Հայաստանում քրեական գործ է հարուցվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու առթիվ
Հայաստանում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը մայիսի 12-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից երկու օր առաջ իշխող «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի մոտ տեսել էր, թե ինչպես են 20 հազար ՀՀ դրամ ու քվեարկած թերթիկներ բաժանում:
Լրագրողը, կայքի փոխանցմամբ, սկսել էր տեսանկարահանել գործընթացը, բայց «թաղի լավ տղաները» բռնությամբ նրանից խլել էին հեռախոսն ու ջնջել ամբողջ պարունակությունը, այդ թվում՝ այդ պահին արված տեսագրությունները: Աննա Զախարյանին հեռախոսը վերադարձրել են միայն այն ժամանակ, երբ անձեռոցիկով մաքրել են հեռախոսի վրա թողնված մատնահետքերը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ:
Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ լրագրողի հեռախոսում, այնուամենայնիվ, պահպանվել է տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև: