Հայաստանում ամփոփում են վարչապետի մեկ տարվա գործունեությունը
Լրացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Հայաստանի 14-րդ վարչապետի ղեկավարած կառավարության աշխատանքի մասին արտահայտվել են փորձագետներն ու քաղաքական գործիչները:
Պաշտոնը ստանձնելիս, Կարեն Կարապետյանը կարևորում էր հետևյալ քայլերը. ներդրումների ակտիվացում, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական աճի ապահովում: Փորձագետներն արձանագրում են. ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ստեղծվել է, մյուս հարցերով մեծ նվաճումներ դեռ չկան:
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց 2016թ.-ի սեպտեմբերի 13-ին, և JAMnews-ը հրապարակեց «Հուսադրող վարչապետ» հոդվածը, ուր փաստում էր. առաջին անգամ Հայաստանում կառավաության ղեկավարին ընդունեցին բոլոր քաղաքական ուժերը, թեև սպասումները նրանից տարբեր էին:
Այժմ այն մասին, թե որքանով արդարացան Հայաստանում վարչապետ Կարապետյանի հետ կապվող սպասելիքները:
Ընդդիմադիրներ ուժերը նկատել են, որԿարապետյանի «տնտեսության մեջ դրայվ մտցնելու» խոստումը չի իրականացել: «Դրայվից միայն ժպիտը մնաց և Կարեն Կարապետյանի կառավարության մյուս անդամների գեղեցիկ կոստյումները մնացին: Այս մեկ տարվա ընթացքում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չունեցավ: Վստահ եմ՝ ոչ մի քաղաքացի իր կաշվի վրա չի զգում որևէ դրական տեղաշարժ»,- ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Պատգամավորը նշել է, որ Կարեն Կարապետյանը խոստացել էր 835 միլիոն դոլարի ներդրում, բայց իրականացվեց միայն դրա 45 տոկոսը, ինչը նշանակում է, որ տնտեսության մեջ աշխուժացում այդպես էլ տեղի չունեցավ:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով, չկա որևէ բնագավառ, որտեղ լուրջ ճեղքում առաջացած լինի: Հակառակը, կան բնագավառներ, որտեղ անկում է գրանցվել: Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսության և շինարարության մասին է:
Ըստ Մանասերյանի, եղել են նաև ոլորտներ, որտեղ գրանցվել է աճ, բայց դրանք որևէ կերպ չեն բարելավել բնակիչների սոցիալական վիճակը:
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը դրական է գնահատել Կարեն Կարապետյանի աշխատանքը: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, նկատվում է նաև արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զարգացում է նկատվում զբոսաշրջության ոլորտում: «Մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Անձամբ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով քննադատություններին, նշել է, որ Հայաստանում 2017թ.-ին գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են: Միաժամանակ վարչապետն ասել է, որ իրենք մեկ տարվա ընթացքում չէին կարող բոլոր քաղաքացիների խնդիրները լուծել: «Բայց թրենդը՝ ոնց ենք գնում, կարծում եմ, որ այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»,- նշել է Կարապետյանը:
Քաղաքական տեխնոլոգներն էլ փաստում են, որ վարչապետը բավական դրական տպավորություն թողեց ժողովրդի շրջանում անցած մեկ տարվա ընթացքում՝ իր կեցվածքով: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը բացատրում է դա նրանով, որ վարչապետի գործունեության մեջ շոուի էլեմենտներ կան. նա ավելի պարզ բառապաշարով է խոսում՝ ժողովրդական լեզվով, իրեն ազատ է պահում, մոտորանավակ է վարում, հարվածային գործիքների վրա է նվագում: