«Մոլորվե՞լ են»․ Հայաստանում ադրբեջանցի զինծառայողներ են հայտնվել
Հայաստանում ադրբեջանցի զինծառայողի են ձերբակալել
«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող»,- հաղորդում է պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նա հայտնել է, որ իր հետ ևս մեկ զինծառայող է եղել։ Վերջինիս որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այլ պաշտոնական տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի [սահմանակից է Հայաստանին] ուղղությամբ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում մոլորվել են» ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ։
Մինչ այս պահը հաղորդված տեղեկությունները, մեկնաբանություններ սոցցանցերից
«Հագել է տանտիրոջ բաճկոնն ու դուրս եկել գյուղամեջ»
Ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերմանն ու ձերբակալմանը դեռևս անդրադարձել է միայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը կարճ հաղորդագրություն է հրապարակել՝ առանց մանրամասների։ Մանրամասներ են հաղորդել տեղացիները։
Սիսիան համայնքի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են եղել, դեռ միայն մեկն է հայտնաբերվել։ Արմեն Հակոբջանյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողին գտել են Աշոտավան գյուղում, նա եղել է քաղաքացիական հագուստով։ Բնունիս համայնքի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը, միայն վստահեցրել է, որ գյուղում ամեն ինչ նորմալ է, «խուճապ չկա»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սիսիանի բնակիչներից մեկը պատմել է, որ հայտնաբերված ադրբեջանցին մտել է գյուղի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել գյուղամեջ։ Ըստ աղբյուրի` տանտիկինը կարծել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել․
«Շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել»։
Զրուցակիցը նշել է, որ ինքն էլ է ուրիշներից լսել պատմությունը, որի համաձայն՝ ադրբեջանցին գյուղի խանութի մոտ է եղել, հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ հայ չէ։ Զանգահարել են Ազգային անվտանգության ծառայություն։
«Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշել է բնակիչը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Զարմանալու բան չկա, վաղն էլ մեր տները կմտնեն։ Ոչ ոք ապահովագրված չէ»։
«Դիվերսանտները երբվանի՞ց են մոլորվում»։
«Եսիմ մոլորվե՞լ են, թե՞ եկել են մոլորեցնելու»։
«Նվերներով կճանապարհեք, հանկարծ մեր մասին վատ չմտածեն։ Խնամք և հարգանք կդրսևորեք»։
«Գերի վերցրեք այդ ադրբեջանական սրիկա դիվերսանտին և փոխանակեք մեր հայ գերիների հետ, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում»։
«Թող Հայաստանի իշխանությանը չհանձնեին, թե չէ բանտիկը վզին կապած հանդիսավոր վերադարձնելու են թուրքերին։ Թող տեղը հայ գերի պահանջեին։ Մնում է ժողովուրդը ինքնագործունեության անցնի»։
«Գյուղերի ժողովրդին կաթվածահար արեցին։ Ով ուզում, երբ ուզում, մտնում է, ինչքան ուզում են, դիրքերը առաջ են տալիս։ Նիկոլն էլ ասում է՝ էսկալացիա չենք ուզում, հո դուք ապուշ չե՞ք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանում ադրբեջանցի զինծառայողի են ձերբակալել