Վերջերս Զանգելանում շահագործման հանձնվեց նոր օդանավակայան, որտեղ վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահի օդանավը:
Սրաշենի բնակիչներից Արամայիս Ստեփանյանը կարծում է, որ ադրբեջանական զինուժը Հայաստանից նոր տարածքներ և դիրքեր է գրավել, որպեսզի Զանգելանի օդանավակայանը հայկական տեսանելի վերահսկողությունից դուրս մնա:
«Ադրբեջանի վերջին հարձակումից հետո մեր վարելահողերը վտանգի տակ են: Սրաշենում 70 հոգի է բնակվում, երիտասարդություն չկա»,- ասում է Ստեփանյանը:
44-օրյա պատերազմի հետևանքով Սյունքիը կանգնել է անվտանգային և կոմունիկացիոն, մարդասիրական և իրավական լուրջ մարտահրավերների առջև: Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ Որոտանի, Շուռնուխի և Կապանի մոտ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
2021թ․ օգոստոսի վերջերին Ադրբեջանը փակեց ճանապարհը, որի պատճառով դադարեցվեց Գորիս-Կապան երթևեկությունը, կտրվեց Հայաստան-Իրան կապը, իսկ հայկական մի քանի գյուղեր հայտնվեցին շրջափակման մեջ:
Հայաստանը ստիպված եղավ գործարկել երկրորդային նշանակությամբ այլ ճանապարհ՝ Իրանի հետ կապվելու համար: Հայաստանը այս կողմերում ահռելի ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում, որպեսզի վերականգնի հայկական գյուղերի միջև ընդհատված կապը: Որոշ հատվածներում տասնյակ կիլոմետր նոր ճանապարհներ են կառուցվում, որոշ հատվածներում՝ վերանորոգում:
Շուռնուխ. կիսված գյուղը
Հայկական քարտեզներով՝ Շուռնուխ գյուղը ամբողջովին Հայաստանի տարածքում էր: Սակայն պատերազմում հաղթած Ադրբեջանը իր կամքն է թելադրում և GPS համակարգով կարողացել է տիրանալ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով իրարից բաժանվող գյուղի արևելյան հատվածին:
Շուռնուխում 12 տներ հայտնվեցին Ադրբեջանում։ Բնակիչներից մեկի՝ 72-ամյա Ստեփան Մովսիսյանի ունեցվածքը կիսվել է. տունը մնացել է Հայաստանում, անասնագոմի կեսը ՝ Ադրբեջանում: Մովսիսյանը պատմում է, որ ադրբեջանցի սահմանապահները եկել են իր տուն, միասին թեյել են:
«Եկան ու ասացին՝ ըստ GPS-ի, սահմանը հենց այստեղով պիտի անցնի»,- ասում է Մովսիսյանը:
Ադրբեջանցիների գալուց հետո Շուռնուխում ազգամիջյան միջադեպեր չեն գրանցվել: Այսօր միջպետական ճանապարհը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանն է: Ճանապարհից արևելք՝ հայերի թողած 12 տներից մի քանիսում ադրբեջանցի զինվորականներ ու սահմանապահներ են: Ընդամենը մի քանի տասնյակ տներ ունեցող գյուղի վրա ծածանվում են երեք դրոշներ՝ հայկական, ադրբեջանական և ռուսական:
Մինչև 1989 թվականը Շուռնուխում բնակվում էին հայեր և ադրբեջանցիներ: Ազգամիջյան հարաբերությունների լարումից հետո ադրբեջանցիները հեռացան գյուղից, գյուղում վերաբնակեցվեցին Ադրբեջանից եկած հայեր:
Սոթք. վերապրելով 1988-ի տեղահանությունը
Սոթքում հաստատված բնակիչները ավելի քան երեք տասնամյակ առաջ տեսած տեղահանությունը, տունն ու կահկարասին կորցնելու վտանգը վերապրեցին սեպտեմբերի 13-14-ին, երբ ադրբեջանական զինուժը երկու օր շարունակ հրետակոծում էր գյուղը:
Մինչև 1988 թվականը Սոթք ավանը բնակեցված էր Հայաստանի ադրբեջանցիներով: Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են ադրբեջանահայեր:
Յուլյա Դանիելյանը հայ ամուսնու հետ Սոթք է տեղափոխվել 1999-ին: Յուլյայի հայրը իսպանացի է, մայրը՝ ուկրաինուհի: Իրերի բերումով նրանք ծանոթացել են և ամուսնացել Տաշքենդում, որտեղ էլ ծնվել է Յուլյան, մեծացել և հանդիպել ամուսնու հետ, որը Բաքվի հայերից է:
«Երբ սեպտեմբերի 13-ի գիշերը սկսվեց, ես ու ամուսինս առանց խուճապի, արագ նստեցինք մեր մեքենան և հասանք Վարդենիս: Այստեղ միշտ քամի է ու ցուրտ, բայց սիրում եմ Սոթքը»,- ասում է նա:
Յուլյան Սոթքի դպրոցի ճաշարանում ամեն օր տաք սնունդ է պատրաստում: 2022 թ․ սեպտեմբերի 1-ից դպրոց էր հաճախում 157 աշակերտ: Քանի որ ընտանիքների մի մասը դեռ չի վերադարձել գյուղ, դպրոցում մնացել է 128 աշակերտ:
Արտակ Մելքոնյանը Սոթքի դպրոցի տնօրենն է 13 տարի:
«Ադրբեջանի երկօրյա հարձակումից և հրետակոծումից մի քանի օր հետո գյուղացիները սկսեցին վերադառնալ: Երեխաներն այլ վայրում չեն համակերպվում, իրենց գյուղն ու դպրոցն են ուզում, իրենց ընկերներին են ուզում: Մեր աշակերտներից մեկի ընտանիքը տեղափոխվել է Աբովյան, անընդհատ ծնողներին ասում է՝ ինձ մեր տո՛ւն տարեք, ի՛մ դպրոց»,- պատմում է Մելքոնյանը:
Համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն ասում է՝ գյուղացիների շուրջ 80 տոկոսը վերադարձել է տուն, թեև տների մեծ մասը ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է: Նրա խոսքերով՝ բնակիչների շրջանում դեռևս կա վախի զգացողություն, սակայն հիմնական խնդիրը ոչ այնքան անվտանգությունն է, որքան զբաղվածությունը:
«Այսօր գյուղում անասնագլխաքանակ գրեթե չի մնացել: Խուճապային տրամադրության տակ մարդիկ էժան գներով վաճառեցին անասունը: Միայն 20 ընտանիք անասուն ունի: Պետք է օգնել մարդկանց, որ անասուն ձեռք բերեն»,- ասում է Խաչատրյանը:
Սոթքում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և կարտոֆիլի մշակումով, մի քանի տասնյակ մարդ աշխատում է ոսկու հանքում, որի մեծ մասը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով անցավ Ադրբեջանին:
Սոթքում ձմեռը խիստ է, գյուղը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա է: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով փոխվում են գյուղի վնասված տների տանիքները: Գյուղացիները սպասում են, որ նորոգվեն բոլորը, և գյուղը նոր տեսք ստանա՝ կարմիր տանիքներով:
Սոթքում գտնվող հայկական բանակի ռազմակայանի շինություններից մեկում տեղակայված էին ռուսական սահմանապահ ուժերը, որոնք կրակոցներից անմիջապես հետո հեռացել ու այլևս չեն վերադարձել:
Ռումբեր են ընկել նաև նրանց կացարանի վրա, սակայն միայն այն բանից հետո, երբ արդեն ռուսները հեռացել էին:
Գյուղացիները զայրույթով ու հումորով են վերաբերվում ռուսներին: Մի կողմից նրանք սպասում էին, որ ռուսների ներկայությունը կզսպի Ադրբեջանին, որ հարձակում չլինի, մյուս կողմից ծիծաղելով պատմում, թե ինչպես էին հայ ժողովրդի պաշտպան ռուսները առաջին կրակոցներից հետո փախչում գյուղից:
Բադալյանների վնասված տունը հենց ռազմակայանի հարևանությամբ է: Ավելի շատ տուժել են այն տները, որոնք մոտ են ռազմակայանին:
«Յոթ հոգով էինք տանը, երբ առաջին ռումբերն ընկան՝ ես, կինս, որդիս և հարսս ու մեր երեք թոռները: Երեխաները վախից ճչում էին»,- ասում է Ռաֆիկ Բադալյանը:
Հակոբ Աթայանի տան տարածքում 9 ռումբ է ընկել, որից մեկը՝ սենյակի մեջ: Նրա ընտանիքը Սոթք է տեղափոխվել Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ հայկական գյուղից: Ինչպես Սոթքում, այնպես էլ Վարդենիսի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում հաստատվել են հայեր Ադրբեջանի գյուղական շրջաններից:
«Պետք է վերականգնել ավերված և վնասված տները, որպեսզի մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Մեծ ուշադրություն պետք է դարձնել, որ մարդկանց հույսը չկտրվի: Հույսը կտրվեց, մարդ չի մնա այստեղ»,- ասում է Աթայանը:
Սեպտեմբերի 13-ի ագրեսիան Սոթքի բնակիչների համար հույսեր չի թողել, որ առաջիկայում կհաստատվի խաղաղություն: Շատ ավելի ծանր է այն ընտանիքների վիճակը, ովքեր սեպտեմբերյան դեպքերի ընթացքում մարդկային կորուստներ են ունեցել:
Պայմանագրային զինծառայող, 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը մնացել է հայ-ադրբեջանական միջդիրքային տարածքում: Ընտանիքի անդամները տեսահսկող տարբեր սարքերով կարողացել են տեսնել, թե ինչպես է Շիրազի մարմինը ոսկրացել, ապա ծածկվել ձյան սպիտակ շերտով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը և միջազգային կազմակերպությունները ռիսկային են համարում Շիրազի մարմնին մոտենալը, քանի որ ադրբեջանական կողմից կրակում են:
Շիրազի ընտանիքը դեռ հույս ունի, որ կհաջողվի հողին հանձնել նրա մարմինը։ Մանկահասակ երկու երեխաները շարունակաում են սպասել հայրիկի վերադարձին:
Հոդվածը պատրաստվել է «2020 թվականի պատերազմից հետո փոխըմբռնման վերականգնում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Հայաստան-Ադրբեջան նոր սահման